Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավաշի կախարդանքը»․ փառատոն՝ լավաշի մայրաքաղաք համարվող Արևիկում

Հոկտեմբեր 09,2023 21:12

Շիրակի մարզի՝ հացթուխներով ու լավաշ թխելու ավանդույթներով հայտնի գյուղերից մեկում՝ Արևիկում, տեղի ունեցավ  իր տեսակով բացառիկ փառատոն՝«Լավաշի կախարդանքը» խորագրով։

Հեղինակն ու կազմակերպիչն «Արդինի» կրթամշակութային ու տուրիզմի զարգացման հիմնադրամն է՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և փառատոնի գլխավոր գործընկեր «Երեմյան փրոջեքթսի» աջակցությամբ։

Aravot.am-ի հետ զրույցում փառատոնի կազմակերպիչ Երանուհի Սողոյանն ասաց, որ Արևիկը հացթուխների հայրենիքն է համարվում,  գյուղը ճանաչում ունի հենց իր լավաշով, խորհրդային տարիներին Արևիկը  կատակով անվանել են «Լավաշգրադ», այսինքն՝ լավաշի մայրաքաղաք։

«Թե ինչու փառատոնը կազմակերպվեց Արևիկ գյուղում, սկսեմ նրանից, որ իմ հորական տատիկը Արևիկից է և գյուղի հայտնի լավաշ թխողներից է եղել։ Արևիկը խորհրդային տարիներին հայտնի է եղել իր հացթուխներով և հատկապես իր լավաշ հացով, որն իր համով առանձնացել է՝ ի շնորհիվ Արևիկի դաշտերի կարմրահատ ցորենից ստացված ալյուրի և ջրի։ Խորհրդային տարիներին գրեթե բոլոր տներում լավաշ թխվել է՝ մեծ մասը վաճառքի համար։ Լենինականի շուկայում ամենահարգին եղել է Արևիկի լավաշը։

Բազմաթիվ զավեշտալի դեպքեր են տեղի ունեցել, երբ հարևան գյուղերից հաց վաճառողները  փորձել են  խաբել՝ ասելով, թե Արևիկի լավաշն է, որպեսզի վաճառվի։ Այս ամենը մանկական տարիներից իմ հիշողության մեջ կա, բայց լավաշը մեկ անգամ ևս հանրահռչակելու քայլին ինձ դրդեց այն, երբ 2021 թվականի ամռանը՝ պատերազմից հետո, տեսա մեկը կտրոն էր հրապարակել Ռուսաստանի Դաշնության ինչ-որ բնակավայրի խանութներից մեկից։ Գնումներ էին արված ու այդ կտրոնի վրա գրված էր ադրբեջանական լավաշ։ Հենց սա է, որ ինձ ստիպեց, հասկացա, որ մեր հարևաններն ամեն գնով փորձում են մեզանից խլել մեր և՛ նյութական, և՛ ոչ նյութական ժառանգությունը։ Լինելով քոչվոր՝ իրենք փորձում են տանել նստակյաց ժողովրդի ստեղծածն ու արժեքավորը։

2022 թվականին նախաձեռնեցինք, բայց չստացվեց, ուրիշ ծրագրի վրա էինք աշխատում, 2023 թվականին հնարավորություն ստեղծվեց ԿԳՄՍ-ի հայտարարած դրամաշնորհի շրջանակներում մեկնարկը տալ փառատոնի»,-ասաց Երանուհի Սողոյանը։

Փառատոնը նախատեսված էր անցկացնել սեպտեմբեր 23-ին՝ հացքաղի ավարտից հետո, սակայն Արցախում տեղի ունեցած ցեղասպանությունը, մեր հայրենակիցների բռնի տեղահանումը պատճառ են հանդիսացել  հետաձգելու։

Այն տեղի է ունեցել հոկտեմբերի 7-ին։ Փառատոնի համար թխված 300-350 լավաշի վաճառքից ստացված գումարը փոխանցվել է Արցախից բռնի տեղահանված ընտանիքներից մեկի կարիքները հոգալու։

Փառատոնը բացվել է հացթուխների պարով․ հյուրերին  դիմավորել է Գյումրու Հայորդաց տան «Գանձեր» պարային խումբը, Գյումրու Մտորումների թատրոնը ցուցադրել է «Կախարդական լավաշը» ներկայացումը։

Փառատոնի շրջանակներում նույնիսկ մնայուն արժեք են թողել գյուղին․ գեղանկարիչ Մամիկոն Վարդերեսյանն Արևիկի մանկապարտեզի շենքի վրա Գրիգոր Խանջյանի «Լեռներում» գործը սթրիթ-արտի է վերածել,  նաև կավագործության բաց դաս են  անցկացրել։

Փառատոնին մասնակցել է նաև Հադրութի մանկապատանեկան կենտրոնը, սաները ցուցադրել են իրենց ձեռքի աշխատանքները, արցախյան գորգերը, արցախյան փախլավան ու հայտնի ժինգյալով հացը։

Կազմակերպիչները նպատակադրված են փառատոնը դարձնել ամենամյա, այն նպաստում է նաև գյուղի հանրահռչակմանը, լավաշի մայրաքաղաքի՝ զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում  հայտնվելուն։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ «Արդինի» հիմնադրամի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031