Լրահոս
Օրվա լրահոսը

«Ականատեսի աչքերով ասեմ՝ ինքնաձիգը, նռնակը, զրահաբաճկոնը թափած են եղել, ուղղակի հավաքող էր պետք․ պատերազմում մենք զորքի կառավարման խնդիր ենք ունեցել»․ ռազմական փորձագետ

Հոկտեմբեր 09,2023 19:33
zinvor

44-օրյա պատերազմի  տարբեր դրվագներով դատական նիստերի ժամանակ երբեմն վկաներն՝ մոբից, ասում են, որ մարտական առաջադրանք կատարելիս բավականաչափ զինված չեն եղել, զրահաբաճկոն, նռնակ չեն ունեցել նորմալ պաշտպանվելու համար։

Մինչդեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ զենքի պակաս չի եղել։

Վարչապետի եւ վկաների խոսքերի այս հակասությանն անդրադառնալով՝ ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն ասում է՝ որպեսզի հասկանանք, թե ինչու 44-օրյա պատերազմն այդպես ավարտվեց, այլ ուղղությամբ պետք է վերլուծել, ոչ թե՝ զրահաբաճկոն, նռնակ կա՞ր, թե չկար․ «Մեզ անընդհատ  տանում են զենք լինել-չլինելու դաշտ, զրահաբաճկոն լինել -չլինելու դաշտ եւ անընդհատ շատ կարեւոր բան բաց են թողնում։  Երեւի միտումնավոր են դա անում»։

Ամենակարեւոր, գլխավոր խնդիրն, ըստ փորձագետի, այն է, թե այդ զորքն ի վերջո ինչպես է կառավարվել․ «Նույնիսկ զորքը զենքը ձեռքին չի կարողացել ճիշտ նահանջել, հակառակ  ուղղությամբ է գնացել, շրջափակման մեջ ընկել, գերեվարվել, եւ այլն։ Մենք  զորքի կառավարման հետ խնդիր ունենք, այստեղ էական չի  տվյալ պահին ձեռքին ինքնաձիգ է եղել, թե այլ զինատեսակ։ Եթե մերձամարտ է վարում, բնականաբար, իսկանդեր պետք չէր, պետք էր ինքնաձիգ։ Իսկ մինչեւ դրան  հասնելը՝ մերձամարտ վարելը, պետք է զորքը կառավարվի,  ունենա հստակ հրաման, նահանջի հստակ հրաման, դիրքավորվելու հստակ հրաման։ Բայց այս թեման, չգիտես ինչու, բոլորը նրբորեն շրջանցում են։ Ոչ ոք չի խոսում այդ մասին, թե ինչո՞ւ է զորքը հայտնվել այնպիսի իրավիճակում, որ նույնիսկ չի կարողացել ճիշտ նահանջել։ Կրկնում եմ՝ 44-օրյա պատերազմում մենք զորքի կառավարման խնդիր ենք ունեցել եւ այստեղ ոչ թե մարդիկ, թյուր կարծիք չստեղծվի, թե ասում եմ փախչել են,  հրամանատարական կազմը փախչել է եւ այլն, պարզապես թշնամին հրամկազմին գլխատել է, կարողացել է  նույնիսկ մեկ  բայրաքթար ուղարկել սերժանտի ուղղությամբ, որպեսզի գլխատի զորքը»։

Հովհաննիսյանի դիտարկմամբ՝  խնդիրը մեր բանակի կառուցվածքն է։ Ասում է՝ մենք չենք ունեցել պահուստային հրամանատարական կետեր, որոնք կկարողանային բաց դաշտում զորքը կառավարել․ «Ահա այս դետալների մեջ է  խնդիրը, ոչ թե զենք կար-չկար, 80-ականների էր, եւ այլն։ Որպես ռազմի դաշտում գոնե ականատեսի աչքերով ասեմ՝ ինքնաձիգը, նռնակը կամ զրահաբաճկոնը  թափած են եղել, ուղղակի հավաքող էր պետք։ Հավանաբար  որոշ մարդիկ պատասխանատվությունն իրենց վրայից գցելու համար հեքիաթներ են հորինում։ Այն, ինչ ասում են վկաները, կարող է իրականությունից հեռու լինեն։ Դետալները դրանց մեջ չեն, այլ ոչ ճիշտ եւ ոչ ժամանակին զորքը կառավարելու մեջ են։

Նույնիսկ զենք-զինամթերք, ամեն ինչ ճիշտ ժամանակին հասցնելու մեջ։ Այսինքն, նույնիսկ անհրաժեշտ ամեն ինչ  հասցնելը ոչ ճիշտ ժամանակին է եղել, ոչ ճիշտ  իրավիճակներում է եղել։  Հրաման տվողը ստիպված է եղել զինվորի վիրակապով զբաղվել, որովհետեւ իրենց մոտ ճիշտ պահին չեն ուղարկել համապատասխան օգնությունը, իսկ այդ ժամանակ հրամանատարը,  պատերազմի օրենքով, չպետք է զբաղվի զինվորի վիրակապով, ինքը  պետք է զբաղվեր իր առաջադրանքը կատարելով։  Վատ բան եմ ասում՝ իր համար ոչ թե այդ մեկ վիրավոր զինվորի կյանքը պետք է թանկ լիներ, այլ պետք թանկ լիներ (սա պատերազմի կանոն է) հնարավոր զոհվող բազմաթիվ զինվորների կյանքը։ Սա է կառավարումը։ Մեր բանակի  մեջ է խնդիրը, այսինքն, ոչ թե տղաների կատարած սխրանքների, այլ կառուցվածքի, գաղափարախոսության»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031