Լրահոս
Օրվա լրահոսը

Այս մարդկանց երկակի խաղերի հետեւանքով հազարավոր զոհեր ունեցանք, բայց իրենք եկել՝ այսօր այլ մեղավորներ են նշանակում. Մետաքսե Հակոբյան. «Հրապարակ»

Հոկտեմբեր 11,2023 10:58

Արցախի հայաթափման ու կազմալուծման պատասխանատվությունն Հայաստանի իշխանությունները գցում են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի վրա, ով Արցախի դեմ սանձազերծված պատերազմից ընդամենը 17 օր առաջ էր ընտրվել նախագահ: ՔՊ-ականները` իրենց առաջնորդի հետ միասին, մեղավոր են հռչակել նաեւ Ս. Շահրամանյանին այդ պաշտոնում ընտրողներին, անգամ՝ շնորհավորողներին։ Եվ, առհասարակ` ինչպես Հայաստանում են փորձում կատարված իրադարձությունների մեղքը դնել ՀՀ նախկին իշխանությունների, անգամ 2008-ին իշխանությունից հեռացած Ռոբերտ Քոչարյանի, այնպես էլ` Արցախի նախկին ու ներկա իշխանավորների վրա: Մի խոսքով` բոլորը մեղավոր են, բացի Նիկոլ Փաշինյանից: Այս առնչությամբ մենք մի քանի հարց ուղղեցինք Արցախի խորհրդարանի պատգամավոր, «Արդարություն» ընդդիմադիր խմբակցության անդամ, Նիկոլ Փաշինյանին քննադատող Մետաքսե Հակոբյանին, որն այժմ Հայաստանում է` մեծ դժվարությամբ բնակարան է վարձել եւ ապրում է Երեւանում:

Դուք տեսնո՞ւմ եք Ձեր մեղքի բաժինը` իբրեւ Արցախի վերջին նախագահին ընտրած պատգամավոր։

– Դա իրենց նոր թեզն է, որ հորինեցին ու մատուցում են ժողովրդին: Իրենք այդ թեզերի՝ նախկիններին մեղադրելու եւ այլնի շնորհիվ է, որ առայսօր կան: Իրենց ներկայացմամբ՝ ամեն ինչում բոլորը պատասխանատու եւ մեղավոր են, իրենք՝ անմեղ: Իսկ իրականում՝ հրեշտակի կեցվածքով, կեղեքում են ժողովրդին։ Մենք ո՛չ զարմանում ենք, ո՛չ զայրանում ենք, արդեն մեզ համար սովորական են դարձել այդ կեղծ թեզերը, բացի այդ, կարծում եմ՝ բոլորին է պարզ այն, ինչ տեղի ունեցավ Արցախում: Սա այս իշխանությունների պարտված լինելու հետեւանքն է, սա ոչ թե նոր պարտություն էր, այլ հետեւանքն էր գլխավոր պարտության եւ այն հանգամանքի, որ պարտվողներն այդպես էլ չհեռացան եւ իրենց պարտվողական քաղաքականությունը շարունակեցին: Արդեն կարեւոր էլ չէ, թե այս իրավիճակը կանխամտածված պայմանավորվածության հետեւա՞նքն է, թե՞ պարտության, սա զուտ հետեւանք էր, եւ իրենք էլ իրենց ոճում ոչ թե մեղավորներ են փնտրում, այլ նշանակում են մեղավորներ։ Բայց այս պարագայում ցածր մակարդակի նշանակումներ են, առանց հիմնավորումների: Ռազմական տեխնիկայի եւ մարդուժի կուտակումներն այնքան մեծամասշտաբ էին, ի վերջո, հայտնի դեպքերից առաջ էլ կային` թե՛ ՀՀ, թե՛ Արցախի սահմանային երկայնքով, ոչ թե վերջին իրողություններից հետո։ Իրենք լռում էին, ոչինչ չէին անում, որովհետեւ նպատակ ունեին Երեւանի քաղաքապետի պաշտոնը գրավել։

Նիկոլ Փաշինյանն ԱԺում օրեր առաջ խոստովանեց, որ հենց ինքն է ցանկացել Ղարաբաղի կարգավիճակի հարցով նշաձողն իջեցնել՝ «Լեռնային Ղարաբաղի գործընկերների հետ համաձայնեցված ձեւով»։ Բայց փոխարենը, իր խոսքով, Լեռնային Ղարաբաղը` ի դեմս նոր իշխանությունների, բարձրացրել է այդ նշաձողը, ինչն էլ հանգեցրեց կապիտուլյացիայի։

– Նիկոլ Փաշինյանի ամենաբնորոշ հատկանիշներից մեկը սուտ խոսելն է: Այն, որ Արցախում որեւէ մեկն իր հետ համաձայն չի եղել, արձանագրված փաստ է: Նշաձողի վերաբերյալ կոշտ հայտարարություններով հանդես եկան թե՛ ԱՀ ԱԺ-ն, թե՛ այն ժամանակվա նախագահ Արայիկ Հարությունյանը, ուստի իր ասածը բացահայտ կեղծիք է, իսկ մենք արդեն հաշիվը կորցրել ենք իր ստերի, քանի որ ինքն օրվա մեջ մի քանի անգամ դրանով է զբաղված։ Ինչ վերաբերում է նշաձողն իջեցնելու բովանդակային մասին, ապա հետադարձ հայացք գցելով՝ հիմա մենք էլ կարող ենք ասել, որ 44-օրյա պատերազմը չկանգնեց հոկտեմբերի 19-ին` այն պատճառով, որ գուցե պայմանավորվածություններ կային Ադրբեջանի հետ, որոնց արդյունքում Արցախը պետք է ամբողջությամբ դատարկվեր եւ հանձնվեր, փաստ՝ Մարտունու այն ժամանակվա չհանձնվելը, որը նույն ծրագրով էր, ինչ Հադրութի հանձնումը, ուստի կիսատ էր մնացել ծրագիրը։ Իսկ ինքը նման հայտարարություններով, խոսելով մեր ինքնորոշման իրավունքը չճանաչելու, նշաձողն իջեցնելու մասին, պարզապես ուզում էր կիսատ թողածի շարունակությունն արագացնել, արագ հանձնել Արցախը։ Ցավոք, անկեղծ չխոսեց այդ մասին: Մի քանի տարի առաջ ասել եմ ու հիմա էլ կրկնում եմ, որ հայրենիք կորցնելն անդառնալի չէ, ի վերջո, մի օր կարող ես վերադարձնել, բայց զոհերին հետ բերելն այլեւս հնարավոր չէ։ Այս մարդկանց երկակի խաղերի հետեւանքով մենք հազարավոր զոհեր ունեցանք, բայց իրենք եկել՝ այսօր այլ մեղավորներ են նշանակում։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031