Ակտիվիստ Արթուր Չախոյանն այսօր ծեծի է ենթարկվել։ Ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակված տեսանյութում Չախոյանը տեղեկացնում է, որ իր վրա հարձակվել են երեք անձինք ու բռնության ենթարկել։ «Հենց հիմա ոստիկանություն զանգեք, էս թուրքը տուն գնալիս, հետը երկու տղերք, եկան հարձակվեցին վրաս, ծեծեցին երեք հոգով, սա էլ մոտի դանակն է։ Ո՞վ է քեզ ուղարկել, Ավինյա՞նն է ուղարկել, դանակ ես քաշո՞ւմ վրես»,- իրենց բռնության ենթարկողներից մեկին դիմել է Չախոյանը։
Արթուր Չախոյանը տեղեկացրել է, որ դիմում է ոստիկանություն։
Քիչ անց նրա մերձավորները հրապարակում են արել, որ Արթուր Չախոյանի վրա դանակով հարձակված 3 անձանցից մեկին ոստիկանները բերման են ենթարկել։
Կարդացեք նաև
«Արթուրին դանակով չեն կարողացել խփել, Արթուրի հետ ամեն ինչ լավ է, Արթուրի ուժն էլ թերագնահատել էին»,- գրել է օգտատերերից մեկը։
Հիշեցնենք, որ Արթուր Չախոյանը պարբերաբար հանդես է գալիս իշխանությունների, մասնավորապես, Երեւանի իշխանությունների գործունեության քննադատությամբ։ Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ նա բացահայտել էր, որ սեպտեմբերի 7-ին Նոր Նորք վարչական շրջանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի անցկացրած հանրահավաքին մասնակցել են պետական հաստատությունների մեծ թվով աշխատակիցներ։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ