Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Գեւորգյան․ Բավականին տարօրինակ է, որ Ադրբեջանի ներկայացուցիչը զեկույց է ներկայացնում մարդու իրավունքների և ժողովրդավարական կառավարման վերաբերյալ

Հոկտեմբեր 11,2023 09:25

ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում «Աջ ծայրահեղական գաղափարախոսության մարտահրավերը ժողովրդավարությանը և մարդու իրավունքներին Եվրոպայում» թեմայով քննարկման ժամանակ

Այս զեկույցը ներկայացնում է մի երկրի իշխող կուսակցության անդամ, որը նոր է Լեռնային Ղարաբաղում բնիկ հայ բնակչության նկատմամբ ամբողջական էթնիկ զտում իրականացրել: Բավականին տարօրինակ է, որ Ադրբեջանի ներկայացուցիչը զեկույց է ներկայացնում մարդու իրավունքների և ժողովրդավարական կառավարման վերաբերյալ։

Աջ ծայրահեղական գաղափարախոսությունները հիմնականում ազգայնական, այլատյաց, ռազմատենչ և ավտորիտար տրամադրություններից են կազմված: Այս ամենը տասնամյակներ շարունակ առկա է Ադրբեջանում ։ Լեռնային Ղարաբաղում վերջին էթնիկ զտումները միայն հայերի մտահոգության հարցը չեն։ Նման նախադեպերի ստեղծումը պատերազմական ագրեսիայի խթան կհանդիսանա բնական գազի և նավթի մեծ պաշարներ տնօրինող բազմաթիվ այլ բռնապետությունների համար և կնպաստի աջ ծայրահեղական գաղափարախոսության մոտեցումներին։

Այսօր Ադրբեջանն անօրինական և անբարո կերպով գերության մեջ է պահում մեծ թվով հայերի։ Նրանց թվում մարդիկ են, ովքեր անցած 25 տարիների ընթացքում ընտրվել են ժողովրդավարական ընտրություններում և որպես իրենց ժողովրդի օրինական ներկայացուցիչներ՝ առաջնորդել են նրան հանուն ազատության և ինքնորոշման։ Ի հակադրություն դրա՝ Ադրբեջանում ուղիղ 30 տարի է՝ նույն ընտանիքն է իշխում։ Արդյո՞ք սա աջ ծայրահեղական գաղափարախոսության ձև է, թե՞ ժողովրդավարության նոր տեսակ, որը սնուցվել է Եվրոպայի խորհրդի հովանու ներքո:

Գործընկերնե’ր,

Այս վեհաժողովի ղեկավարությունը 2022 թվականի ապրիլին ստացել է իմ համահեղինակած զեկույցը, որը վերնագրված էր «Կրոնի ռազմականացումը և ներունակ հետևանքները եվրոպական ժողովրդավարական անվտանգության համար»: Զեկույցը պատրաստվել էր, որպեսզի վեհաժողովին ապացույցներ և ընդհանուր պատկերացում տրվեին Ադրբեջանի ու Թուրքիայի կառավարությունների կողմից ձևավորված պետական պրակտիկայի որոշ դրսևորումների վերաբերյալ, որոնք ուղղված են ռասայական և կրոնական հողի վրա հայերի նկատմամբ մարդու իրավունքների ոտնահարմանը, ինչպես նաև՝ Հայաստանի, հայերի և ընդհանրապես եվրոպական երկրների դեմ մահմեդական հասարակություններին մոբիլիզացնելու փորձերին։ Այն վճռականորեն ցույց տվեց, որ այդ երկրների կառավարությունները դավադրաբար չարաշահել են եվրոպական լիբերալ օրենքներն ու արժեքները և ժամանակավոր «սողանցքներով» համարձակվել են հակասություններ ստեղծել Եվրոպայի ներսում և Եվրոպայի դեմ: Հիմնական նպատակը, իմ կարծիքով, եղել և շարունակում է մնալ Եվրոպայում համերաշխության նոր ձևերի ստեղծումը՝ որպես սակարկության առարկա եվրոպական պետությունների հետ հարաբերություններում։ Եվրոպայում թյուրքական սփյուռքի կառույցներն ակտիվորեն օգտագործելու այս ջանքերը ոչ այլ ինչ են, քան բազմամշակութային եվրոպական հասարակություններում կրոնով զինվելու փորձեր, ինչը կարող է վտանգել եվրոպական անվտանգությունը:

Ամփոփելով խոսքս՝ պետք է ասեմ, որ աջ ծայրահեղական արմատականության տարածումը կասեցնելու համար Եվրոպայի խորհուրդը պետք է ինքնամաքրման և ավտորիտար պետությունների անդամակցությունը կասեցնելու խիստ կարևոր տնային աշխատանք կատարի ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031