Արցախի հայերի էթնիկ զտման ենթարկվելու ու բռնագաղթի պատճառով տեղի բուհերը եւս հայտնվել են գոյատեւման խնդրի առաջ: Aravot.am-ի տեղեկություններով, մասնավորապես, ՀՀ կառավարությունը հակված չէ հնարավորություն ընձեռելու, որ Արցախի պետական համալսարանի գործունեությունը Հայաստանում շարունակվի, դրա համար էլ համալսարանի ուսանողներին այլ բուհերի միջեւ է բաժանում, իսկ դասախոսների ճակատագիրն առայժմ անհայտ է:
Այդ թեմայով Aravot.am-ի հարցին ի պատասխան, ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից ընդամենը հետեւյալը փոխանցեցին. «Այս փուլում առաջնային են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բոլոր ուսանողների ընդհատված կրթության շարունակականության ապահովումը եւ կրթության իրավունքի իրացումը, ինչն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում գործող բուհերի շրջանակում»:
Հիշեցնենք, որ Արցախի պետական համալսարանը հիմնադրվել է 1969թ: Բուհն ունի 5 ֆակուլտետ՝ բանասիրական, բնագիտական, մանկավարժության եւ սպորտի, պատմության եւ իրավագիտության, ինչպես նաեւ տնտեսագիտության, 15 ամբիոն, որտեղ աշխատում է շուրջ 200 դասախոս, այդ թվում՝ գիտության դոկտորներ, պրոֆեսորներ, դոցենտներ, ավագ դասախոսներ, դասախոսներ, ասիստենտներ: Պայմանագրային հիմունքներով համալսարանում դասախոսում են ինչպես Արցախի, այնպես էլ ՀՀ-ից եւ ՌԴ-ից հրավիրված բարձրակարգ մասնագետներ: Համալսարանի առկա և հեռակա բաժինների բակալավրիատում և մագիստրատուրայում սովորում են շուրջ 3000 ուսանողներ: Ասպիրանտուրայում սովորում են շուրջ 5 տասնյակ ասպիրանտներ, որոնք, որպես կանոն, հաջողությամբ պաշտպանում են թեկնածուական թեզեր եւ ստանում գիտական աստիճաններ:
Ի թիվս այլնի, համալսարանն ակտիվ համագործակցության ծրագրեր է իրականացնում Երևանի Ամերիկյան համալսարանի, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Սլովակիայի Ակալիցա քաղաքի Միջին Եվրոպայի համալսարանի, ԱՄՆ Կալիֆոռնիայի համալսարանի և այլ միջազգային բարձր վարկանիշ ունեցող բուհերի հետ:
Կարդացեք նաև
Արցախի պետական համալսարանի լուսանկարը՝ համալսարանի կայքից:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ