Հասարակական ակտիվ գործունեությամբ զբաղվող Արթուր Չախոյանն այսօր ոստիկանությունում հարցաքննվել է երեկ իր վրա տեղի ունեցած հարձակման դեպքով:
Հիշեցնենք, որ նրա վրա երեք հոգի դանակով հարձակվել են, մեկին բռնել է ու անձամբ հանձնել ոստիկաններին, մյուս երկուսը փախել են:
Չախոյանն ավելի ուշ պարզել է, որ իր վրա հարձակվողներից մեկը, որին ինքը հանձնել է ոստիկանությանը, նախկինում դանակահարության համար դատապարտված է:
«Հարձակվողներին չեմ ճանաչում, անծանոթ են, պահանջներ չեն ներկայացրել: Իմ տան մոտ իմ նկատմամբ մահափորձ էին կատարում, մեկին վնասազերծել եմ, մյուսները փախել են: Իմ հետ կատարվածը պայմանավորում եմ իմ հանրային գործունեությամբ՝ շինարարական աշխատանքների, տենդերների վերաբերյալ»,- ասաց Չախոյանը:
Կարդացեք նաև
Նա տեղեկություններ չունի, թե ոստիկանությունում ինչ է հայտնել իր կողմից վնասազերծված տղամարդը արարքի դրդապատճառի վերաբերյալ ու ինչ կապ է ունեցել մյուս երկու անձանց հետ:
Արթուր Չախոյանը դեպքից հետո ունի կապտուկներ, ձեռքն է վնասված, ու Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին է տեսնում իր վրա հարձակման հետեւում. «Կասկածներս պայմանավորված են նրանով, որ Տիգրան Ավինյանը համակարգում է շինբարեկարգման ոլորտը, շինարարական աշխատանքների պատասխանատուն էլ նա է, ես այդ հարցը իմ վրա հարձակվողներին ուղղել եմ, հասկանամ՝ Ավինյա՞նն է ուղարկել, թե՞ Պետրոս, Պողոսը, բայց պատասխան չեմ ստացել»:
Հիշեցնենք, որ Արթուր Չախոյանը շինարար է ու վերջին ընթացքում հետեւելով Երեւանում քաղաքապետարանի կողմից իրականացվող բարեկարգումներին՝ բացահայտում է թույլ տված չարաշահումները:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ