Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում կա 3 անկլավ, որը քարտեզագրվել է, բայց մինչեւ հիմա որեւէ գրավոր փաստաթուղթ, գրավոր հիմք չկա, թե ինչպես է դա տրվել Ադրբեջանին». Գալիչյան

Հոկտեմբեր 09,2023 17:05

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ հանդիպմանն ընդառաջ զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ադրբեջանական, ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Միշելի հետ զրույցում Ալիևը նշել է ութ անկլավի՝ 8 գյուղի մասին, որոնք, ըստ նրա, «օկուպացված են Հայաստանի կողմից, դրանք պետք է ազատագրել»։

Այսօր «Մեդիա կենտրոնում» «Անկլավներ. ի՞նչ են ասում քարտեզները» թեմայով քննարկման ժամանակ աշխարհագրագետ, քարտեզագետ-քարտեզաբան Ռուբեն Գալիչյանն ասաց, որ մի կողմից Ալիեւն ասում է, որ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, մյուս կողմից ասում, որ եթե Հայաստանը չի գալիս մանրակրկիտ քարտեզագրման եւ սահմանազատման, ապա այն տարածքները, որտեղ մեր զինվորները կանգնած են, կհաշվենք մեր սահմանները. «Եթե պարոն Ալիեւը ցանկություն ունի խաղաղության պայմանագրի կնքման, ապա քարտեզի վրա ես կարող եմ ցույց տալ այն տարածքները, որ 2021 թ-ից մինչեւ այսօր Ադրբեջանը գրավել է Հայաստանի ինքնավար տարածքից: Դրանք շուրջ 200 քկմ տարածք են՝ հիմնականում բարձունքներ: Այս բարձունքներից Ալիեւը չի հեռացել եւ մինչեւ չհեռանա, իր ասածը, որ համաձայն ենք տարածքային ամբողջականությունը ճանաչել՝ միտք չունի»:

Ադրբեջանի կողմից ճանաչվելիք Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ 29 800 քկմ, ենթադրու՞մ է, որ այդ երկիրը պետք է իր բոլոր ուժերը դուրս հանի Հայաստանի ինքնիշխան տարածքից՝ Սև լիճ, Ճամբարակ, Ջերմուկ, Իշխանասար և այլն: Ի՞նչ են պնդում քարտեզները, որոնց վրա հիմնվելով՝ պետք է կատարվեն սահմանագծման և սահմանազատման աշխատանքները: Այս առնչությամբ Գալիչյանը քարտեզի վրա ցույց տվեց, թե ինչպես վարչապետն է ասում՝ 1974 թվի քարտեզով, որը պիտի հիմք ընդունեն սահմանագծման, սահմանազատման համար, իրականում որտեղ պիտի կանգնած լինեին ադրբեջանցի զինվորները: Մինչդեռ Ալիեւը իր զինվորների ձեռքը տվել է կեղծ քարտեզներ ու նրանք հիմա շատ ավելի առաջ են, շատ ավելի մեծ տարածքներ են իրենցով արել, քան պիտի լիներ՝ ըստ 74թ. քարտեզի. «Ադրբեջանը պետք է այդ կեղծ քարտեզները, որոնք տվել է իր սահմանապահներին՝ առանց վավերացման, հավաքի եւ վերադարձնի խորհրդային շտաբի այն քարտեզները, որ իրենք վավերացրել են»:

Հարցին՝ կա՞ն անկլավներ, որոնք ենթակա են վերադարձման, քարտեզագետը պատասխանեց. «Անկլավ կոչեցյալը, ինչպես գիտենք, երկրի տարածք է, որը գտնվում է հարեւան երկրի մեջ, ֆիզիկական կապ չունի իր երկրի հետ: Ադրբեջանը իր Անկախության ակտի երկրորդ հոդվածով ասում է, որ մենք ժառանգն ենք 1918-20թթ Ադրբեջանի: 1918-20թթ-ին անկլավներ գոյություն չունեին Հայաստանի մեջ եւ Ադրբեջանի մեջ, անկլավներ չկային: Այդ ժամանակ նույնիսկ Ադրբեջանի հսկողության տակ չէր Նախիջեւանը, դա Հայաստանի հսկողության տակ էր, հետո տրվեց իրենց՝ Ստալինի ու Լենինի կողմից: Այդ քարտեզը Խորհրդային միության 1926թ հանրագիտարանից վերցված քարտեզ է, վավերացված է ՆԳՆ-ի կողմից, պաշտոնական քարտեզ է, այս քարտեզի մեջ էլ ոչ մի անկլավ գոյություն չունի: Այստեղ տարածքներ կան, որ ժամանակին Հայաստանինն են եղել, աստիճանաբար տրվել են Ադրբեջանին: Այստեղ Հայաստանն ու Արցախը սահմանակից են, միայն Աղավնո գետն է իրենց միջով անցնում: Բայց հետո Ադրբեջանը, տարածքներ վերցնելով, հեռացրեց իրարից այս երկու երկրամասերը: Նույնիսկ 1932-ի խորհրդային քարտեզով ոչ մի անկլավ գոյություն չունի: Հետո հանկարծ գալիս ենք 1940 թ-ին, այստեղ ադրբեջանական 3 անկլավ կա՝ Ասկիպարա, Բարխուդարլու եւ Տիգրանաշեն: Իսկ Հայաստանն ունի մեկ անկլավ, որը Արծվաշենն է Ադրբեջանի տարածքում: Այս տարածքները գծագրվել են քարտեզի վրա, բայց մինչեւ հիմա որեւէ գրավոր փաստաթուղթ, գրավոր հիմք չկա, թե ինչպես է սա տրվել Ադրբեջանին: Այդ պատճառով է, որ երկու տարի առաջ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հետեւյալ հայտարարությունն արեց՝ եթե Հայաստանն ասում է, որ այդ տարածքներն իրենն են, ապա պետք է պաշտոնական փաստաթուղթ ներկայացնի, որ դրանք իրենն են: Բայց այս տարածքները Հայաստանի տարածքի ներսում են, ուրեմն Հայաստանինն են: Եթե Ադրբեջանը հայտարարում է, որ դրանք իրեն են պատկանում, ապա Ադրբեջանը այդ հողամասերն իրեն փոխանցելու փաստաթղթերը պետք է ներկայացնի, որը չունեն: Ես խոսել եմ Ազգային արխիվի նախկին ղեկավար Ամատունի Վիրաբյանի հետ, խոսել եմ հետազոտություն անողների հետ, արխիվներում ոչ մի փաստաթուղթ գոյություն չունի, որ այս տարածքները տրվել են Ադրբեջանին, ինչպես եւ ինչու են տրվել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031