Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատախազությունն ազնիվ է գտնվել՝ փաստել է այս գործի քաղաքական լինելը». Արմեն Աշոտյան

Հոկտեմբեր 09,2023 21:21

-Քաղաքական հետապնդում է տեղի ունենում…

-Ես ստիպված եմ Ձեզ ընդհատել։

-Մի ընդհատեք, հարց եք տալիս, ես պատասխանում եմ:

-Հարցը հետեւյալն է՝ կա՞ նման միջնորդություն, թե՞ ոչ. եթե կա, հետո կներկայացնեք, հայտարարությունների ժամ չի։

-Բացարկ այս պահին չունենք: Հայտարարությունների ժամ չի, ես Ձեր հարցին եմ պատասխանում բացարկի վերաբերյալ։ Չեմ կարծում, որ լավ դատավոր կամ վատ դատավորներ կան. Հակակոռուպցիոն դատարանը ստեղծել է այս իշխանությունը, մենք հակակոռուպցիոն դատարանին չունենք բացարկ։

Այս երկխոսությունն այսօր, Հակակոռուպցիոն դատարանում, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի եւ մյուսների գործով նախնական դատալսումների ժամանակ, տեղի ունեցով նախագահող դատավոր Վահե Դոլմազյանի եւ Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանի միջեւ:

Քննարկվում էր դատավորին բացարկի հարցը: Դատավորը հայտարարեց, որ մինչեւ Հակակոռուպցիոն դատարանում դատավոր նշանակվելը, դատախազությունում աշխատել է Արմեն Աշոտյանի պաշտպանական խմբի անդամ Հաբեթ Մարտիրոսյանի հոր հետ:

Մանրամասները՝ տեսանյութում

Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը մեղադրող դատախազներին բացարկի միջնորդություն ներկայացրեց ու բացատրեց՝ բայց դրանք ոչ թե նրանց անձին են վերաբերվում, այլ դատախազության այն վարչությանը, որը ներկայացնում են: Արմեն Աշոտյանի եւ մյուսների գործը գտնվում է դատախազության՝ պետական իշխանության դեմ կատարված հանցագործությունների վարչության իրավասության ներքո: Տիգրան Աթանեսյանը պարզաբանում է՝ գործով անցնող ամբաստանյալների ենթադրյալ հանցանքը պետական իշխանության դեմ չէ, բայց եթե դատախազներ Արմեն Նշանյանը եւ Արամ Դոլինյանը համաձայնել են այս գործով մեղադրողներ լինել, ապա նրանք անկողմնակալ չեն: Պաշտպանն այստեղ միտում է տեսնում: Ենթադրում է, որ այդ վարչությունն է  «ամենամարտունակը»:

Տիգրան Աթանեսյանը կարծում է, որ այս գործի հսկողությունն այլ վարչության կողմից պետք է իրականացվեր. օրինակ, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների վարչության:

Մանրամասները՝ տեսանյութում

Դատավորն էլ նկատեց, որ ըստ մեղադրանքի հատկանիշների, Արմեն Աշոտյանը պետական իշխանության կրող է:

Ամբաստանյալ Արմեն Աշոտյանն էլ հայտարարեց՝ դատախազությունն ազնիվ է գտնվել եւ տվյալ ստորաբաժանմանը գործը վստահելով՝ փաստել է այս գործի քաղաքական լինելը:

Մեղադրող դատախազ Արմեն Նշանյանն էլ երկար եւ օրենքներին հղումներ անելով՝ բացատրեց, թե ինչո՞ւ է հատկապես այդ վարչությանը վստահվել գործը: Մյուս մեղադրողը՝ Արամ Դոլինյանն էլ կարծիք հայտնեց, որ վարչության անվան հետ շահարկումները տեղին չեն, դատախազությունը կոնսոլիդացված մարմին է:

Մանրամասները՝ տեսանյութում

Միջնորդությունները մերժվեցին:

Պաշտպան Տիգրան Աթանեսյանը նաեւ նկատառում ուներ՝ գործը Հակակոռուպցիոն դատարանում քննելու մասով:

Մանրամասները՝ տեսանյութում

Դատավորը մեկը մյուսի հետեւից մերժեց նաեւ ամբաստանյալներ Մարթա Սիմոնյանի եւ Միքայել Նարիմանյանի պաշտպանների միջնորդությունները՝ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Մարթա Սիմոնյանի պաշտպան Ավիկ Սուքիասյանը հիմնավորեց այսպես՝ վերջինիս մասով հարուցված քրեական գործն անջատվել է ընդհանուր գործից, իսկ ՊՎԾ-ն ուսումնասիրությունների արդյունքում ենթադրյալ հանցագործությունը չի հաստատել, քանի որ քրեական գործի նյութերին հանցագործություն կատարելու մասին փաստաթուղթ կցված չէ. «Դիմել ենք, չեն տալիս : Ենթադրում ենք, գոյություն չունի նման փաստաթուղթ»:

Մանրամասները՝ քիչ ուշ՝ տեսանյութում

Միքայել Նարիմանյանի պաշտպանի դիտարկմամբ էլ, ողջ ուսումնասիրության ընթացքում ՊՎԾ-ն առաջնորդվել է  «Պետական մարմինների մասին» օրենքով, մինչդեռ, ԵՊԲՀ-ն պետական մարմին չէ եւ գործում է հիմնադրամի սկզբունքով: Ուստի, հիմնադրամի աշխատակիցները չեն կարող պետական աշխատողներ կամ պետական ծառայողներ լինել:

Դատավորը եւ դատախազներն այն կարծիքին էին, որ հարցն այս փուլում քննարկելի չէ:

Հիշեցնենք, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանն օրերս մերժեց մեր վերաքննիչ բողոքները եւ Արմեն Աշոտյանին թողեց կալանքի տակ: Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը լրագրողներին տեղեկացրել էր, որ այդ ընթացքում Արմեն Աշոտյանի գործն ուղարկվել է դատարան:

Հիշեցնենք, Արմեն Աշոտյանն արդեն երեք ամիս է կալանավորված է: Նա մեղադրվում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու, փողերի վատնման, փողերի լվացման մեջ:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031