Լրահոս
Օրվա լրահոսը

«Նորմալ երկրում նման դատավորին պաշտոնից կազատեին». Տիգրան Աթանեսյան

Հոկտեմբեր 09,2023 22:30

«Նիստը գնահատում եմ վատ: Այն ամենն, ինչին դուք ականատես եք լինում, մեկ նպատակ ունի՝ ապացուցելու, որ ապօրինի քաղաքական հետապնդում է: Նման հետապնդումների պարագայում, դատավորները միշտ ստիպված են աղավաղել օրենքը, սեւը՝ սպիտակ անվանել: Ես ասում եմ՝ օրենքը գոյություն չունի, ասում է՝ կարող ենք մեղադրանք առաջադրել, բայց կդատեմ նորով: Նորմալ երկրում նման դատավորին պաշտոնից կազատեին: Մեղադրյալը չի եղել՝ նիստ է անում… այս նիստն իրավազոր չի: Այս նիստի համար կարգապահական տույժի է ենթակա դատավորը»,- այսօր դատական նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:

Հիշեցնենք, ՀՀկ փոխնախագահ Արմեն Աշոտյանի եւ մյուսների գործով նախնական դատական լսումները Հակակոռուպցիոն դատարանում, կայացան այսօր:

Aravot.am-ի հարցին՝ շարունակելո՞ւ են ներկայանալ «ոչ իրավազոր» նիստերին եւ ի՞նչ նպատակով, Տիգրան Աթանեսյանը պատասխանեց. «Դա շատ հին, հայտնի, լավ հնարք է, որը գալիս է… միգուցե մի քիչ ամպագոռգոռ հնչի, Ֆիդել Կաստրոյից, Նելսոն Մանդելայից եւ նրանց դատավարություններից. սա մեզ համար ամբիոն է՝ հասարակության հետ երկխոսելու»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Արմեն Աշոտյանի պաշտպաններից Ռուբեն Մելիքյանի համար էլ դատավորի շտապողականությունն է անհասկանալի։ Դատական նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում, Ռուբեն Մելիքյանն ասաց, որ բավական մեծ ժամանակի պաշար ունի դատարանը, մեղադրող կողմը, քանի որ Արմեն Աշոտյանը կալանքի ժամկետը լրանում է շաբաթվա վերջին. «Ինձ համար անհասկանալի էր, թե ինչո՞ւ օրենքի խախտմամբ շարունակվեց դատական նիստը։ Եթե խնդիր կա, կարելի է օրենքը փոխել, ոչ թե շրջանցել օրենքը: Բացի այդ, մի քանի միջնորդություններ մեր գործընկերների կողմից ներկայացվեցին, որոնք  անհասկանալի արձագանք ունեցան։ Տպավորություն է, որ դատարանը ցանկանում է արագ լուծել խափանման միջոցի հարցը»։

Aravot.am-ի դիտարկմանը՝ դատավոր Վահե Դոլմազյանը կարծես մտահոգված է Արմեն Աշոտյանի խափանման միջոցի հարցով, գուցե ուզում է նրան օր առա՞ջ ազատության մեջ տեսնել, Ռուբեն Մելիքյանն արձագանքեց. «Ես նման տպավորություն չեմ ստացել, եթե, իհարկե, սա սարկազմ չէ»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանն օրերս մերժեց մեր վերաքննիչ բողոքները եւ Արմեն Աշոտյանին թողեց կալանքի տակ: Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը լրագրողներին տեղեկացրել էր, որ այդ ընթացքում Արմեն Աշոտյանի գործն ուղարկվել է դատարան:

Հիշեցնենք, Արմեն Աշոտյանն արդեն երեք ամիս է կալանավորված է: Նա մեղադրվում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու, փողերի վատնման, փողերի լվացման մեջ:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031