Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ավինյան․ «Սա ուղղակի պաշտոններ կիսելու հարց չէ, մենք նման բան չենք արել՝ ի տարբերություն ոմանց, հետընտրական շրջանում բոլորը բացահայտ այդ առեւտուրն իրականացրել են»

Հոկտեմբեր 10,2023 15:29

«Երեւանցիներն իրենց քվեն տվեցին 5 քաղաքական ուժերի եւ 5 քաղաքական ուժեր այսօր ներկայացված են Երեւանի ավագանիում։ Ամեն քաղաքական ուժ իր որոշումն է կայացնում արդեն հետընտրական շրջանում: Հետընտրական շրջանում գաղափարական նույն հենքի եւ              ծրագրերը միասին իրականացնելու հիմքով «Հանրապետություն» խմբակցության հետ մենք կազմեցինք հետընտրական դաշինք»,-այս մասին այսօր Երեւանի քաղաքապետարանում հրավիրված ասուլիսում ասաց Երեւանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով հարցին՝ քաղաքապետ ընտրվեցիք «Հանրապետություն» խմբակցության աջակցությամբ, կոալիցիա կազմեցիք, «Հանրային ձայնը» քվորում ապահովեց, քաղաքական սակարկում անելիս ո՞ւմ գինն էր ավելի բարձր։

Ավինյանի ներկայացմամբ՝ սա ուղղակի պաշտոններ կիսելու հարց չէ․ «Մենք նման բան չենք արել՝ ի տարբերություն ոմանց: Հետընտրական շրջանում բոլորը տեսել են ամեն ինչ, բոլորը բացահայտ այդ առեւտուրն իրականացրել են: Մենք ասել ենք, որ մերժում ենք այդ ձեւը, մենք մերժում ենք այլ գաղափարական հենք ունեցող խմբակցությունների հետ որեւէ կերպ դաշինք կազմել: Որովհետեւ եթե ձեր ծրագրերը նույն բանի մասին չեն, եթե դու, օրինակ, չես մտածում Երեւանի, երեւանցիների մասին, եթե դու նույնիսկ էս երկրի մասին չես մտածում, եթե դու պոտենցիալ այլ երկրի շահերին ես ծառայում, մենք չենք կարող նման ուժերի հետ դաշինք կազմել: Մեզ մոտ քաղաքական առեւտուր տեղի չի ունեցել։ Սա համագործակցության մասին դաշինք է՝ գաղափարների եւ ծրագրերի իրականացման համար»։

Արտակ Զեյնալյանն էլ պատասխանելով հարցին՝ արդյոք կոալիցիա կազմելով չեն խաբել իրենց ընտրողին, քանի որ նախընտրական փուլում որպես ընդդիմություն էին հանդես գալիս, պատասխանեց․ «Համապետական, ավագանու ընտրությունները պատկերավոր ասած՝ մրցույթ են, տենդեր են հանրային պաշտոններում նշանակվելու համար: Մենք հավակնել են, մասնակցել ենք այդ տենդերին եւ շահել ենք 12%-ի չափ: Մենք նախընտրական արշավի ժամանակ հայտարարել ենք, թե որ ուժերի հետ դաշինք չենք կազմելու եւ մեր ընտրողը դա լսելով է գնացել ու մեզ ձայն տվել: Երեւանցին կարող էր միանգամից ընտրել ուղիղ մանդատով Երեւանի քաղաքապետ։ Երեւանին որոշել է, որ իր փոխարեն քաղաքապետ պետք է ընտրեն պատվիրակները՝ ավագանու անդամները եւ մենք այդ պատվիրակված լիազորությունն իրականացրել ենք այն գաղափարների եւ սկզբունքների շրջանակներում, որոնց մասին հայտարարել ենք քարոզչության ժամանակ: Այն ծրագրերը, որոնք հրապարակել ենք, ստանձնել ենք համատեղ պատասխանատվություն դրանք իրականացնելու։ Դրան իրականացնելու այլ տարբերակ չկա։ Կրկնեմ՝ երկրում չի կարող ընդդիմությունը իրականացնել թշնամություն եւ վնասարարություն։ Այն, ինչի հետ դուք ասոցացնում եք ընդդիմախոսությունը` դա շատ հաճախ թշնամություն է եւ վնասարարություն է։ Մենք դա չենք իրականացնելու եւ պետք է այդ մշակույթը երկրում փոխենք»։

Մանրամասն՝ շուտով տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031