Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ադրբեջանի նախագահի առաջարկին՝ Վրաստանում հանդիպում անցկացնելու մասին։ Ալիեւը Վրաստան կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ Բաքուն պատրաստ է Վրաստանում բանակցություններ վարել Հայաստանի ներկայացուցիչների հետ, սակայն դրա համար պետք է Երեւանի համաձայնությունը։
«Հիմա մենք քննարկում ենք Բրյուսելում հանդիպում անցկացնելու հարցը, եւ երբ Ադրբեջանը փորձ է անում այլ հարթակ առաջարկել, դա կարող է մեզ մոտ մեկնաբանվել, որ Ադրբեջանն այլ հարթակ տեղափոխելով՝ ուզում է արդեն իսկ պայմանավորված սկզբունքները չեզոքացնել։ Մենք ասում ենք՝ եկեք սկզբունքները ֆիքսենք, այդ սկզբունքների տակ ստորագրենք, այսինքն՝ պարզ լինի, թե մենք ինչ շրջանակում ենք խոսում եւ որն է լինելու մեր խոսակցության արդյունքը, որ կարողանանք բանակցելու բան ունենալ։ Բայց երբ մենք այլ հարթակ ենք առաջարկում, տպավորություն է, որ առաջարկում ենք այդ սկզբունքները դուրս մղել, եւ մտավախությունները, թե կարող է այդ գործընթացի թաքնված պլանը լինել այն, որ պրոցես տանեն, որը կավարտվի ուժի գործադրմամբ, նոր պատերազմով, խորանում են։ Մենք դեմ չենք որեւէ խոսակցության, բայց մենք դեմ ենք այն տրամաբանությանը, որը մեզ դուրս կբերի արդեն իսկ պայմանավորված սկզբունքների շրջանակից»,- ասաց Փաշինյանը։
Անդրադառնալով «3+3» ձեւաչափով հանդիպումների առաջարկներին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պատրաստ են այդ ձեւաչափով հանդիպումներին մասնակցել։ «Երբ տեղի է ունեցել 3+3-ի հիմնադիր հանդիպումը, այնտեղ նաեւ որոշակի սկզբունքների վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել, եւ մենք պատրաստ ենք այդ ֆորմատում շարունակել աշխատանքը։ Նաեւ ասեմ, որ կարեւորում ենք այդ ֆորմատը։ Նաեւ ժամանակին ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ 3+3 ձեւաչափի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թեհրանում, եւ մենք պատրաստ ենք մասնակցել»,- հավելեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ