Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմավար, այլ ոչ թե զարդ դարձած փամփուշտների մասին

Հոկտեմբեր 09,2023 23:23

Արցախյան հակամարտության զինանոցի փամփուշտները, որոնցից պետք է զարդեր ձուլվեին, ինչպես ժամանակին քարոզում էր ՀՀ վարչապետի տիկնոջ «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությունը, և զարդարեին փափկասուն տիկնանց գեղանի պարանոցները, ռազմավարի տեսքով հանձնվեցին թշնամուն։ Օրերս ՌԴ Պաշտպանության նախարարությունը, խաղաղապահների գործունեության մասին տեղեկագրում հրապարակեց այդ հանձնված զենք-զինամթերքի և զինտեխնիկայի թվաքանակը։

Նախապես արձանագրենք, որ սույն անդրադարձը վերաբերում է բացառապես ՀՀ որդեգրած ու իրականացրած ինֆորմացիոն քաղաքականությանը՝ տարվող Արցախյան պատերազմից առաջ, ընթացքում (այդ մասին գրել եմ դեռ երկու տարի առաջ «Պատերազմի առաջին զոհը ճշմարտությունն է» հոդվածում) և հետո։ Ինֆորմացիոն քաղաքականություն, որը Արցախի ողբերգական ճակատագրի հարցում՝ վճռական նշանակություն ունեցող օղակներից մեկն է։ ՀՀ վարչապետի տիկնոջ նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավը, այդ քաղաքականության կարևոր պտուտակներից մեկն էր։

Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց անմիջապես հետո՝ 2018 թվականի հուլիսի 24-ին, տիկին Աննա Հակոբյանը՝ իր Մոսկվա կատարած այցի շրջանակներում, ելույթ ունենալով «Տրետյակովյան» պատկերասրահում հայտարարեց, թե սկսում է «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությունը։

Դիմելով ներկաներին՝ տիկին Աննա Հակոբյանը ընդգծեց, թե չի ցանկանում հոգնեցնել իր ունկնդիրներին՝ հակամարտության ակունքներին վերադառնալով կամ հայկական կողմի դիրքորոշումը ներկայացնելով։

«․․․Իրականում ես կարծում եմ, որ կարևոր չէ, թե ինչպես է ծագել այս հակամարտությունը։ Կարևորն այն մարդկային կյանքերն են, երիտասարդ մարդկային կյանքերը, որոնցով վճարվում է այդ կոնֆլիկտի դիմաց։

․․․ու կարևոր չէ, թե պետություններից յուրաքանչյուրն ինչ ստացավ այդ պատերազմից, ով գոհ մնաց, ով՝ դժգոհ։ Կարևորն այն է, որ երիտասարդ եւ լուսավոր կյանքեր ոչնչացան, ընտանիքներ որբացան, եւ երկու երկրում էլ որդեկորույս մայրերի նոր բանակներ ձևավորվեցին»։

Նախաձեռնության գաղափարական բովանդակությունը և դրան համահունչ հնչեցվող վերոհիշյալ միտքը, առաջին հայացքից, մայրական փխրուն սրտից բխած և մարդասիրական արժեքներ քարոզող կոչ կարող է ընկալվել, եթե միայն վերանանք այն փաստից, որ այն հնչեցնում է իքս պետության իգրեկ ղեկավարի տիկինը։ Սակայն վերանալ այդ փաստից չենք կարող, քանի որ այդ ուղերձը հնչեցնում էր ոչ թե ֆեմինիստական, բարեգործական կամ մարդու իրավունքներով զբաղվող ինչ-որ մի հասարակական կազմակերպության ղեկավար, այլ՝ Ադրբեջանի հետ երեսուն տարի ձգվող հակամարտության կողմ հանդիսացող և պարբերաբար արյունալի պատերազմի մեջ ներքաշվող Հայաստանի Հանրապետության առաջին տիկինը, որն օտարերկրյա լսարանի առջև հնչեցնում է արժեքային վակում առաջացնող միտք, թե՝ «կարևոր չէ հակամարտության ծագման պատմությունը»։

Հակամարտության պատմություն, որը տասնամյակներ շարունակ թղթի վրա արձանագրում էր պատմական արդարության, ազգերի ինքնորոշման, իրենց պատմական հողում Արցախի ազգաբնակչության անվտանգ կեցության և էթնիկ զտումների ենթարկվելու վտանգի մասին։

Այնուհետ, արժեքային վակում առաջացնող այդ և ոչ պակաս վակումային հաջորդ՝ «կարևոր չէ, թե պետություններից յուրաքանչյուրն ինչ ստացավ այդ պատերազմից» մտքերը, ինֆորմացիոն հոսքագծերի միջոցով՝ լցվում էին նաև տեղական լսարանի ականջները։ Եվ պատահական չէ, որ վերջինս, պատերազմական «Հաղթելու ենք» մոտիվացիոն կոչին պատասխանելով բուռն ոգևորությամբ, այնուամենայնիվ, զգուշորեն շուռ ու մուռ էր տալիս նախապատերազմական քարոզչության հետևանքով իր ենթագիտակցության մի անկյունում ծվարած հարցերը, թե՝«ինչքանո՞վ է իրականում կարևոր այդ հողակտորը մեր համար, մեր տղաները կրկին զոհվում են հանում ոչնչի, թե՞ ․․․»։ Ահա հայկական լսարանի ենթագիտակցության մի անկյունում արդեն պինդ ծվարած այդ հարցերի հետևանքով էր նաև, որ «Հաղթելու ենք» մոտիվացիոն կոչը մնաց զուտ հեշթեգի մակարդակում, քանի որ մենք, ի սկզբանե, խաղաղության ռոմանտիկ տրամադրվածությամբ, համաձայնվել էինք փամփուշտերը զարդեր դարձնելուն, իսկ զարդերով, բնականաբար, բայրաքթար չես «զգետնի»։

Ահա ուրեմն, 2018 թվականի հուլիսի 24-ին, «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությունը, որը իրականացնում էր ՀՀ վարչապետի տիկինը, այլ ոչ թե հասարակական ակտիվիստների խմբակ, ազդակ ուղարկեց օտարերկրյա, հայաստանյան և ադրբեջանական լսարաններին, թե հայկական կողմը տրամադրված է խաղաղության։ Եվ երկու տարվա ընթացքում, մինչ պատերազմի պայթյունը, ՀՀ տեղեկատվական քարոզչության կողմից տեղի չունեցավ ոչ մի հակակշիռ մասշտաբային ակցիա, որը ի ցույց կդներ այն փաստը, որ՝ չնայած հայոց փափկասուն տիկնայք խաղաղություն են պահանջում, բայց մեդալի հակառակ երեսում տղամարդիկ անսասան պատրաստ են պատերազմի, եթե հանկարծ թշնամին չընկալի հայոց մայրերի մարդասիրական կոչը։ Բանակը ներքնաշորով հագեցնելու և կուշտ կերակրելու քարոզչական ակցիան, չի տեղավորվում վերը ասված մտքի մեջ։ Թշնամուն պետք է ցույց տալ զենքի փայլ, մկաններից պրկված մարտական բազուկներ, այլ ոչ թե ուտելիքի առատությունից ծանրացած զինվորական ճաշարաններ։

Կարևոր է ընդգծել փաստը և ընդգծում եմ այդ փաստը, որ «Կանայք հանուն խաղաղության» արշավը իրականացնում էր պետության առաջին դեմքի տիկինը։ Փորձեցի վերհիշել, թե հակամարտությունների ու պատերազմների պատմության մեջ եղե՞լ են արդյոք առաջին տիկնայք, որ կազմակերպել են նման արշավներ։ Բարեգործական ճաշարաններ՝ փախստականների ու տեղահանվածների համար, հոսպիտալներում ծառայություն և հերթապահություն, նվիրատվություններ որբանոցներին և անտուններին, ի վերջո մարտական ջոկատների ձևավորում, զինավարժություններին մասնակցություն ու մի շարք նման նախաձեռնություններ իրականցվել են առաջին տիկնանց կողմից, սակայն, խաղաղության քարոզչության գործը մնացել է հիմնականում ֆեմինիստական և հասարակական կազմակերպությունների ուսերին։

Այսպես, օրինակ, «Սևազգեստ կանայք» շարժումը, որն ի հայտ եկավ 1988 թվականին Երուսաղեմում՝ ընդդեմ իսրաելա-պաղեստինական հակամարտությանը, 1981 թվին կազմակերպված կանացի ճամբարը՝ Մեծ Բրիտանյայի Գրինհեն-Կոմմոնում, որտեղ տեղակայված էր ռազմական բազա՝ միջուկային հրթիռներով։

Կանացի պացֆիստական կազմակերպությունները ակտիվ էին, հատկապես, Առաջին համաշխարհայինի տարիներին։ 1914 թվականին, օրինակ, 15 000 կին մասնակցում էր խաղաղ ակցիայի Նյու Յորքում։ Այդ կանայք հրաժարվեցին իրենց շարքերը ընդգրկել նույնիսկ այն տղամարդկանց, որոնք նույն կերպ խաղաղության կողմնակից էին։

Համախոհների լայն բանակ ուներ նաև «Հանուն խաղաղության կանացի կուսակցությունը», որի շրջանակներում, ֆեմինիստուհիներ Ռոզիկա Շվիմմերը և Էմմելին Պատրիկ-Լօուրենսը, 1915 թվականին Հոլանդիայում կազմակերպեցին «Կանանց միջազգային խաղաղ համաժողով»-ը։ Այդ համաժողովը մշակել էր հստակ կանոնադրություն, որը ոչ մի աղերս չուներ փամփուշտները զարդերի վերածելու ռոմանտիկական սիմվոլիզմի հետ։ Համաժողովի ուղերձը այնքան կուռ և գործնական էր, որ հետագայում ԱՄՆ նախագահ Վիլսոնը, դրանցից շատերը դրեց իր «Տասնչորս կետ» տեսլականում, որը նա առաջարկում էր որպես հիմք՝ 1919 թվականի խաղաղության պայմանագրի։

2018 թվականի հոկտեմբերին Աննա Հակոբյանը հյուրընկալեց մի խումբ՝ Ռուսաստանից ժամանած կանանց Արցախում, առաջնագծում ասելով, թե մայրական սիրո հանդեպ կհալվեն աշխարհի փամփուշտները և արշավին միացող յուրաքանչյուր կին կստանա նվեր զարդ՝ հալված փամփուշտներից։ Նա նաև կոչ արեց այն հայ կանանց, ովքեր ունեն թանկարժեք զարդեր, նվիրաբերել դրանք ակցիայի նպատակներին։

Բաքուն անմիջապես արձագանքեց ՀՀ առաջին տիկնոջ նախաձեռնությանը՝ մեղմ ասած ոչ խաղաղասեր ազդակով ու սև ցուցակ մտցրեց ակցիային մասնակցած և Արցախ այցելած մի քանի կանանց՝ գրող Լյուդմիլա Ուլիցկային, «Վերա» բարեգործական ֆոնդի հիմնադիր Նյուտե Ֆեդերմեսերին և Պետդումայի միջազգային գծով փոխնախագահ Սվետլանա Ժուրովային, իսկ ՌԴ ԱԳՆ-ն Մարիա Զախարովայի շուրթերով տվեց հետևյալ գնահատականը․

«Ինչ վերաբերում է այդ ակցիային, ապա ոչ կազմակերպիչները, ոչ մասնակիցները՝ ռուսական կողմից, չեն դիմել ՌԴ ԱԳՆ, այդ իսկ պատճառով մեզ դժվար է որևէ գնահատական տալ այդ ակցիայի գաղափարին։ Մեզ հետ ոչ մեկը չի կիսվել տեղեկատվությամբ։ Մենք այդ մասին իմացել ենք ԶԼՄ-ներից։ Կուզենայի ընդգծել, որ սկզբունքային առումով նման միջոցառումների հաջողելու գրավականը կայանում է նրանում, որպեսզի կողմերը կարևորեն այն և աջակցեն միմյանց, քանի որ խոսքը վերաբերում է իրավիճակի, որտեղ առկա է հակամարտություն կողմերի միջև»,-հատու արձանագրեց Զախարովան։

Նրանք, ովքեր հասկանում են դիվանագիտության լեզուն, Զախարովայի այս երեք նախադասության տակ կարող են գտնել ոչ միայն հստակ գնահատական հիշյալ ակցիային, այլ նաև առավել խորը տեղեկատվություն՝ այդ պահին արդեն հասունացող և հետագայում իր դառը պտուղները տվող հայ-ռուսական հարաբերությունների մասին։ Ինչևէ։

Ըստ էության, ի՞նչ գործնական քայլեր էր առաջարկում ՀՀ վարչապետի տիկնոջ նախաձեռնությունը՝ խաղաղության հասնելու և առանց պատերազմի արցախյան հակամարտությունը հաղթահարելու համար, բացի՝ Մեհրիբան Ալիևային Արցախում մուղամի տակ հյուրընկալելու բարիդրացիական առաջարկը։ Հարցի պատասխանները փորձեցինք գտնել «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության պաշտոնական էջում։

Մեկ տարի առաջ՝ 2022 թվականի հոկտեմբերի 10-ին արված՝ «Հայ կանանց մեռելային լռությունը» վերտառությամբ նյութում, որի հեղինակն է Աննա Հակոբյանը, կարդում ենք հետևյալը․

«․․․Արշավի վերջնանպատակն էր ոտքի հանել հարյուր հազարավոր հայ կանանց, ովքեր օրինակ կծառայեին, քաջություն կփոխանցեին բռնապետության մեջ ապրող ադրբեջանցի կանանց և վերջիններիս ճնշման արդյունքում իսկապես հնարավոր կլիներ կանխել լայնածավալ պատերազմը, հակամարտության լուծման այլ ճանապարհ որդեգրել։ Եվ ի՞նչ կատարվեց: Կատարվեց այն, որ դեռ սաղմնային փուլում «Կանայք հանուն խաղաղության» արշավը տապալվեց՝ հանդիպելով հայ կանանց մեռելային լռությանը (թող ինձ ներեն այն հատուկենտ կանայք, ովքեր աջակցություն էին հայտնում արշավին, եւ բոլոր նրանք, ովքեր դա անում էին Ֆեյսբուքյան քոմենթի տեսքով)»։

Այսինքն, այն, որ ակցիան տապալվել է սաղմային փուլում, մեղավոր են հայ կանայք։ Իսկ այն, որ նման նուրբ թեմային առնչվող պատասխանատու նախաձեռնությունը, ըստ ՌԴ և Ադրբեջանի արձագանքների ենթատեքստի, հաշվի չի նստել իրերի իրական դասավորության հետ, չի մշակել ու սեղանին չի դրել գործելու հստակ կանոնադրություն՝ ակցիայով հետաքրքրվողների համար (համենայն դեպս նման կանոնադրություն-ուղեցույց չգտանք ոչ մի տեղ) և բավարարվել է միայն այս ու այն հարթակից ռոմանտիկ կոչեր հնչեցնելով, դա, թերևս, ակցիայի տապալման հարցում նշանակություն ունենալ չի կարող։ Կարծում եմ, շատերը կհամաձայնեն, որ հստակ մշակված ու գաղափարական ամուր հենք ունեցող, ինչպես նաև ժամանակակից տեղեկատվական քարոզչության և PR-ի զինանոցին տիրապետող ոչ մի նպատակ չի կարող, ի վիճակի չէ տապալվել սաղմային փուլում։

Էդվարդ Բերնեսը, որին համարում են Պրոպագանդա և PR հասկացությունների հայրը, ասում էր, որ եթե դաշնամուր արտադրող ընկերությունը ուզում է հասնել իր արտադրանքի վաճառքի լավագույն արդյունքին, ապա պետք է համագործակցի շինարարական ընկերության հետ, որը նորակառույց բնակարաններ է նախագծում՝ խնդրելով, որ ընկերության ճարտարապետները նորակառույցների բնակարաններում գծագրեն սենյակներ, որոնք ունեն հարմար անկյուն՝ դաշնամուր տեղադրելու համար և այդ պարագայում, սպառողները անպատճառ կգնեն դաշնամուր։ Հանճարեղ է, այնպես չէ՞։ Թե չէ՝ «հայ կանանց մեռելային լռություն»․․․

Նաիրա Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031