Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանական անկլավները նստած են ՀՀ մայրուղիների վրա, եթե տա Ադրբեջանին, միջանցք է պետք, Նոյեմբերյանից Իջեւան ճանապարհը կտրվելու է. քարտեզագետ

Հոկտեմբեր 09,2023 18:02

Այսօր «Մեդիա կենտրոնում» «Անկլավներ. ի՞նչ են ասում քարտեզները» թեմայով քննարկման ժամանակ աշխարհագրագետ, քարտեզագետ-քարտեզաբան Ռուբեն Գալիչյանն ասաց, որ անկլավների հարցի լուծման ամենահեշտ ճանապարհն այն է, ինչ առաջարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Հայաստանում եղած անկլավների ընդհանուր տարածքը 45 քկմ է, Արծվաշենը՝ 44 քկմ է, որը Հայաստանի անկլավն է Ադրբեջանի ներսում: Վարչապետը խոսեց, որ մենք պետք է փոխանակենք՝ այն, ինչ գտնվում է Ադրբեջանի տարածքում, մնա Ադրբեջանին, իսկ այն, որ մեր տարածքում է, մեզ մնա, դա ամենահեշտ ճանապարհն է: Հետո խնդիրներ են առաջ գալու»:

Ադրբեջանը համաձայն չէ այս առաջարկին, իսկ թե ինչ ռազմավարական նշանակություն ունեն իր անկլավները ՀՀ տարածքում՝ քարտեզագետը պատասխանեց. «Խորհրդային միությունը հայկական անկլավը տվել էր Ադրբեջանին մի խուլ անկյունում, որը ռազմավարական ոչ մի նշանակություն չուներ, իսկ Հայաստանում գտնվող ադրբեջանական անկլավները նստած են Հայաստանի մայրուղիների վրա: Թե Խորհրդային միությունը ինչու է հայկական մայրուղին դրել Ադրբեջանի հսկողության տակ, դա արդեն այլ խնդիր է: Ժամանակին դրա մասին ոչ ոք չի մտածել, չի էլ խոսել: Բայց եթե այդ 3 անկլավները տրվեն Ադրբեջանին, այդ անկլավներից դեպի Ադրբեջան ճանապարհ մեկն ունի, մյուս երկուսը չունեն: Ադրբեջանն ի՞նչ է անելու, վաղն էլ գալու են, ասեն՝ մենք միջանցք ենք պահանջում, որ միանանք մեր անկլավներին: Այսինքն՝ Հայաստանի տարածքի մեջ միջանցք են ուզելու: Քանի այդ միջանցքը չունենան, իրենք չեն կարող այդ անկլավին հասնել: Եթե հայի ազգանունով մեկը, նույնիսկ՝ ամերիկահայ, Եվրոպայում ծնված «յան» ազգանունով ուզում է Ադրբեջանի տարածք մտնի, իրավունք չեն տալիս: Ինչպե՞ս են իրենք Հայաստանի միջով անցնելու, հասնեն իրենց անկլավին: Սրանից հետեւում է, որ իրենք պահանջելու են միջանցք՝ դեպի իրենց անկլավը ու դա նույն դերն է կատարելու, ինչ Զանգեզուրի միջանցքը: Եթե Տիգրանաշենը միացնեն Ադրբեջանին, այնուհետեւ վերեւում երկու անկլավները միացնեն Ադրբեջանին, առաջին հերթին Երեւանից դեպի Հայաստանի հարավ ընկնող ճանապարհը ընդհանրապես կտրվելու է, մյուս կողմից էլ Իջեւանից դեպի Նոյեմբերյան ճանապարհն է կտրվելու: Վարչապետը հայտարարություն արեց, որ եթե Տիգրանաշենը տրվի Ադրբեջանին, մենք տարբերակ ունենք ճանապարհի: Ճիշտ է, այս քարտեզի վրա տեսեք Երեւանից դեպի Երասխ հասնող եւ Երասխից դեպի լեռներ հասնող ճանապարհը, Տիգրանաշենը նստած է ճիշտ մայրուղու վրա: Ադրբեջանցին չի կարող հասնել այդտեղ, Հայաստանի միջով պիտի անցնի: Այլ տարբերակը նեղ ճանապարհ է՝ փոքր բեռնատարների համար: Բայց մեծ բեռնատարներն ու ավտոբուսները հնարավոր չի այդ ճանապարհով անցնեն, պիտի լայնանա, ուղին փոխի, նոր ճանապարհ պիտի կառուցվի այդտեղ»:

Քարտեզագետն առաջարկում է, որ եթե Հայաստանը անկլավ տա Ադրբեջանին, թող փշալար քաշի ու ասի. «Հա, ձերն է, բայց ինչպե՞ս եք անցնելու, մենք ձեզ տարածք չենք տալիս, ինչպես դուք մեզ իրավունք չեք տալիս ձեր սահմանը մտնել, դրա համար քաղաքականություն ու խիզախություն է պետք»:

Գալիչյանն ասաց, որ կարելի էր իրավական փաստաթղթերը, քարտեզները վերցնել ու մտնել միջազգային դատարան, բայց Ալիեւի համար կարեւոր չէ, թե ինչ է ասում միջազգային դատարանը եւ կարեւոր չէ, թե ինչ է ինքը ստորագրել անգամ. «Ուզածն անում է, օրեցօր նրանց ախորժակը մեծանալու է: Եվ գալիս ենք մի եզրակացության, որ ուժին միայն ուժով կարող ես դիմադրել»:

Քարտեզագետն ասաց, որ 1928-ից մինչեւ 1938-40թթ-ն Ադրբեջանը մաս-մաս Հայաստանից ու Արցախից կորզել է շուրջ 1200 քկմ տարածք ու Հայաստանը ունի իրավական հիմքեր՝ դրանք պահանջելու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031