Քարտեզագիր Շահեն Շահինյանը բացատրում է՝ որոնք են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մատնանշած 8 գյուղերը, որոնք, ըստ Ալիեւի, ՀՀ-ն բռնազավթել է:
Ըստ մեր զրուցակցի՝ մի ադրբեջանաբնակ, փոքրիկ բնակավայր գտնվել է Տիգրանաշենում, մյուսները՝ Տավուշի մարզում. «Երբ խոսում են ութ գյուղերի մասին, պետք է հասկանալ, որ որոշակի պահանջներ ունեն այս պահին մեր վերահսկողության տակ գտնվող Տավուշի մարզին հարակից որոշ շրջանների վերաբերյալ: Օրինակ՝ Վերին Ոսկեպարը, որը իրենք համարում են իրենց տարածք, այնտեղ հիմնական բնակավայր չի եղել, եղել է ժամանակավոր անասնապահների բնակության վայր: Մյուսները գտնվում են Տավուշի սահմանամերձ գոտում. 90-ականներին, երբ որ մարտեր են ընթացել հայ-ադրբեջանական ուժերի միջեւ, եղել են սահմանի տեղաշարժումներ, որի արդյունքում իրենց գյուղերից, կարծեմ երկուսը, հայտնվել են չեզոք գոտում, երկուսը հայտնվել են հայկական վերահսկողության տակ ու մարդաբնակ չեն: Բայց շատ հետաքրքիր է, որ միաժամանակ ոչ մեկը չի բարձրացնում հայկական այն տարածքների հարցը, որոնք զավթվել են Ադրբեջանի կողմից՝ նույն Արծվաշենը, որն իր մակերեսով մի փոքր է զիջում ադրբեջանական երեք անկլավներին միասին վերցրած: Վերջին երեք տարիներին Ադրբեջանի կողմից զավթված տարածքների՝ Վերին Շորժայի, Ջերմուկի, Մեծ Իշխանասարի, Ներքին Հանդի հատվածներում, ոչ մեկը սրանց մասին չի հիշում: Չեն հիշում նաեւ, որ Նախիջեւանի հատվածում կան տարածքներ, որոնք ժամանակին եղել են չեզոք, հիմա Ադրբեջանը զավթել է եւ այդտեղ էլ բավականին խոշոր տարածքների մասին է խոսքը գնում: Եթե հիմա նայենք Հայաստանի եւ Ադրբեջանի այն տարածքները, որոնք ըստ 70-ականների քարտեզների՝ պետք է փոխանակվեն, Ադրբեջանն այս պահին երկու-երեք անգամ ավելի շատ տարածք ունի Հայաստանից զավթած, քան թե Հայաստանն ունի իր վերահսկողության տակ ադրբեջանական տարածքներ: Առնվազն ազնիվ չէ պահանջել այն կողմից, որը քիչ տարածքներ ունի վերահսկողության տակ, բայց դրա փոխարեն չխոսել այն տարածքների մասին, որոնք իրենք պետք է վերադարձնեն: Միջազգային մեխանիզմն ասում է՝ եկեք, դրսեւորեք բարիդրացիական քայլ, դուք Հայաստանից ունեք զավթված բավականին խոշոր տարածքներ, վերադարձրեք դրանց մի մասը՝ ցույց տալով, որ դուք պատրաստ եք փոխհամաձայնեցված քայլերի, բայց մենք տեսնում ենք՝ 2020 թվականից սկսած Ադրբեջանը տանում է միակողմանի ագրեսիվ քաղաքականություն, եւ սա միտված է հերթական զավթման ցանկությանը» :
Շահինյանի խոսքով, Գրանադայում վերջին հայտարարության ժամանակ հնչած Հայաստանի տարածքային ամբողջականությանը վերաբերող մակերեսները համապատասխանում են Խորհրդային միության գոյության վերջին ժամանակահատվածի քարտեզներում առկա մակերեսներին, դրանք 1970-ականների քարտեզներն են. «Եթե հիմք են ընդունվում այդ քարտեզներն ու դրանցում արտացոլված մակերեսները, ապա ստացվում է, որ անկլավները ներառվում են Ադրբեջանի կազմում, Արծվաշենը՝ ՀՀ կազմում: 2021-22 թթ Ադրբեջանի կողմից զավթված մեր տարածքները նույնպես մտնում են այդ թվականների քարտեզների մեջ, այսինքն՝ եթե հայտարարում են, որ այդ մակերեսները պետք է պահպանվեն, ապա այդ տարածքները պետք է վերադարձվեն: Ուղղակի այդտեղ շատ նրբություններ կան: ՀՀ-Ադրբեջանի սահմանն անցնում է լեռներով, բարձունքներով: Ադրբեջանը կարող է ֆիզիկապես տարածք զավթած չլինելով՝ վերահսկողության տակ պահել ՀՀ բավականին խոշոր հատվածներ: Օրինակ՝ մեր սահմանն անցնում է Իշխանասարի մեծ գագաթով, եթե Իշխանասարի գագաթը գտնվում է իրենց վերահսկողության տակ, ապա իրենք վերահսկում են բավականին խոշոր տարածք մեր խորքում, եթե մեր վերահսկողության տակ, ապա մենք ենք վերահսկում» :
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ