Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

29.800 քառակուսիի մեջ մտնում է նաեւ Արծվաշենը. Հայաստանի ոչ մի իշխանություն իրավունք չունի խաչ քաշել այդ ՀՀ ինքնիշխան տարածքի վրա. Նիկոլ Փաշինյան

Հոկտեմբեր 10,2023 23:45

«Այնուամենայնիվ, Ադրբեջանը փորձում է այնպես անել, որ խաղաղությունը տեղի չունենա»,- այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ փորձելով պարզաբանել, թե ինչո՞ւ Ադրբեջանը չգնաց Գրանադա եւ չստորագրեց համատեղ հայտարարությունը: Նա կարծում է, որ մի շարք թեմաներ կան, որ Ադրբեջանը կարող է եւ հնարավոր է օգտագործի՝ հետագա սրացումների համար:

Անդրադառնալով 8 գյուղերի հարցին, որը բարձրացնում է Ադրբեջանը, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հայկական կողմն ունի Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներ Տավուշի մարզի Բերքաբեր, Վազաշեն, Պառավաքար, Այգեհովիտ գյուղերում եւ այլ տարածքներում: Հարցի լուծումը, իր հավաստմամբ, Հայաստանն առաջարկել է դեռ 2021 թվականին՝ առաջարկելով քարտեզի հիման վրա, սահմանից հայելային տարբերակով զորքերը ետ քաշելով: ԽՍՀՄ ամբողջ ժամանակաշրջանում, ՀՀ տարածքի գնահատականը, ըստ նրա նույնն է՝ 29.800 քառակուսի կիլոմետր, ուստի թե ո՞ր թվականի քարտեզը հիմք կընդունվի, դրանից տարածքի փոփոխություն չի լինի. խնդիրը կարող է կոնկրետ տարածքների մեջ լինել, որոնք վերապահված են ՀՀ-ին կամ վերապահված չեն: 29.800 քառակուսի կիլոմետրից ավել տարածքի պահանջումը ՀՀ-ի կողմից, Փաշինյանի բնութագրմամբ, կարող են հետագա ռազմական էսկալացիայի առիթ դառնալ: Իսկ սահմանները պետք է ճշտվեն Ալմա-Աթայի հռչակագրով սահմանված սահմաններով:

«Ադրբեջանի 86 600 քառակուսի կիլոմետրը եւ Հայաստանի 29 800 քառակուսի երկվորյակ թվեր են. այսինքն 29 800-ը ճանաչելու համար պետք է 86 600-ը ճանաչել եւ հակառակը: Երբ մենք ասում ենք, որ Հայաստանը 29 800 քկմ տարածք ունի, մեր որոշ ընդդիմադիրներ ասում են՝ ոչ, այդքան տարածք չունի: Նրանց  լավատեսական կանխավարկածը կամ հայրենասիրական մղումն այն է, որ Հայաստանն ավելին է, քան 29 800 քառակուսի կիլոմետրը: Բայց մեր հակառակորդներն էլ են ասում՝ ոչ, Հայաստանը 29 800 քառակուսի կիլոմետր չէ: Նրանք էլ իրենց հերթին նկատի են ունենում, որ գուցե թե 5 հազար քառակուսի կիլոմետր է: Մեր հակառակորդներն օգտագործում են մեր ընդդիմադիրների ոճը՝ հիմնավորելու համար, որ տեսեք, Հայաստանում էլ են ասում, որ Հայաստանը 29 800 քառակուսի կիլոմետր չէ: Իսկ այն, որ մեր ընդդիմադիրները նշում են, որ Հայաստանը 29 800-ից ավելին է, նրանք դա գնահատում են որպես ռեւանշիստական ուժերի խմորումներ,  Հայաստանի ագրեսիվ քաղաքականության հիմնավորում եւ իրենց ագրեսիվությունը Հայաստանի նկատմամբ հիմնավորում են նաեւ դրանով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ավելի ուշ, կրկին անդրադառնալով անկլավների թեմային, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Անկլավների թեմային անդրադառնալն անխուսափելի է մի պարզ պատճառով. 29.800 քառակուսիի մեջ մտնում է նաեւ Արծվաշենը: Հայաստանի ոչ մի իշխանություն իրավունք չունի խաչ քաշել այդ ՀՀ ինքնիշխան տարածքի վրա: Բայց այստեղ կա մի կարեւոր նրբություն. ով էլ խոսի անկլավների մասին, ինքը պետք է սեղանին դնի քարտեզ: Երբ սեղանին դրվում է քարտեզ, չի կարող քարտեզ գոյություն ունենալ միայն մեկ կետի վրա: Երբ դրվեց անկլավների հարցը, բազմաթիվ հարցեր են ծագելու՝ անկլավների սահմանների սահմանազատման հարց կա, հասանելիության հարց կա, սերվիտուտի հարց կա, սահմանների պաշտպանության հարց կա, այդ տարածքներում զինված ուժերի ներկայության եւ չներկայության հարց կա: Անկլավ նշանակում է, որ դու ուրիշի տարածքով պետք է անցնես: Ո՞նց դու պետք է անցնես ուրիշի տարածքով, ի՞նչ իրավական նրբություններ ունի այս հարցը: Այս խնդիրների լուծման մի քանի տարբերակ կա: Մեկն այն է, որ այս բոլոր հարցերը կարգավորում ենք եւ խաղաղության ֆոնին այս հարցը լուծվում է: Երկրորդ տարբերակն այն է, որ մենք տեսնում ենք, որ այնքան բարդ է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվում, որ սահմանից այն կողմն գտնվողն անկլավները մնում են այն երկրների տարածքներում, որով նրանք պարփակված են: Բայց սա էլ պետք է լինի պայմանագրի, հետագա վավերացման առարկա: Մեր խնդիրն է այսօր թույլ չտալ, որ որեւէ հարց դառնա հետագա էսկալացիայի հիմնավորում այն պատճառաբանությամբ, որ Հայաստանի հրաժարվում է քննարկել, խուսափում է քննարկումից ու լուծումներից: Էսկալացիա թույլ չտալու համար մենք չպետք է մտածենք հարցերը հետաձգելու, հարցերը խճողելու, անհասկանալի դարձնելու մասին: Մենք իսկապես պետք է գնանք լուծումների եւ այդ լուծումները պետք է լինեն հիմնավոր ու թափանցիկ՝ դավադրությունների տեսությունները բացառելու համար»:

 

Պատրաստեց՝ Նելլի Գրիգորյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031