Արթրիտի որոշ տեսակներ՝ օստեոարթրիտը, ռեվմատոիդ արթրիտն ու փսորիատիկ արթրիտը կարող են ախտահարել մարդու ձեռքերը, մատներն ու դաստակները՝ ժամանակի ընթացքում բարդացնելով նրա առօրյա կենսագործունեությունը, պարզ գործողությունների կատարումը։ Սույն հոդվածում մենք դիտարկում ենք, թե ինչպես է արթրիտն ազդում ձեռքերի վրա և ինչ կարելի է անել խնդիրը թեթևացնելու համար։
Նախ տարբերակենք արթրիտի այդ 3 տարատեսակները՝
Օստեոարթրիտն առաջանում է աճառի դեգեներատիվ փոփոխությունների արդյունքում և բնորոշվում է որպես «մաշվածության» արթրիտ։ Օստեոարթրիտի տարատեսակներից է հետտրավմատիկ արթրիտը, որն առաջանում է վնասվածքի արդյունքում։
Ռեվմատոիդ արթրիտն աուտոիմունային հիվանդություն է, որն առաջացնում է հոդերի բորբոքում։
Կարդացեք նաև
Փսորիատիկ արթրիտը կապված է աուտոիմունային հիվանդություն համարվող փսորիազի հետ, որը մաշկային ախտանշաններ է առաջացնում։
Ախտանշաններ
Ձեռքերի արթրիտի ընդհանուր ախտանշաններն են՝
- Ցավ ձեռքերը շարժելիս կամ հանգիստ վիճակում,
- հոդերի այտուց, կաշկանդվածություն և ձևափոխություն,
- բռնելու գործառույթի նվազում, թուլություն,
- մատների, ձեռքերի ու դաստակի արտաքին փոփոխություններ։
Կախված արթրիտի տեսակից՝ ախտանշանները կարող են տարբերվել։
Օստեոարթրիտի ախտանշանները
- Ցավ, որը սկզբում բութ է ու ընդհատվող, սակայն ժամանակի ընթացքում կարող է դառնալ սուր և մշտական,
- ցավ, որն ուժեղանում է ձեռքերն օգտագործելիս և թեթևանում հանգստի ժամանակ,
- շարժումների նվազում ու կոշտություն,
- հոդերի շարժի ժամանակ ճռճռոցի կամ կրճտոցի զգացում,
- հոդերի այտուց, ցավոտություն,
- ոսկրային գոյացություններ, այսպես ասած հանգույցներ կամ հանգուցիկներ միջնամատի հոդում կամ մատի ծայրին,
- հոդերի կարծրության զգացում,
- հոդերի կայունության խանգարում,
- ձեռքերի ու մատների ձևափոխություններ,
- ձեռքերի օգտագործման հետ կապված դժվարություններ, օրինակ՝ բռնելու կամ կսմթելու ժամանակ։
Հետտրավմատիկ արթրիտի ախտանշանները նույնն են, միայն թե ազդում են այն հոդի վրա, որը վնասվել է։
Ռևմատոիդ արթրիտի ախտանշանները
- Դաստակի ու մատների հոդացավ,
- հոդերի փխրունության ու փափկության զգացում,
- այտուց ու բորբոքում
- կաշկանդվածություն հատկապես առավոտյան ժամերին, որը կարող է տևել մեկ ժամից ավելի,
- շարժումների սահմանափակում,
- ձեռքի ուժի կորուստ, բռնելու հետ կապված դժվարություններ,
- հոգնածություն, ջերմություն, ընդհանուր թուլություն։
Այս ախտանշանները կարող սրանալ, ապա որոշ ժամանակով անհետանալ։
Փսորիատիկ արթրիտի ախտանշանները
- Ցավ,
- բորբոքում,
- մատնաշունչի (դակտիլիտ) առաջացում,
- մաշկի երանգի փոփոխություններ,
- հոդերի շարժունակության նվազում,
Փսորիատիկ արթրիտ ունեցող շատ մարդիկ տառապում են նաև փսորիազով, որը մաշկի ու եղունգների փոփոխություններ է առաջացնում։
Ախտորոշումը
Ախտորոշման համար բժիշկը նախ հարցնում է պացիենտին իր ախտանշանների, ընդհանուր ինքնազգացողության, անձնական ու ընտանեկան հիվանդության պատմության մասին, իրականացնում ձեռքերի ֆիզիկական զննում։ Կարող է առաջանալ վիզուալիզացիոն որոշ թեստեր անցնելու անհրաժեշտություն՝ ռենտգեն, ՄՌՏ, ուլտրաձայնային սկանավորում և այլն։ Բժիշկը կարող է նաև արյան որոշակի անալիզներ նշանակել՝ բորբոքումն ու իմունային մարկերները ստուգելու համար։ Եթե հոդն այտուցված է ու հեղուկ է պարունակում, ապա հնարավոր է այդ հեղուկից ևս անալիզ վերցնելու կարիք առաջանա։
Այս թեստերը թույլ կտան ախտորոշել, թե արթրիտի որ տարատեսակն է մարդու մոտ։
Բուժումը
Բուժման տարբեր մեթոդներն ու տնային միջոցները կօգնեն թեթևացնել արթրիտի ախտանշանները, իսկ բուժման եղանակը կախված է ձեռքի արթրիտի տեսակից։ Բժիշկը կարող է նշանակել համապատասխան դեղորայքային բուժում, դեղատոմսի մեջ մասնավորապես ներառելով՝
- ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ, ինչպիսին, օրինակ, իբուպրոֆենն է,
- տեղային օգտագործման ոչ ստերոիդային հակաբորբոքային քսուկներ,
- ցավազրկողներ,
- հակառեվմատիկ դեղամիջոցներ կամ կենսաբանորեն ակտիվ հավելումներ,
- ստերոիդների ներարկումներ բորբոքման նվազեցման համար։
Որոշ դեպքերում կարող է քննարկվել վիրաբուժական միջամտության նպատակահարմարությունը։
Ձեռքերի վարժություններ
Բժիշկը կարող է ֆիզիոթերապիա նշանակել, ինչպես նաև խորհուրդ տալ ձեռքերի վարժություններ, որոնք կօգնեն պահպանել ձեռքերի կապանների ու ջլերի ճկունությունը, նվազեցնել ցավը։ Այդ վարժությունները պետք է կատարել դանդաղ և զգուշորեն՝ նոր ցավերից խուսափելու համար։
Այդպիսի վարժությունների օրինակներ են՝
- Ձեռքերը դրեք որևէ մակերեսի վրա, առանձնացրեք մատները, այնուհետև կրկին միացրեք։
- Ձեռքով բռունցք արեք, այնուհետև բացեք մատները՝ լիովին ուղղելով դրանք․ կրկնեք վարժությունը մի քանի անգամ։
- Ձեռքն ուղիղ պահելով՝ բութ մատը կողքի տարեք, այնուհետև միացրեք ափին և վերադարձրեք ելման դիրք։
- Դաստակը դրեք սեղանի եզրին այնպես, որ ձեռքն ազատ կախվի։ Մատները թուլացած պահելով՝ ձեռքն այնքան բարձրացրեք, մինչև ձգվածություն զգաք, այնուհետև դանդաղ իջեցրեք ձեռքը։
Տաք և սառը թերապիա
- Սառը թրջոցը կարող է թեթևացնել այտուցը։
- Տաք թրջոցը կամ լոգանքը կարող է թեթևացնել հոդերի ցավոտությունն ու կոշտությունը։
- Պարաֆինաթերապիան կարող է նվազեցնել ցավն ու հոդերի կաշկանդվածությունը։
Շինավորում
Շինավորումն ու աջակցող այլ մեթոդները կարող են օգնել հաղթահարել ցավը՝ հոդն անշարժ պահելով։ Շինավորման եղանակներ են պաշտպանիչ վիրակապերը, որոնք առանց մատների ձեռնոցներ են հիշեցնում, կինեզիոլոգիական ժապավենը, առանձին մատներին հարմարեցված բրեկետները և այլն։
Կապսիացինով քսուկները
Կայենյան պղպեղի բաղադրամաս հանդիսացող այս միացությունն օգտագործվում է հոդերի ցավի թեթևացման համար։ Կապսիացին պարունակող տեղային քսուկները, սակայն, չի կարելի օգտագործել վնասված մաշկի վրա։ Նաև պետք է խուսափել քսուկն օգտագործելուց հետո աչքերին ձեռք տալուց՝ ցավից ու այրոցից խուսափելու համար։
Ձեռքերի արթրիտի կանխարգելումը
Ցավոք, ոչ միշտ է հնարավոր արթրիտի կանխարգելումը, սակայն ռիսկի որոշ գործոններից խուսափելը կարող է պաշտպանիչ դեր խաղալ։ Նախազգուշական այս մեթոդները նաև կարող են դանդաղեցնել արթրիտի զարգացումն ու թեթևացնել ախտանշանները։
- պահպանել ֆիզիկական ակտիվությունը,
- վերահսկել քաշը,
- հրաժարվել ծխելուց, վնասակար սովորություններից,
- նախապատվությունը տալ հակաբորբոքային ազդեցություն գործող սննդակարգին, որը հարուստ է հակաօքսիդանտներով ու բուսական ծագման մթերքներով,
- խուսափել վնասակար ճարպերից ու շաքարից,
- ախտանշաններն ի հայտ գալուն պես դիմել բժշկին,
- հնարավորինս պաշտպանել հոդերը վնասվածքներից։
Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթի է և չի կարող ծառայել որպես հիմք ախտորոշման և բուժման համար։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ
Աղբյուր՝ Medical News Today