Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն, որ Իսրայելը ենթադրաբար էլ զենք չի վաճառելու Ադրբեջանին, չի նշանակում, որ դա մեզ առավելություն է տալու». Հայկ Քոչարյանը՝ ֆեյսբուքյան հրճվողներին

Հոկտեմբեր 09,2023 15:46

Իսրայելում պատերազմի հետ կապված հայ հասարակության մի ստվար հատված անթաքույց հրճվանք է ապրում՝ համարելով, որ Իսրայելը պատժվում է՝ մեր թշնամուն զենք մատակարարելու համար: Հանրային գործիչներն ակամայից դարձել են Պաղեստինի շահերի պաշտպանն ու երկրպագուն:

Ինչո՞ւ ենք այսքան հրճվում ու ի՞նչ ենք իրականում շահելու այս բախումներից՝ Aravot.am-ի հետ զրույցում արաբագետ Հայկ Քոչարյանը պատասխանեց. «Անկեղծ ասած, ես սոցցանցերում չեմ հանդիպել հրճվանքի դրսեւորումներ, բայց պետք է հասկանալ մի բան, որ սա մեր հարեւանությամբ՝ անմիջապես մեր տարածաշրջանում է եւ եթե դա դուրս է գալիս պաղեստինա-իսրայելական առճակատումներից ու սկսում է ընդլայնվել տարածաշրջանում, դա բերելու է լուրջ հետեւանքների եւ այդտեղ արդեն հրճվելու առիթներ չեն լինի: Դա ընդհանուր անվտանգային համակարգը տարածաշրջանում կքանդի եւ այստեղ մեր անելիքն այն է, որ հետեւենք ու հասկանանք՝ տարածաշրջանի հիմնական խաղացողներն ի՞նչ դիրքորոշում ունեն: Մենք պետք է դա վերլուծենք ու փորձենք մեր անվտանգային շահը կառուցել նոր ձեւավորվող պարադիգմայի կոնտեքստում»:

Կան ֆեյսբուքյան օգտատերեր, որոնք իրենց գլխավոր նկարի վրա տեղադրել են Պաղեստինի դրոշը եւ ոգեւորված պնդում են, որ մեր թշնամու թշնամին մեր բարեկամն է, իսկ Իսրայելը զենք է տվել մեր թշնամուն՝ Ադրբեջանին ու շնորհավորել է հաղթանակի կապակցությամբ: Հարցին՝ ՀԱՄԱՍ-ը նույնպես շնորհավորել է Ադրբեջանին՝ հաղթանակի կապակցությամբ ու նշել, որ ցանկացած օկուպացիայի վերջը դա է, մենք ՀԱՄԱՍ-ի հաջողությունների ֆոնին չե՞նք ուզում դա նկատել ու ինչո՞ւ ենք համարում, որ մեր շահերը համընկնում են Պաղեստինի հետ՝ Հայկ Քոչարյանը պատասխանեց. «Մարդիկ ազատ են իրենց գործողություններում, կարող են ոգեւորվել նման բաներից, բայց պետության տեսանկյունից շահերն այլ են: Իսրայելը վաճառել է զենք Ադրբեջանին, բայց Ադրբեջանը այլ երկրներից էլ է զենք գնել, այդ տրամաբանությամբ չի կարելի շարժվել: Երկրների հարաբերությունները կառուցվում են իրենց շահերից ելնելով: Այդ շահերն են, որ ձեւավորում են երկրների անվտանգային սպասելիքներն ու իրենց անվտանգության երաշխավորներին: Մեր չարած գործը ուրիշի վրա պետք չի բարդել: Հայ համայնքի ներկայությունը արաբական երկրներում իր դերը խաղացել է պաղեստինյան հակամարտության վերաբերյալ մեր դիրքորոշման վրա: Մեր խնդիրը պետք է լիներ հայկական խնդիրներով զբաղվելը եւ թե աշխարհի որ ծայրում ով ինչ դիրքորոշում ունի՝ ընդունել ի գիտություն եւ ըստ դրա կառուցել մեր շահերը: Մենք միշտ ենք այդ կոնֆլիկտը կողքից դիտել, դա մեր կոնֆլիկտը չի: Պարզ է, որ ակտիվ գործողությունների չենք գնալու, բայց վերլուծել փոփոխվող տարածաշրջանի որ ձեւավորվող անվտանգային համակարգերը, թե տարածաշրջանի խաղացողներն ինչ են ասում, ոնց են գործում՝ դա շատ կարեւոր է այս փուլում, որպեսզի կարողանանք կառուցել մե՛ր անվտանգային համակարգը: Այս առճակատումն ինքը ցույց է տալիս, որ փոխվել են տարածաշրջանում շատ անվտանգային հարաբերություններ եւ սրանից բխող հետեւանքների առումով գործ ունենք անելու: Այս եւ տարածաշրջանում ցանկացած կոնֆլիկտ, որը մոտ է մեզ, չի կարող բխել մեր շահերից: Մեծ հաշվով, սա քանդված անվտանգային համակարգի արդյունք է տարածաշրջանում: Մենք պիտի հասկանանք մեր շահերը, որ նոր ձեւավորվող պարադիգմայում մեր տեղը գտնենք»:

Իրանցի մի շարք վերլուծաբաններ անհանգստություն են հայտնում եւ վտանգավոր սցենարների մասին են զգուշացնում, որ եթե Պաղեստինին հաջողվի ազատագրել զավթված տարածքները, ապա չի բացառվում, որ Իսրայելն այդ տարածքներում բնակվող իսրայելցիներին ցանկանա վերաբնակեցնել Արցախի օկուպացված տարածքներում։ Այս առնչությամբ արաբագետն ասաց. «Դա մի քիչ այլ ժանրից է, Իրանը իր անվտանգային տեսլականն ու վտանգները պրոյեկտում է տարածաշրջանի վրա, որը գուցե իրենց տեսանկյունից մտահոգիչ է, բայց նման խնդիր այս պահին դրված չէ: Պաղեստինի հաջողության մասին՝ այսինքն ի՞նչ, Իսրայել պետությո՞ւնը պետք է վերացնեն, բնական է՝ ոչ, այդտեղ անհամեմատելի են ռազմական ուժերը: Եթե հանկարծ դուրս եկավ իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտը եւ տարածաշրջանում տարածվեց, այստեղ արդեն շատ սահմաններ կփոխվեն, այդ ժամանակ միայն Հայաստանը չի, Ադրբեջանը չի, Ղարաբաղի տարածքները չեն, շատ այլ բաներ կփոխվեն: Բայց հույս ունենք, որ նման զարգացումներ չեն լինի, ոնց որ թե հիմնական խաղացողները նման մեսիջներ են ուղարկում, որ կոնֆլիկտը չտարածվի»:

Հարցին՝ Իսրայելում պատերազմը դրական գնահատողների մոտ կա տեսակետ, որ սա մեզ հնարավորություն է տալու ժամանակ շահել, Իսրայելը այլեւս չի կարողանա զենք մատակարարել Ադրբեջանին, արաբական աշխարհի «գլուխը խառն է», դրանից մենք կարող ենք օգտվել, սա իսկապե՞ս նոր հնարավորություն է մեզ համար, թե՞ ոչ՝ նա պատասխանեց. «Չէ, ժամանակը կախված է, թե որքան կտեւի այս ամեն ինչը: Իսկ ժամանակ մենք կորցրել ենք, գործողություններն այնքան արագ են զարգանում, որ մենք պետք է մեր անելիքներն անենք՝ անկախ Իսրայելի զենքի վաճառքից: Այն, որ Իսրայելը ենթադրաբար էլ զենք չի վաճառելու Ադրբեջանին, չի նշանակում, որ դա մեզ առավելություն է տալու: Մենք առօրյա բազմաթիվ խնդիրներ ունենք լուծելու»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031