Հակակոռուպցիոն դատարանում այսօր մեկնարկել են ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի եւ մյուսների գործով նախնական դատական լսումները։ Ամբաստանյալներից Ռոլանդ Դավթյանը դատարան չէր ներկայացել։ Նիստի քարտուղարը տեղեկացրեց, որ զանգահարել է վերջինիս, նա պատճառաբանել է հետեւյալը՝ քանի որ իր պաշտպանը տեղեկացրել է, որ նիստին չի մասնակցելու նախապես նշանակված այլ դատական նիստի պատճառով, ինքը եւս որոշել է չներկայանալ այսօրվա նիստին։ Ավելի ուշ նախագահող դատավոր Վահե Դոլմազյանը տեղեկացրեց, որ Ռոլանդ Դավթյանի պաշտպանը այսօր դիմում է ներկայացրել դատարան՝ տեղեկացնելով իր չներկայանալու պատճառը. այն է՝ նախապես նշանակված մեկ այլ դատական նիստով իր պաշտպանյալի կալանքի հարցն է քննարկվելու։ Պաշտպանը նաեւ խնդրել է այս գործով հետագա նիստերը նշանակել համաձայնեցված։
Դատավոր Վահե Դոլմազյանը մեղադրյալի՝ նիստին չգտնվելը պատճառ չհամարեց նիստը հետաձգելու համար։ Արմեն Աշոտյանի պաշտպաններից Ռուբեն Մելիքյանը մեջբերեց քրեական դատավարության օրենսգրքի այն հոդվածը, ըստ որի՝ մեղադրյալի բացակայության պատճառով նիստի հետաձգում իմպերատիվ պահանջ է։ Դատավորը առարկեց, նկատելով, որ կան հարցեր, որոնք կարելի է քննել, եթե դրանք տվյալ մեղադրյալին չեն վերաբերվում։ Ռուբեն Մելիքյանը տարակուսեց՝ իր պրակտիկայում սա առաջին դեպքն է, որ առանց մեղադրյալի նիստ է անցկացվում։ Դատավոր Վահե Դոլմազյանը շարունակեց՝ գուցե պաշտպանի պրակտիկայում առաջին դեպքն է, բայց քրդատօրի իրավակիրառ պրակտիկայում բազմաթիվ դեպքեր կան։
Արմեն Աշոտյանի պաշտպաններից Տիգրան Աթանեսյանը հիշեցրեց, որ Ռուբեն Մելիքյանը քրեական դատավարության օրենսգրքի հեղինակներից է։ Դատավորն առիթն օգտագործեց դժգոհելու համար՝ «Օրենսգրքում բազմաթիվ թերություններ կան»։
Ավելի ուշ, երբ քննարկվում էին դատավորի եւ դատախազների բացարկի հարցերը, Ռուբեն Մելիքյանը կրկին պնդեց իր մոտեցումը, տարակուսանք հայտնելով, որ եթե բացակայող մեղադրողը այդ հարցերի մասով առարկություններ ունենա, հետո ինչպե՞ս պետք է վերադառնալ դատավարության տվյալ փուլին։ Դատավորը հայտարարեց, որ եթե հաջորդիվ անհրաժեշտություն եղավ այս հարցերին կրկին անդրադառնալու, դրա համար որեւէ խոչընդոտ չկա։ Մանրամասները՝ տեսանյութում։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանն օրերս մերժեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոքը եւ Արմեն Աշոտյանին թողեց կալանավորված: Պարզվեց, որ Արմեն Աշոտյանի գործն ուղարկվել է դատարան :
Հիշեցնենք նաեւ, որ Արմեն Աշոտյանն արդեն երեք ամիս է՝ կալանավորված է: Նա մեղադրվում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու, փողերի վատնման, փողերի լվացման մեջ: Արմեն Աշոտյանին առաջադրված մեղադրանքը, նրա շահերի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը որակում է աբսուրդ եւ «հոգեկան խնդիր ունեցող մարդու երեւակայություն» :
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ