ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի պաշտպաններ Տիգրան Աթանեսյանը եւ Ռուբեն Մելիքյանն այսօր կայացած նախնական դատական լսումների ժամանակ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդություն չներկայացրեցին՝ չնայած դատախազները եւ դատավորը պատրաստ էին աշխատանքային օրվա ավարտից հետո շարունակել աշխատել:
Պաշտպաններից Տիգրան Աթանեսյանը հայտարարեց, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանի օրերս կայացրած որոշման գրավոր տարբերակը պաշտպանները կստանան միայն վաղը: Հիշեցնենք, օրերս Սերգեյ Մարաբյանը մերժեց վերաքննիչ բողոքները եւ Արմեն Աշոտյանին թողեց կալանքի տակ: Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը լրագրողներին տեղեկացրել էր, որ այդ ընթացքում Արմեն Աշոտյանի գործն ուղարկվել է դատարան:
Արմեն Աշոտյանի պաշտպանների կարծիքով, քանի դեռ որոշման գրավոր տարբերակը չունեն եւ հիմքերին ծանոթ չեն, իրենց ներկայացվելիք միջնորդությունը կարող է թերի լինել:
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանն, ի դեպ, ամեն կերպ փորձում էր «համոզել», որ պաշտպանները կալանքի վերացման միջնորդությունը ներկայացնեն: Դատախազներից Արմեն Նշանյանն էլ կարծիք հայտնեց, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումը թեեւ իրենք էլ են վաղը ստանալու, բայց դա բնավ չի խանգարում, որ Արմեն Աշոտյանի պաշտպաններն այսօր միջնորդություն ներկայացնեն: Նա նաեւ հայտարարեց, որ պատրաստ են զոհաբերել իրենց ժամանակը եւ աշխատել աշխատանքային օրվա ավարտից հետո:
Կարդացեք նաև
Տիգրան Աթանեսյանը եւ Ռուբեն Մելիքյանը պնդեցին իրենց դիրքորոշումը: Դատավորը նիստը հետաձգեց՝ աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված:
Մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնենք, Արմեն Աշոտյանն արդեն երեք ամիս է կալանավորված է: Նա մեղադրվում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու, փողերի վատնման, փողերի լվացման մեջ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ