ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Արևիկ բնակավայրում հոկտեմբերի 7-ին անցկացվել է «Լավաշի կախարդանքը» խորագրով փառատոնը:
Այն նվիրված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 20-ամյակին և ուղղված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված հայկական լավաշ հացի նորովի արժևորմանը, պահպանությանն ու գնահատմանը:
Փառատոնն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգի 2023 թ. դրամաշնորհային մրցույթի շրջանակում՝ «Արդինի» կրթամշակութային և տուրիզմի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ: Ծրագրի գործընկերն էր «Երեմյան փրոջեքթս» ընկերությունը, որը հայկական հյուրընկալության ավանդույթների պահպանման նպատակով մշտապես աջակցում է հայկական խոհանոցի ճանաչելիության բարձրացմանն ուղղված նախաձեռնություններին։
Փառատոնի ընթացքում Գյումրու «Մտորումների թատրոնը» ցուցադրել է «Կախարդական լավաշը» ներկայացումը, Գյումրու Հայորդաց տան «Գանձեր» պարի խումբը՝ «Հացթուխների պարը», Հադրութի մանկապատանեկան կենտրոնը՝ արցախցի վարպետների ձեռագործ աշխատանքները, իսկ Գյումրու Գեղագիտական կենտրոնի սաները հանդես են եկել իրենց գեղանկարչական աշխատանքներով:
Կարդացեք նաև
Փառատոնին ներկայացված էին «Երեմյան Փրոջեքթսի» «Լավաշի դիմանկարներ. հայկական հացը ֆոտոպատումներում» նախագծի ցուցադրությունը: Այստեղ ներկայացված են հայկական լավաշի տարբեր տեսակները՝ ընդգծելով հացի մշակութային արժեքն ու բազմաբնույթ դրսևորումները: Ուշագրավ էր նաև կավագործ Լևոն Հովհաննիսյանի վարպետության դասերը, «Արևիկ» մանկապարտեզի շենքի պատին գեղանկարիչ Մամիկոն Վարդերեսյանի Գ. Խանջյանի «Լեռներում» կտավի պատկերումը, որն ամբողջացել է հենց միջոցառման ընթացքում: Առանձին տաղավարներում տեղի են ունեցել նաև լավաշի և գյուղական բարիքների ցուցադրություններ ու մանկական ծրագիր:
Արևիկ համայնքը խորհրդային տարիներին հայտնի է եղել իր հմուտ հացթուխներով և լավաշի թխման ավանդույթներով, որոնք վերջին տարիներին աստիճանաբար մոռացվում են: Օտարները, գյուղը մեծարելով, կոչում էին Լավաշգրադ, այսինքն՝ լավաշի մայրաքաղաք: Միջոցառման շնորհիվ արևիկցի հացթուխներն ու երիտասարդ կամավորները հնարավորություն են ունեցել վերարժևորելու գյուղը ժամանակին ապրեցնող ու շենացնող, գյուղի մշակութային խորհրդանիշ հանդիսացող լավաշ հացը:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ