Երեկ հրապարակվեցին ԼՂ ՊԲ-ի հանձնած զենքի եւ զինտեխնիկայի վերջնական թվերը։ Հրապարակումից հետո սոցիալական ցանցում շատերը զարմանք հայտնեցին, թե բավականին զենք ուներ Արցախի պաշտպանության բանակը, կարող էր պաշտպանություն իրականացնել, ինչո՞ւ չկռվեցին եւ այլն։
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն Aravot.am-ի հետ զրույցում նկատում է՝ եթե հաշվի առնենք Արցախի տարածքը՝ այդ զենք-զինամթերքը բավականին շատ էր, որպեսզի պաշտպանություն իրականացնեինք, սակայն պաշտպանությունը միայն զենքով չի իրականացվում
«Տվյալ դեպքում զենքն ունեինք, բայց պաշտպանություն իրականացնելու հնարավորություն չունեինք, որովհետեւ անմիջապես թիկունքում մենք շատ կարեւոր ռազմավարական, մարտավարական սխալ էինք թույլ տվել 2020 թվականին, երբ խաղաղ բնակչությանը ուռա ասելով վերադարձրեցինք Արցախ՝ անմիջապես շփման գիծ։ Դա, ըստ էության, դարձավ մեր դեմ ամենամեծ զենքը։ Այս առումով մենք այդ զենքերը չէինք կարող մինչեւ վերջ օգտագործել, որովհետեւ խաղաղ բնակչությանը թիրախավորելու էին։ Մեզ շանտաժի էին ենթարկում, որ եթե զենքը կիրառեք, խաղաղ բնակչությանը կմորթենք։ Այնպես, որ ասել, թե մենք այդքան շատ զենք ունեինք, հանձնեցինք, չկռվեցինք, դա այնքան էլ այդպես չէ, որովհետեւ այդտեղ բավականին խորքային հարցեր կային, եւ նույնիսկ եթե շատ ավելի մեծ քանակի զինանոց լիներ, միեւնույն է, այդպես էր լինելու, այդտեղ կար խաղաղ բնակչություն, որը մեր դեմ օգտագործեցին»,-ասում է Հովհաննիսյանը։
Մեր հարցին՝ արդյոք միտումնավոր էին խաղաղ բնակչությանը վերադարձրել շփման գծին մոտ, փորձագետը պատասխանում է՝ 2020 թվականին, երբ արցախցիները վերադառնում էին, ինչպես ներկայացնում է Հովհաննիսյանը, բոլորն ուրախացել էին, միջնորդ կողմը՝ ՌԴ-ն, անվտանգության երաշխիքներ էր տալիս ու մարդկանց վերադարձնում էին․ «Նպատակը հենց դա էր՝ եթե ոչ մի տարբերակ չազդի զենքը վայր դնելու վրա, ապա խաղաղ բնակչությանը պետք է օգտագործեն որպես շանտաժ հենց մեր դեմ»։
Կարդացեք նաև
Հովհաննիսյանը վստահ է, որ հանձնված այդ զենքը օգտագործելու է Ադրբեջանը, չնայած, որ ըստ պայմանավորվածության այն պետք է ոչնչացվեր ռուսական կողմի ներկայությամբ․ «Բայց պարզվում է, որ այդպես չէ, ոչ միայն չեն ոչնչացվում, այլ դրանք գնում են ծառայելու իրենց նպատակին՝ թշնամու ձեռքում։ Ես վստահ եմ, որ այդ զենքերն օգտագործելու են Ադրբեջանի զինված ուժերը։ Դրանք նույնիսկ Ռուսաստանի ձեռքում էլ չեն հայտնվել»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ