Այս հարցը իսպառ փակվեց օրերս կայացած Չայկովսկու «Կարապի լիճը» պրեմիերային առաջին ներկայացումից հետո
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը ավելի քան 35 տարի անց հանդիսատեսին ներկայացրեց համաշխարհային բալետային գրականության գլուխգործոցներից՝ Չայկովսկու «Կարապի լիճը» ներկայացումը։ Տասնամյակներ շարունակ, երբ հետաքրքրվում էինք, թե ինչու հեղինակավոր թատրոնների խաղացանկից անպակաս այս գլուխգործոցին չի անդրադառնում մեր թատրոնը, ստանում էինք հետեւյալ պատասխանը՝ մենք կարապներ չունենք։ Օրերս կայացած պրեմիերան ցույց տվեց, որ մենք կարապներ ունենք, այն էլ հիանալի։ Հանդիսատեսի վերաբերմունքից էլ հասկանալի էր, որ բեմադրությունը ստացվել է, այն էլ՝ շքեղ։ Ներկայացման երաժշտական ղեկավարն ու դիրիժորն է Կարեն Դուրգարյանը, բալետմայստերը՝ Ալեքսեյ Ֆադեյեչեւը, որը Երեւանում ներկայացրել է հանրահայտ բալետմայստերներ Մարիուս Պետիպայի եւ Լեւ Իվանովի 1894-95թթ. Ռուսաստանում իրականացրած բեմադրությունների իր խմբագրած տարբերակը։ Բեմադրության եւ զգեստների նկարիչն է Վյաչեսլավ Օկունեւը, գեղարվեստական ղեկավարը՝ համաշխարհային ճանաչման արժանացած Նինո Անանիաշվիլին։ Պրեմիերային 7 ներկայացումներում ընդգրկված են բացառապես մեր թատրոնի արտիստները՝ բալետային խումբն ու մենապարող աստղերը։
Կարծում ենք՝ հետաքրքիր կլինի իմանալ, որ Երեւանի 90-ամյա թատրոնում «Կարապի լիճն» առաջին անգամ իրականացրել է բալետմայստեր Յուրի Ռեյնեկեն՝ 1934թ., երկրորդ անգամ՝ 1940-ին, Լեոնիդ Լավրովսկին, 1955թ. բեմադրել է Վլադիմիր Վարկովիցկին, իսկ վերջին անգամ՝ 1971-ին, Կոնստանտին Սերգեեւը, որի բեմադրությունը խաղացանկում էր մինչեւ 1980-ականների վերջը։
Հետաքրքիր է իմանալ նաեւ, որ Չայկովսկուն այս բալետը պատվիրել է «Բոլշոյ» թատրոնը, 1877-ին էլ տեղի է ունեցել պրեմիերան՝ Վենզել Յուլիուս Ռեյզինգերի խորեոգրաֆիայով։ Բայց այս բալետի շարունակական կյանքը՝ մինչ համաշխարհային գլուխգործոց դառնալը, սկսվել է Սանկտ Պետերբուրգում, կոմպոզիտորի վաղաժամ մահից անմիջապես հետո։ Վերը նշված բալետմայստեր Լեւ Իվանովն այս ստեղծագործությանը բեմական կյանք է հաղորդել 1894թ., իսկ մեկ տարի անց Մարիինյան թատրոնում իր տարբերակն է ներկայացրել Մարիուս Պետիպան։
Մեր դիտարկմամբ՝ «Կարապի լիճը» բեմադրել են անվանի շատ խորեոգրաֆներ, այդ թվում՝ Ալեքսանդր Գորսկին՝ 1901թ., որն, ի դեպ, իր աշխատանքը շատ հեռու է տարել Պետիպայի եւ Իվանովի տարբերակներից։ Ավելի ճիշտ՝ կարելի է ասել, որ Գորսկին ամբողջությամբ հրաժարվել է Պետիպայի ու Իվանովի խորեոգրաֆիայից։ Տարիներ անց՝ 1937-ին, որոշ վերափոխումներով բեմադրել է Գորսկու աշակերտը՝ Ասաֆ Նեսերերը։ Այս բեմադրության մեջ են փայլել Գալինա Ուլանովան, Մայա Պլիսեցկայան… «Կարապի լճի» իր տարբերակը բեմադրել է նաեւ Յուրի Գրիգորովիչը՝ 1969թ., 1996-ին էլ Վլադիմիր Վասիլեւն առաջարկել է բալետի արմատապես թարմացված իր տարբերակը։ Կոնկրետ «Բոլշոյ» թատրոնում 2001-ից «Կարապի լիճը» ցուցադրվում է Գրիգորովիչի նոր խմբագրությամբ։
Այսօր աշխարհում «Կարապի լիճը»՝ ինչպես համաշխարհային բալետային գրականության այլ գանձեր նույնպես, հաճախ հրամցվում են, այսպես կոչված՝ ժամանակակից բեմադրություններով, որը նույնիսկ մասնագետների շրջանում տարաբնույթ խոսակցությունների առիթ է հանդիսանում, բայց մի բան այս ստեղծագործության առաջին բեմելից մինչ օրս մնում է անվիճելի, մենք կասեինք՝ ուսուցողական, այն է՝ բալետը հիմնված է ասպետական դարաշրջանի հեքիաթի վրա, հուզիչ ու գեղեցիկ սիրո պատմություն է՝ ողողված բազմաթիվ խոչընդոտներով, փորձություններով, որոնց միջով անցնում են երիտասարդ սիրահարները։ Եվ որ ամենակարեւորն է՝ բալետի բեմադրական բոլոր տարբերակներում, երեւանյանում նույնպես, տեսնում ենք, որ սերն ու հավատարմությունը կարող են հաղթել ամեն ինչ, նույնիսկ չարին ու խաբեությանը։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարները՝ Չայկովսկու «Կարապի լիճը» ներկայացման պրեմիերայից
«Առավոտ» օրաթերթ
10.10.2023