Հանրային խորհրդի նախկին նախագահ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան էջում մի քանի գրառումներով անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցին Հանրային հեռուստաընկերությանը։
Չտրվելով անհիմն լավատեսությանը ու էմոցիոնալ հոռետեսությանը, նախնական ինչ եմ հասկանում Նիկոլ Փաշինյանի հարցազրույցից.
1.Բրյուսելյան հանդիպումը թեսթ է՝ արդյոք Ադրբեջանը կստորագրի նրա տակ, ինչ Գրանադայում քառյակն է ստորագրել, ու այն, ինչը Շառլ Միշելի ներկայությամբ Ալիևը որպես դիրքորոշում քննարկել է մայիսի 14-ին, հունիսի 15-ին, թե ոչ։ Ադրբեջանի վերջին ասածն այն է, որ Մակրոնին չի սիրում։ Բայց չի ասել, թե ետ է կանգնում համաձայնեցված սկզբունքներից՝ Ալմա Աթիի պայմանագրի վերահաստատում և Հայաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունների թվային արտահայտությամբ ճանաչում, այսինքն` որ Ադրբեջանը Հայաստանի, Իրանի նկատմամբ հարձակվելու մտադրություններ չունի, դեմարկացիա կողմերին տրված 1975թ. քարտեզի սահմանագծով, այսինքն` կոնկրետ գծի ֆիքսում, որ Ադրբեջանի մոտ լողալու տեղ չլինի, ճանապարհների ապաշրջափակման պարտավորություն ինքնիշխանության, իրավազորության, հավասարության ու փոխադարձության սկզբունքների պահպանումով։
2.Դժվար չէ նկատել, որ այս բոլորը ուղղված է Հայաստանի դեմ նոր պատերազմը կանխելուն, ու Ալիևի «մահանա-փաստարկները» ականազերծելուն։ Ալիևը տարբեր պատրվակներով ձգձգում է դա անելը՝ գնալով դեպի X պահը, Հայաստանը ճիշտ հակառակը՝ փորձում է բոլոր վիճելի, պայթյունավտանգ հարցերը լուծել’ Ալիևին զրկելով պատերազմի առիթից («8 գյուղեր», «անկլավներ», «միջանցք») ըստ որում՝ դրանց «գույքագրման» հետ մեկտեղ դիտարկելով ամենատարբեր լուծումներն ու փորձելով գործընթացները տանել դեպի գետնի վրա իրատեսական լուծումները (օրինակ, «անկլավների փոխանակում» ինչպես որ կա, դեմարկացիայի դեպքում՝ բելառուս-լիտվական կամ հայ-վրացական օրինակը, իսկ կոմունիկացիայի դեպքում՝ հայ-վրացական օրինակը։ Քառակողմ հայտարարությունը ցույց է տալիս, որ ԵՄ և Հայաստանի դիրքորոշումները կոնսոլիդացված են բազային սկզբունքների շուրջ։ Մնում է Ադրբեջանի ստորագրությունը դրա տակ։ Եթե Ալիևը Բրյուսելից էլ խուսափեց, նշանակում է պայթյունավտանգ խնդիրները մնալու են չլուծված ու պատերազմ պետք է սպասել ամեն պահի, իսկ Հայաստանը պետք է լուրջ որոշումներ ընդունի անվտանգային հարցերով..
Կարդացեք նաև
3.Եթե պատերազմ, ուրեմն Թուրքիա, Ռուսաստան, Իրան։ Այդտեղ Հայաստանի միակ կիսադաշնակիցն ընդդեմ պատերազմի Իրանն է, որի տարածքում նշանակված է 3+3-ի հանդիպումը։ Վստահ չի կարելի պնդել, որ այն կկայանա, բայց եթե կայանա Հայաստանը մասնակցելու է’ ապացուցելու համար (Իրանին), որ ինքը արտաքին ուժերին չի ապավինում։ Թերևս հենց հայ-ամերիկյան զորախաղերից մտահոգված՝ Իրան այցելելու նախաշեմին էլ ասվում է, որ Հայաստանի կողմից վեկտորի, այն է՝ տարածաշրջանում գեոպոլիտիկ փոփոխություն չի լինի, որպեսզի Իրանը չփոխի դիրքորոշում ու միանա Հայաստանին պատժել ցանկացողների ճամբարին։ Սա նշանակում է, որ վերջին շրջանում Իրանի հետ զրույցները թեթևներից չեն։ Հետևաբար, Իրանին հանգստացվում է, որ դրա նախաձեռնողը Հայաստանը չի լինի կամ չէ… Միաժամանակ պատասխանվում է Ռուսաստանի մեղադրանքներին, հասկացնելով, որ այդպես չեն թողնի, որ Հայաստանին պատժելու պատասխանատվությունը բարդվի Երևանի «նախահարձակ, չմտածված» որոշումների վրա։ Միաժամանակ հիշեցվում է 2018-ին Պուտինի հետ պայմանը՝ հարգել միմյանց ինքնիշխան որոշումները։ Եթե ոչ’ այդ դեպքում կողմերն ազատ են ապահարզան տալ… Պատերազմի ռիսկից խուսափելու ու ռուսական ավանդական խասյաթը իմանալով է, որ տեսանելիորեն գիտակցվում է Արցախից ռուս կոնտինգենտի դուրս գալուց բխող վտանգները… Դրա համար զգուշավորությունը շատ տեսանելի է, իմանալով թե ինչպես է այդ տրագեդիան ավարտվում հայ ժողովրդի համար… Իսկ Արցախի շահրամանյանական լուծարման ժամանակային վերջակետը հունվարի 1-ն է, ռուս խաղաղապահների հավաքվելու ժամկետն էլ քննարկվում է..
Լավ էսպես ասեմ. հայտարարում էր, որ ՀԱՊԿ-ից դուրս է գալիս, ռուսները 102-րդ բազան հանում են, վեկտորը փոխում ենք, ՆԱՏՕ-ն գալիս է Հայաստան ու գնում էր Թեհրա՞ն։
Լո՞ւրջ։
ՆԱՏՕ-ն էլ հաստատ չի գալիս, ասեմ, իմացեք, եթե տեղյակ չեք….
Հա, ու եթե ասում է՝ վեկտոր չի փոխվում, նշանակում է Հայաստանի անվտանգության երաշխիքների հարցը բաց է… Դեռ… ԱՄՆ, Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա վրա դառած Իսրայել չեն կարողանում պաշտպանել… Լիբանանից հետո Սիրիան է մարտի նետվել…
Ու մեկ էլ՝ նկատե՞լ եք կուրս փոխելու ու բալանս փոխվելու զրույցների ֆոնին ինչպես է փոխվել Իրանի դիրքորոշումը։
Նախկինում ասում էր՝ «տարածաշրջանի քաղաքական քարտեզի ու սահմանների փոփոխությունը կարմիր գիծ է», վերջերս ասում է՝ «տարածաշրջանում աշխարհաքաղաքական բալանսի փոփոխությունը կարմիր գիծ է»… Առաջինում Հայաստանը կար, իսկ վերջինում պարտադիր չէ, որ լինի…
Մեկ էլ՝ ոմանց սխալն ու հիասթափությունը գալիս է նրանից, որ Փաշինյանին համարել ու համարում են արևմտամետ…
Նա դասական «ոչ ոչ» գծի ներկայացուցիչ է եղել և մնում։ Մի հուշում անեմ՝ կարդացեք իր քաղաքական դիմագծի մասին իմ 2010-11-ի հոդվածները։ Եթե որևէ բան նրան դարձնի արևմտամետ, ապա միայն Ռուսաստանի վարած հակահայ քաղաքականությունը…
Այ, դրա համար էլ ես իրենից ձեր նման չեմ զարմանում։ Կոնկրետ իմ կոնսենսուսը իր հետ կառուցված է եղել երեք խնդրի վրա’ Արցախ, ինքնիշխանություն, ժողովրդավարություն, իսկ մնացած հարցում տարաձայնություններ լիքը կան։
Այո, առաջինը չկարողացավ պահել, բայց խոշոր առումով, անկախ բոլոր սխալներից, չէր էլ կարողանալու… Որովհետև այս մեծ ուժերի մեջ թե նա, թե մեկ ուրիշը անզոր էր լինելու, ստացած ժառանգությունն էլ վրադիր.. Մյուսներում էլ դեհ՝ պետք է անել այն, ինչ մեզանից կախված է պետություն, ժողովրդավարություն ինքնիշխանություն պահելու համար…