Լրահոս
Օրվա լրահոսը

Անհրաժեշտ է նոր աշխարհակարգի հաշվարկ

Հոկտեմբեր 11,2023 10:00

1998 թվականին ես հարցազրույց էի վերցնում մեր անվանի սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանից: Հարցերիցս մեկը հետեւյալն էր՝ արդյոք կարո՞ղ է Երրորդ համաշխարհային պատերազմ սկսվել: Գիտնականի պատասխանը հետաքրքիր էր՝ այդ պատերազմն արդեն տեղի է ունեցել եւ ավարտվել է Խորհրդային Միության փլուզմամբ:

Եթե սոցիոլոգի վարկածը ճիշտ է, ապա այժմ ընթանում է 4-րդ համաշխարհային պատերազմը, որտեղ, մասնավորապես, նախորդ պատերազմում պարտված Խորհրդային Միության ժառանգորդ Ռուսաստանը ձգտում է ռեւանշի: (Այնպես, ինչպես «վերսալյան համակարգից» դժգոհ Գերմանիան 1930-ականներին «ծնկներից բարձրանալու» ձգտում ուներ): Այս՝ ընթացող պատերազմը, կարծում եմ, նույնքան տեկտոնիկ փոփոխությունների կբերի, որքան 1990- ականների սկզբին ավարտվածը:

Իհարկե, այս պատերազմում կան որոշակի առանձնահատկություններ՝ մասնավորապես, մեծացել է տեխնոլոգիաների, վիրտուալ ոլորտի եւ քարոզչության դերը, ինչը երբեմն առիթ է տալիս օգտագործելու «հիբրիդային» մակդիրը: Բայց «ավանդական»՝ զուտ ռազմական բաղադրիչը նույնպես առկա է: Եվ, վախենամ, Ադրբեջանի (Թուրքիայի), եւ Ռուսաստանի ագրեսիայով, ինչպես նաեւ «Համաս»-Իսրայել բախումներով ամեն ինչ չի ավարտվի:

Նախորդ համաշխարհային կատակլիզմներից մենք շահող դուրս եկանք՝ ունեցանք անկախ պետություն, ազատագրեցինք Արցախը: Դրան նպաստող գործոններն իհարկե, շատ էին: Բայց պետք չի թերագնահատել նաեւ այն ժամանակվա Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը: Տեր-Պետրոսյանն ու իր թիմը ճիշտ էին հաշվարկել, թե բոլոր վայրիվերումների արդյունքում ինչպիսի աշխարհակարգ է ստեղծվելու եւ դրա վրա ռազմավարություն էին կառուցել:

Այսօրվա «տուրբուլենտ» վիճակում (եթե անգամ դա պատերազմ չանվանենք) մենք պարտվեցինք՝ կորցրեցինք Արցախը եւ մահացու վտանգի տակ դրեցինք հայկական պետականությունը: Եվ դարձյալ ուշադրություն դարձնենք «տեղական գործոնի» վրա:

Նախ՝ եթե ծաղկաքաղ անենք Փաշինյանի ասածներից վերջին հինգ տարիների ընթացքում, ապա իսկապես կնկատենք դիրքորոշումների 180 աստիճանանոց փոփոխություններ:

Երկրորդ՝ այսօր Հայաստանի ղեկավարության հաշվարկն այն է, որ Ռուսաստանը կա՛մ ամբողջությամբ կործանվելու է եւ մասնատվելու, կա՛մ առնվազն այնքան է թուլանալու, որ չի կարողանալու զբաղվել Հարավային Կովկասով: Նախ՝ վստահ չեմ, որ նոր աշխարհակարգի այս տեսլականը ճիշտ է՝ չնայած պարզ է, որ Պուտինի քաղաքականությունը մեծ վնաս է հասցնում այդ երկրին: Բայց, եթե նույնիսկ ճիշտ է, ապա վեկտորի փոփոխությունը մի քանի ամսվա գործ չի: Դա պահանջում է երկարատեւ եւ նուրբ աշխատանք: Ցանկալի է՝ առանց պարանոյիկ եւ հիստերիկ դրսեւորումների:

Իր վերջին հարցազրույցում Փաշինյանն ասաց, որ ոչ մի վեկտոր չի փոխում: Դա խիստ հակասության մեջ է մտնում իր, ԱԽ քարտուղարի, ՔՊ-ականների եւ մերձիշխանական «արեւմտամետ» շրջանակաների հայտարարությունների հետ: Խնդիրը հենց դա է՝ խոսքը րոպեն մեկ փոխելը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Բուրգի ստորոտում կեցությունն է որոշում գիտակցութունը, այստեղ ռազմավարություն չկա, գոյության կռվում միայն ամենօրյա գոյությունը պահպանելու մարտավարություն է, իսկ ընտանիքում լավագույն մարտավարը՝ ընտանիքի մայրն է եւ ամենադաժան ժամանակներում ընտանիքում արդյունավետ է մայրիշխանությունը: Իսկ ի՞նչն է բերում ամենադաժան ժամանակներին՝ ռազմավարության բացակայությունը, ընտանիքի կառավարման ռազմավարությունը ընտանիքի հորն է նախատեսված, որովհետեւ տղամարդը ժամանակի մեջ հեռուն ավելի լավ է տեսնում, քան մոտիկը, իսկ կինը՝ հակառակը, կինը օրվա խնդիրներն ավելի լավ է լուծում ու հեռահար խնդիրները իրենը չեն եւ դա բնական է: Այսպիսով, կինն ու տղամարդը իրար լրացնում են եւ ոչ թե փոխարինում: Բայց որտեղի՞ց են հայտնվում դաժան ժամանակները՝ ինչո՞ւ տղամարդը լավ չի կատարում իր առաքելությունը: Տղամարդու համար գիտակցությունն է որոշում կեցությունը, ի տարբերություն կնոջ առաքելության եւ եթե կինն իր մայրիշանությունը տարածում է նաեւ իր տղամարդու վրա եւ տղամարդն էլ դա ընդունում է, վերջ, տղամարդը դառնում է պոլի շոր եւ այլեւս ռազմավարությամբ չի զբաղվում: Խելոք կինը իր տղամարդուն որպես տղամարդ աստվածացնում է, եթե նույնիսկ կինը տղամարդուց հազար անգամ շնորհքով է, իսկ խելոք տղամարդն էլ աստվածացնում է իր կնոջը՝ կին լինելու համար, բայց ոչ կինը պետք է տղամարդու գործ անի, ոչ էլ տղամարդը՝ կնոջ:
    Նոր Աշխարհակարգը պետք է սկսվի Նոր Ընտանիքից, իսկ ապագայի բոլոր կենտրոնացված կառույցները պետք է ծառայեն Նոր Ընտանիքին եւ լինեն Նոր Ընտանիքի նման, այսինքն՝ բոլոր կենտրոնացված կառույցներում պետք է լինի տղամարդկանցից բաղկացած Ռազմավարական խորհուրդ եւ կանանցից բաղկացած Մարտավարական խորհուրդ: Իսկ երեխաներին Նոր Ընտանիքում պետք է կրթել ու դաստիարակել որպես ապագա Ռազմավար ստրատեգ իմաստով՝ տղաներին եւ աղջիկներին՝ մարտավար տակտիկ իմաստով, այսինքն՝ դաստիարակել եւ կրթել որպես ապագա ընտանիքի հայր եւ մայր: Մշակենք Նոր Ընտանիքի դոկտրինը:

  2. Հ.Շ. says:

    Ռուսաստանը, Հայաստանի – եւ հետեւաբար Արցախի – նկատմամբ, ոչ ուղղակի կերպով ոչ էլ իր այդ ՀԱՊԿին միջոցաւ, դաշնակիցի իր ամէնաէական պարտաւորութիւնները դրժեց, շարունակաբար չկատարեց, անցեալ հինգ տարիների ընթացքին:

    Եթէ զանոնք կատարէր, Փաշինյանը այսպէս, այս աստիճան կը դառնա՞ր՝ դէպի Արեւմուտք: Ինչ որ ես դիտեցի այս հինգ տարիների ընթացքին, համոզուած եմ որ, ոչ:

    Այստեղ է որ տարբեր տեսակի հակափաշինյանիսթ մը – որմէ առա՛ջ, վստահաբար ես արդէն հակափաշինյանիսթ էի -, պիտի առակէ թէ, հա, Ռուսաստանը լքեց Հայաստանը եւ Արցախը, Փաշինյանի պատճառով:

    Եթէ այդ է, այդքան է միայն Ռուսաստանի պետական խելքը, ուրեմն արդէն ընդմիշտ անիմաստ էր այդ աստիճան յոյսեր կապել դրա հետ:

    Իսկ հիմա Ռուսաստանի զուր ջանքերը՝ իր զարհուրելի թերացումներուն համար յանցանքը նետելու՝ Փաշինյանին վրայ, ողբերգական տղայութիւն մըն է, չափազանց խղճալի եւ ողորմելի կեցուածք մը, որ շատ նման է Փաշինյանի քստմնելի հանկերգին՝ *նախկիններին * վերագրելու, Հայութեան ի՛ր պատճառած անասելի Աղէտը:

    Իսկ գաղափարական գետնի վրայ, կը կարծեմ թէ համայն հայերի մեծամասնութեան համար, Արեւմուտքի հետ Հայաստանի սիրաբանութեան միմիակ խնդիրը այն է որ, դա կը նշանակէ իյնալ Թուրքիոյ գիրկը:

    Որպէս հայ, կեանքումս երբեք այսքան բախտաւոր չեմ զգացած ես զիս, որ Աւանդական Սփիւռքի զաւակ եմ:

    Մ. Հայդուկ Շամլեան

  3. Հ.Շ. says:

    Իսկ, որ Տեր-Պետրոսյանն ու իր թիմը ղեկավարեցին Արցախի Ազատագրումը, շատ ճիշդ է, եւ ուրեմն օգտակար կը լինի այս կարեւոր իրողութիւնը յիշեցնել անոնց, որոնք *անխելք ազգայնականներուս* ուզեցին վերագրել այդ իրագործումի պատասխանատւութիւնը, ամէն անգամ որ նախատեսելի դարձան դրա աղէտալի հետեւանքները:

    Այսինքն, հարկաւոր այդ իրողութիւնը յիշեցնել նաեւ… Տեր-Պետրոսյանին, իր թիմին եւ իրենց համակիրներին:

    Իսկ թէ որ իրենք տարբեր կերպով կը կարողանային լուծէին Արցախի հիմնախնդիրը, թող անէի՛ն, երբ որ իշխանութիւնը նոյնքան իրենց ձեռքն էր, որքան այսօր՝ Փաշինյանի եւ իր թիմին ձեռքը: Այստեղ ալ յիշեցնելով որ Տեր-Պետրոսյանն է որ Քոչարյանը հրաւիրեց ու բերեց Երեւան: Նոյն Տեր-Պետորսյանը որ, նոյնպէս, քաղաքական գոյութիւն ընծայեց Փաշինյանին:

    Սակայն ինք հիմա Մեծն Իմաստունն է: Եւ մնացեալներս ենք, ընդմիշտ անխելքները:

    Մ. Հայդուկ Շամլեան

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031