Առաջինները հիմնավոր են, երկրորդներն՝ անցողիկ
Թոմաս Մերթոնը՝ ամերիկացի կաթոլիկ աստվածաբանը, իր կյանքի որոշակի փուլում ընտրել էր մեկուսացած վանականի կյանքը: Նրա նպատակը ոչ թե հասարակությանը հակադրվելն էր՝ ինչպես որ այդ ժամանակաշրջանում՝ 1960-70-ականներին վարվում էին Արեւմուտքում մոդայիկ «հիփիները»: Մերթոնի ձգտումը հակառակն էր՝ փնտրել իր անհատական ուղին եւ խրախուսել հասարակության բոլոր անդամներին, ամբողջ մարդկությանը անել նույնը: «Հիփիներն» իրենց տարաշխարհիկ վարքով մշտապես «մտքում ունեին» հասարակությունը՝ «տեսեք-տեսեք, մենք ձեր ապրելակերպին «ոչ» ենք ասում»:
Մերթոնի մտահղացումն ավելի խորն էր՝ որքան հնարավոր է, ազատել մարդուն՝ իրեն ճնշող առասպելներից, պատրանքներից՝ ունենալով, սակայն, պոզիտիվ ծրագիր, որպիսին էր, բնականաբար, նրա կարծիքով, քրիստոնեական ուսմունքը: «Մարդը, որը գտնվում է «հասարակական կերպարի» ազդեցության տակ, իր մեջ աճեցնում է միայն այն, ինչ կարգադրված է հասարակության կողմից որպես իր անդամների համար գովելի օրինակ… Հասարակական կարծրատիպերն աճում են նրա մեջ սերմերի նման՝ ներկայանալով որպես սեփական «կենդանի փորձ»: Ավելացնենք մեր կողմից՝ նաեւ որպես «ժողովրդի դարավոր փորձառություն»:
Արդեն առիթ եմ ունեցել գրելու, որ առանց միֆերի մարդիկ չեն կարող ապրել: Պարզապես «հասարակական» միֆերին Մերթոնը հակադրում է իր հոգեւոր ավանդության միֆը, ինչը, կարծում եմ, իրապես օգտակար է: Բայց, ի վերջո, մենք շրջապատված ենք միֆերով՝ սկսած մեր անուններից. տալով մեզ որոշակի անուն՝ մեր ծնողները մեր անձի շուրջ որոշակի միֆ են կառուցել: Մեր մարմնական ցանկացած դրսեւորում նույնպես պատվում է դիցաբանությամբ. բավական է հիշել, թե ինչեր մենք նկատի ունենք, ասելով՝ «աջ ձեռք», «ձախ ձեռք», «արյուն», «սիրտ», «ուղեղ» եւ այլն: Կախված մեր մշակութային ավանդույթներից՝ մենք այս կամ այն ձեւով միֆականացնում ենք այդ բոլոր նյութական երեւույթները:
Կարդացեք նաև
Իհարկե, շատ ցանկալի է միֆերը տարբերակել հալյուցինացիաներից, ցնորքներից՝ չնայած, ընդունենք, որ դա երբեմն դժվար է: Ամենապրիմիտիվ մակարդակով պարզ է, որ երբ մարդն ալկոհոլի կամ թմրանյութի ազդեցության տակ էլեկտրական լարերի փոխարեն օձեր է տեսնում, դա միֆ չէ, դա ցնորք է, որը սթափվելուց հետո կանցնի:
Ավելի բարդ դեպքերում ցնորքները ձեւավորվում են տարիների քարոզչության դեպքում եւ, այսպես ասած, միֆականացվում են: «Մենք պարտվել ենք, որովհետեւ նախկինները թալանում էին», «2018 թվականի հեղափոխությունն ավելի կարեւոր էր, քան Արցախի ազատագրումը», «մեր հիմնական ազգային խնդիրը կոռուպցիայի դեմ պայքարն է»՝ դրանք ցնորքներ են, որոնք դարձել են պաշտոնական դոկտրին եւ ձեռք են բերել «պետական միֆի» կարգավիճակ: Բայց ցանկացած զանգվածային հալյուցինացիայի նման, դա ժամանակավոր երեւույթ է:
Մերթոնը, խոսելով «հասարակական կարծրատիպերի» մասին (աստվածաբանն օգտագործում է «շտամպ» բառը), նկատի ուներ ավելի խորը երեւույթներ: Եվ այսպիսի դիցաբանությունը նույնպես առկա է մեր ժողովրդի, ինչպես նաեւ շատ-շատ այլ ժողովուրդների մոտ: Բերեմ նման դիցաբանությանը հատուկ երկու դրույթ, որոնք միշտ կան, բայց աղետների պահին նոր թափ են ստանում: 1/ Մեր ժողովուրդը բարի է, մեծահոգի է, մարդասեր, խիղճ ունի, նրա մեջ ոչ մի դաժանություն չկա, դրա համար էլ պատմության մեջ մենք միշտ տուժում ենք: 2/ Մեզ միշտ խաբում են, «քցում» են, դավաճանում են, ամբողջ աշխարհը մեր դեմ է դուրս եկել, դրա համար էլ մենք այս վիճակում ենք:
Պարզ է, որ դա յուրահատուկ «սպեղանի» է, որը ողբերգությունների դեպքում դրվում է մարդկանց (կրկնեմ, ոչ միայն հայերի) վերքերին, որպեսզի ցավը փոքր-ինչ մեղմանա: «Մենք պատմության ընթացքում միշտ քաշվել ենք, որովհետեւ լավն ենք»՝ դա աշխարհում տարածված միֆ է, որն իր արտացոլումն է գտել տարբեր ազգերի պատումներում՝ սկսած էպոսներից, վերջացրած պատմավեպերով եւ գրական այլ ստեղծագործություններով:
Դրա դեմ դուրս գալը շատ բարդ գործ է: Որ մեր վերջին պարտությունների պատճառը մեր վերջին 5 տարվա իշխանության քաղաքականությունն է՝ դրանում հայաստանցիները վաղ թե ուշ կհամոզվեն: Բայց, որ աշխարհի բոլոր ժողովուրդները տառապել են, «քաշվել» են, «դավաճանվել» են, եւ որ այդ ժողովուրդներին (սեփական, թե ուրիշ) ինչ-որ «բարոյական հատկանիշներ» վերագրելը սխալ է՝ դա հնչում է համարյա որպես սրբապղծություն:
Այդ բարոյական հատկանիշները ինչ-որ խմբերին, այդ թվում՝ ազգերին վերագրելը դեմ է աշխարհի օրենքներին: Ինքդ քեզնից, անհատապես այդ հատկանիշները պահանջելը՝ դարձյալ շատ ցանկալի է: Բայց դրա համար պետք են ոչ թե օրենքներ (դրանք, ինչպես տեսնում ենք, չեն գործում), այլ հեղինակություն: «Բոլորն էլ զարմանում էին նրա ուսուցման կերպի վրա, որովհետեւ նա հեղինակությամբ էր ուսուցանում եւ ոչ թե Օրենքի ուսուցիչների նման» (Մարկոս, 1:22):
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
10.10.2023