Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պատերազմական հանցագործությունները չպետք է անպատիժ մնան

Հոկտեմբեր 11,2023 12:00

ԵՄ-ի համար դեռեւս հստակ չէ՞, որ ի դեմս Ադրբեջանի ղեկավարի, գործ ունեն սովորական ստախոս մի գործընկերոջ հետ

Հոկտեմբերի 5-ին Գրանադայում կայացավ ոչ թե հնգակողմ, այլ` քառակողմ հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ: Այս հանդիպման արդյունքում ընդունվեց հայտարարություն, որում, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը բնորոշվեց որպես զանգվածային տեղահանություն, Եվրոպական խորհրդի նախագահը, Ֆրանսիայի նախագահը եւ Գերմանիայի կանցլերն ընդգծեցին իրենց անսասան աջակցությունը Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ սահմանների անձեռնմխելիությանը եւ աջակցություն հայտնեցին «ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը՝ իր բոլոր չափումներով՝ հիմնված Հայաստանի Հանրապետության կարիքների վրա»։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վերջին պահին հրաժարվեց բանակցություններից։ Ադրբեջանական մամուլում շրջանառվեցին տեղեկություններ Ալիեւի բոյկոտի պատճառների մասին: Բաքվի քմահաճությունը հիմնավորվեց այս կերպ, թե այդ հանդիպմանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությանը Ֆրանսիան եւ Գերմանիան դեմ էին արտահայտվել, եւ ահա, Բաքուն հնգակողմ ձեւաչափին «հակաադրբեջանական» մթնոլորտ էր կանխատեսել… Գրանադա այցելությունից վերջին պահին հրաժարվեց նաեւ Էրդողանը։

Շառլ Միշելը հրապարակային չցանկացավ մեկնաբանել թուրք-ադրբեջանական տանդեմի բոյկոտը, սակայն որոշ գնահատականներ, այնուամենայնիվ, հնչեցրեց, ասելով. «Նախ եւ առաջ` մենք ցնցված ենք ռազմական ուժ կիրառելու Ադրբեջանի որոշումից, երկրորդը՝ ես հեռախոսազրույց ունեցա երկու օր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, նա հստակ հայտարարեց, որ իրենք Հայաստանի դեմ տարածքային նկրտումներ ու պահանջներ չունեն։ Սա պետք է հստակ բարձրաձայնվի, կարծում եմ՝ որ երկու երկրները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Եվ երրորդ՝ մենք կօգնենք Հայաստանին հաղթահարել Ադրբեջանի կողմից սկսված ռազմական գործողության հետեւանքները։ Բազմաթիվ փախստականներ կան Հայաստանում, եւ մենք պետք է հումանիտար օգնություն տրամադրենք»: Ապա ԵՄ խորհրդի նախագահը հավելեց. «Մենք պետք է նաեւ հաշվի առնենք, որ Հայաստանը ցանկանում է ամրացնել կապերը Եվրամիության հետ։ Մենք երկու տարի առաջ խոստացել ենք Հայաստանին 2 միլիարդ եվրոյի ներդրումային փաթեթ, մենք պետք է կատարենք այդ խոստումը եւ չենք կարող հապաղել։ Հայաստանը կարիք ունի մեր աջակցության»։

ԵՄ-ի կողմից Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ սահմանների անձեռնմխելիությանը` «անսասան աջակցությունն» անշուշտ կարեւոր արձանագրում է: Սակայն մյուս կողմից անհասկանալի է եվրոպացի պաշտոնյաների «միամտությունը», թե` «ցնցված ենք ռազմական ուժ կիրառելու Ադրբեջանի որոշումից»:

ԵՄ-ի համար դեռեւս հստակ չէ՞, որ ի դեմս Ադրբեջանի ղեկավարի, գործ ունեն սովորական ստախոս մի գործընկերոջ հետ, որը հեռախոսազրույցների ընթացքում կամ փակ բանակցություններում կարող է խոստանալ, թե` «հավատարիմ է խաղաղության հաստատմանը», «դեմ է ուժի կիրառմանն ու ռազմական գործողություններին», սակայն այդ խոսքերից մի քանի օր անց կարող է ռազմական հարձակման հրահանգ իջեցնել մի քանի ամիս սովի մատնած ժողովրդի նկատմամբ:

Հետեւաբար, բացի «ցնցվելուց», ԵՄ պաշտոնյաները պետք է ավելի հստակ լինեն իրենց ոչ միայն գնահատականներում, այլեւ` գործողություններում եւ նշեն, թե ինչ քայլերի են պատրաստ դիմել Ադրբեջանի իշխանությունների հանցավոր գործողություններին ի պատասխան:

Բացի այդ, որեւէ հասցեական քննադատություն չի հնչել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ Ադրբեջանից հնչող հայտարարությունների ու քայլերի առիթով: Դառը փորձը ցույց է տալիս, որ միջազգային հանրության կոչերը, հորդորները, անհանգստությունները ու ցնցված լինելու մասին արձանագրումները որեւէ ազդեցություն չեն ունենում Ադրբեջանի գործողությունների վրա:  Հետեւաբար հարց է առաջ գալիս` բացի կոչերից, հորդորներից ու անհանգստություններից, ԵՄ-ն ինչո՞վ է ունակ հակազդելու:

Արդյոք Եվրամիությունը որեւէ գործողություն կձեռնարկի՞ Ադրբեջանի դեմ իր ռազմական գործողության համար, որը հանգեցրել է 100 հազար հայերի տեղահանությանը, հարց էր հնչել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։ «Մենք անմիջապես, դեռ սեպտեմբերի վերջին, հայտարարություն տարածեցինք՝ խստորեն դատապարտելով Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղում, եւ վճռական կոչ արեցինք վերսկսել երկխոսությունը խաղաղ հանգուցալուծման համար, սա է այն, ինչի վրա աշխատում ենք, եւ այժմ կարեւոր է աջակցել Հայաստանին», – օրերս նշեց ֆոն դեր Լայենը՝ փաստացի ոչինչ չասելով Ադրբեջանի դեմ ձեռնարկվելիք հնարավոր միջոցների մասին։

Անցյալ շաբաթ Եվրախորհրդարանը ձայների գերակշռող մեծամասնությամբ հավանություն տվեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւին, որն Արցախում տեղի ունեցածը հավասարազոր համարեց էթնիկ զտումներին, կոչ արեց Եվրահանձնաժողովին վերանայել Բաքվի հետ ռազմավարական համագործակցությունը էներգետիկայի ոլորտում եւ թիրախային պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի կառավարության այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են հրադադարի բազմաթիվ խախտումների ու մարդու իրավունքների ոտնահարման համար։

Դատապարտելով Արցախի դեմ սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակումը՝ բանաձեւը նաեւ հորդորում էր հետաքննել Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները, որոնք կարող են պատերազմական հանցագործություն դիտարկվել։ Փաստաթուղթն ընդունվեց ձայների 491 կողմ, ընդամենը 9 դեմ եւ 36 ձեռնպահ հարաբերակցությամբ։

Եվրախորհրդարանի պատգամավորների ելույթների շեշտադրումներում ԵՄ-ի դրսեւորած քաղաքականությանը քննադատության նոտաներ նկատվեցին: Մինչ բանաձեւի ընդունումը Ադրբեջանի հարցով զեկուցող Ժելյանա Զովկոն խստորեն դատապարտել էր Ադրբեջանին` նշելով. «Մենք զոհաբերեցինք հայերին հանուն «ռեալպոլիտիկի»: Պետք է սառեցնել պայմանագրերը Բաքվի հետ եւ պատժամիջոցներ սահմանել», – հայտարարել էր Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ֆաբիո Կաստալդոն։ Իսկ Հարավային Կովկասի հարցերով հանձնաժողովի ղեկավար Մարինա Կալյուրանդն ընդգծել էր՝ վաղուց ժամանակն է, որ Բրյուսելը հայտարարություններից գործի անցնի։

Ընդունված բանաձեւով ընդգծվեց, որ ԵԱՀԿ-ն, Եվրամիությունը, ՄԱԿ-ը եւ միջազգային այլ դերակատարներ չեն զսպել ռազմական ուժի դիմելու Ադրբեջանի նկրտումները։ Եվ եթե Բաքուն շարունակի այդ քաղաքականությունը, Միությունը պետք է «իսպառ դադարեցնի ադրբեջանական նավթի եւ գազի ներմուծումը»։

Ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն փաստել էր, որ նախկինում, այդ թվում՝ ԼՂ-ի 9 ամիս շարունակված շրջափակման ընթացքում, Եվրախորհրդարանը մի քանի անգամ կոչ էր արել Բրյուսելին կոնկրետ քայլեր ձեռնարկել Ալիեւի վարչակազմի դեմ, սակայն այդ հորդորները մնացել էին անարձագանք։ «Եվրոպան ամիսներով բացակա էր, երբ հայերը Լեռնային Ղարաբաղում շրջափակման մեջ էին, սովի եւ վերջապես հարձակման ենթարկվեցին Ադրբեջանի կողմից։ Իհարկե, Բաքուն է պատասխանատու էթնիկ զտումների համար եւ պետք է պատասխանատվության ենթարկվի։ Բայց եվրոպական միջնորդությունը եւս ձախողվել է, քանի որ մնացել է չեզոք դիտորդի կարգավիճակում։ Մինչդեռ հայտնի է՝ երբ անարդարության դեպքում ոչինչ չես անում, կանգնում ես ագրեսորի կողքին», – հայտարարել էր Լուազոն։ «Մենք պետք է պաշտպանենք մեր պատիվն ու Հայաստանը», – նշել էր Եվրախորհրդարանի պատգամավորը։ Նկատենք, որ ընդունված բանաձեւը խորհրդատվական բնույթ ունի եւ պարտադիր չէ կատարման համար։

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման արդյունքում անցյալ շաբաթ ընդունվեց համատեղ հայտարարություն, որում մասնավորապես ասվում էր. «Մենք վերահաստատեցինք Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ Ադրբեջանի ռազմական գործողության դատապարտումը եւ վերահաստատեցինք Հայաստանի եւ Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը՝ հիմք ընդունելով 1991թ. Ալմաթիի հռչակագիրը եւ այն գիտակցումը, որ Հայաստանի տարածքը ներառում է 29800 քառակուսի կմ, իսկ Ադրբեջանինը՝ 86600 քառակուսի կմ: Մենք նաեւ ընդգծեցինք, որ տարածաշրջանային կապի ուղիների բացումը պետք է հիմնված լինի երկրների ինքնիշխանության եւ իրավազորության նկատմամբ լիակատար հարգանքի, ինչպես նաեւ հավասարության եւ փոխադարձության սկզբունքների վրա։ Հայաստանն ու ԵՄ-ն կապված են ընդհանուր քաղաքական արժեքներով եւ կանոնների վրա հիմնված միջազգային կարգի նկատմամբ իրենց հանձնառությամբ: Այս դժվարին ժամանակներում ԵՄ-ն եւ Հայաստանը կանգնած են ուս ուսի: Մենք հանձնառու ենք առավել ամրապնդել ԵՄ-Հայաստան հարաբերությունները։ …Մեր անմիջական ուշադրության կենտրոնում է Հայաստան տեղահանված ավելի քան 100,000 ղարաբաղահայերի մարդասիրական կարիքները: Մենք քննարկել ենք, թե ինչպես ապահովել ԵՄ-ի կողմից տրամադրվող մարդասիրական օգնության եւ այլ անհապաղ աջակցության առավելագույն արդյունավետությունը, որը կկազմի 10,45 միլիոն եվրո»:

Ուրսուլա ֆոն դեր Լայենը նաեւ հայտարարեց, որ Հանձնաժողովը մոբիլիզացնում է ֆինանսավորում՝ իր տարեկան ծրագրից 15 միլիոն եվրո Հայաստանին հատկացնելու համար՝ որպես բյուջետային աջակցություն։ Սա Հայաստանի կառավարությանը թույլ կտա լուծել հրատապ սոցիալ-տնտեսական կարիքները եւ աջակցել սննդամթերքի եւ վառելիքի ձեռքբերմանը: Երկարաժամկետ հեռանկարում Եվրամիությունը եւ Հայաստանը վճռական են ամրապնդելու իրենց տնտեսական կապերը՝ աշխատելով Համապարփակ տնտեսական գործընկերության համաձայնագրի ողջ ներուժը բացահայտելու ուղղությամբ: Մասնավորապես, Հայաստանի համար ԵՄ Տնտեսական եւ Ներդրումային Պլանը (EIP) նախատեսում է մինչեւ 2,6 միլիարդ եվրո, որը կօգտագործվի կարեւոր ենթակառուցվածքային եւ այլ նախագծերում ներդրումների համար։ Հանձնաժողովը եւ Հայաստանը կկրկնապատկեն ջանքերը կարեւոր ծրագրեր իրականացնելու համար։ Հանձնաժողովը նաեւ կաջակցի Հայաստանի մասնակցությանը տարածաշրջանային նախագծերում, ինչպիսին է` Սեւծովյան էլեկտրաէներգիայի մալուխը։ Հանձնաժողովը նաեւ կավելացնի տեխնիկական աջակցությունը Հայաստանին, մասնավորապես՝ օդային անվտանգության եւ միջուկային անվտանգության ոլորտներում:

Ի դեպ, նախագահ ֆոն դեր Լայենը հայտնեց Հայաստանին աջակցելու համար ԵՄ-ԱՄՆ համատեղ միջոցառման նախապատրաստման մասին։ Հաղորդվեց նաեւ, որ առաջիկա օրերին կշարունակվեն քննարկումները «հարաբերությունների հետագա ամրապնդման ուղիների շուրջ»։ «Սա առաջին քայլն է՝ ամրապնդելու մեր երկկողմ հարաբերությունները Հայաստանի հետ, քանի որ Եվրոպան եւ Հայաստանն ունեն երկար ու հարուստ ընդհանուր պատմություն, եւ եկել է ժամանակը նոր գլուխ բացելու այդ ընդհանուր պատմության մեջ», – նկատել էր Եվրոպական հանձնաժողովի նախագահը:

Ամփոփումը`վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.10.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031