«Չեմ կարող ասել՝ ինչ տվյալների հիման վրա է հենվել Տիգրան Բալայանը, որովհետեւ երեկ, երբ տեսել եմ նրա մասնակցությամբ հաղորդումից վերցված այդ հատվածը, ինքս էլ արձագանքել եմ՝ որտեղից նման տեղեկություն, առավել եւս, երբ անում է դիվանագետը, պետական պաշտոնյան: Ինքը ինձ տեղյակ է պահել, որ դա իր հարցազրույցից վերցված հատված է, որն ամբողջությամբ չի արտացոլում այն, ինչ ինքն ասել է հաղորդման ժամանակ»,- Aravot.am-ին ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով ԵՄ-ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանի՝ նախօրեին արած հայտարարությանը:
Հիշեցնենք, որ Տիգրան Բալայանը հայտարարել է, որ ՀՀ-ն այժմ գտնվում է Ադրբեջանի՝ ՀՀ ներխուժման անմիջական սպառնալիքի տակ:
«Այն, որ Ադրբեջանի կողմից ակնհայտ է ՀՀ սահմանների չճանաչման ցանկությունը, դրա ապացույցները շատ -շատ են: Ոչ միայն բարձրագույն մակարդակով են ներկայացված տարածքային հավակնությունները, ոչ միայն անկլավների կամ 8 գյուղերի թեմայի զարգացմամբ, այլեւ անցած երկու ագրեսիաներն են դրա մասին խոսում: Համենայնդեպս, իհարկե, կա ՀՀ ներխուժման վտանգ, բայց որքանով է դա անմիջական, այս պահի կամ առաջիկա շաբաթների, չեմ կարող ասել»,- շարունակեց Սաֆարյանը:
Նրանից նաեւ հետաքրքրվեցինք՝ «բլե՞ֆ» է համարում Բրյուսելում Ադրբեջանի դեսպանի հայտարարությունը, թե իր երկիրը միջազգայնորեն ճանաչված Հայաստանի տարածքի հետ կապված ծրագրեր չունի։ Ստյոպա Սաֆարյանի խոսքով. «Հարցն այն է, որ Ալիեւը հասկանում է, որ իր տարածքային հավակնությունների հարցում ինքը բացարձակապես որեւէ աջակից ԵՄ-ում չունի: Առավել եւս էթնիկ զտումներով էլ չի ունեցել, եթե տարածքային ամբողջականության պաշտպանության հայտարարություններ են հնչել, դրանք չեն եղել էթնիկ զտումներ իրականացնելու համար: Ալիեւը հասկանում է, որ այս իրավիճակում որոշակի ռիսկեր պետք է մեղմի ու շատ խորամանկ տակտիկա է ընտրել: Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններ չունենալու մասին հայտարարություններն ինքը չի անում անձամբ, այլ անում են ավելի ցածր պաշտոնյաներ: Ընդհուպ՝ տեսեք՝ էլ չի ասում անկլավների թեմա, ասում է 8 գյուղեր՝ հասկանալով, որ անկլավային տրամաբանություն որեւէ մեկը չի հետապնդում: Եթե աշխարհը ոչինչ չի կարողանում անել 120.000 մարդուն իրենց տներում պահելու համար, էդ աշխարհն ինչ պետք է անի, որ երաշխիքներ տա նման մեկուսացած տարածքներում մարդկանց ապրելու համար: 8 գյուղերի թեման իր համար ուղղակի օկուպացիայի խնդիրների մասին խոսելու համար է, այդ դիսկուրսը պահելու համար է, որ ինքը ուղղակիորեն չճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը» :
Կարդացեք նաև
Մեր դիտարկմանն ի պատասխան, թե որերորդ անգամ է՝ Ադրբեջանը խոսում է ՀՀ –ի կողմից օկուպացված 8 գյուղերի մասին, սակայն ՀՀ-ից որեւէ արձագանք չկա ու շատերի մոտ հարց է առաջանում՝ այդ ինչ 8 գյուղեր են, եթե 1974թ Հայկական ԽՍՀ քարտեզում 3 անկլավ կա 34 քառ. կմ, պարոն Սաֆարյանը շարունակեց. «Ես ձեզ ասում եմ՝ դրա համար ինքը անկլավ բառը չի օգտագործում: Ես գիտեմ՝ ինչ գյուղեր են ու ասեմ՝ այդ գյուղերի կոնցեպցիան այնպես չէ, որ նոր է զարգացել: Մինչեւ 2018 թվականն էլ ֆիլմեր ունեն հանված, նույնիսկ գեղարվեստական բնույթի, որ երեխաներին հիշեցնում են՝ ութ գյուղեր գտնվում են թշնամու տիրապետության տակ… այդ ութ գյուղերից երեքը հայտնի են՝ Ազատամուտ, Ոսկեպար եւ Տիգրանաշենն են, որոնք բացարձակապես որեւէ իրավական հիմք չունեն, չկա որեւէ փաստաթուղթ, որի հիման վրա կազմավորվել է այդ անկլավը եւ մյուս յոթը՝ միջդիրքային տարածությունների խնդիրներ են, որովհետեւ դրանք ավելի շատ սահմանին հարակից գյուղեր են, այնպիսի գյուղեր են, որոնք ուղղակիորեն գտնվում են սահմանի այն կողմում եւ մատչելի են թե՛ իրենց, թե՛ մեզ համար:
Բրյուսելում մայիսյան հանդիպման ժամանակ Ալիեւը բարձրացրել է անկլավների թեման, ստացել է որոշակի պատասխաններ՝ լուծումների մի քանի տարբերակ եւ առաջարկություններ, որոնք անպատասխան է թողել: Դրանից հետո վարչապետի հետ հանդիպման ժամանակ բավականին սուր բանավեճ եմ ունեցել վարչապետի հետ, որովհետեւ խնդիրը այլ դաշտում էր… չեմ ցանկանա բացահայտել դա, բայց իմ խնդիրն այն էր, որ մենք երբեւիցե չզարգացնենք այդ ութ գյուղերի թուրքական նարատիվը, որովհետեւ դրանք միջդիրքային տարածքների խնդիր են եւ այդպիսի միջդիրքային տարածությունների հազարավոր խնդիրներ կան: Նույնպիսի միջդիրքային տարածությունների խնդիրներ կան ե՛ւ Տավուշի մարզի ամբողջ սահմանամերձ համայնքներում, ե՛ւ Ջողազում, որի մասին նույնպես վարչապետը մի անգամ հայտարարեց 850 հա միայն մշակովի հողերի՝ Ադրբեջանի օկուպացիայի տակ գտնվելը, ե՛ւ Ոսկեպարի սահմանամերձ արոտավայրերը, որոնք անօգտագործելի էին, ե՛ւ Կոթինը, ե՛ւ Բերդավանինը… այդպիսի հազարավոր հեկտարներ կան:
Հայաստանի պատասխանը պետք է լինի, որ սահմանի դեմարկացիայի դեպքում այդպիսի խնդիրները կարող են լուծումներ ստանալ, բայց քանի որ Ադրբեջանի տարածքային հավակնությունները շատ ավելի խոշոր են եւ կապված են առաջին հերթին Սյունիքի հետ, նա ինքը թաքնվում է այդ ութ գյուղերի կոնցեպցիայի տակ, որը դառնում է իր համար փրկօղակ խուսափելու ՀՀ տարածքային ամբողջականությունը ճանաչելու, որեւէ սահմանագիծ հիմք ընդունելու համար, որով կիրականացվի սահմանների դեմարկացիան: Այդ ութ գյուղերից հինգը առնվազն հիմա էլ չեն գտնվում ՀՀ տարածքում, դրանք պատերազմի ռիսկի պահպանման խնդիրներ են, միջդիրքային տարածություններ» :
Ստյոպա Սաֆարյանից հետաքրրքվեցինք՝ իսկ ինչ հիմքեր ունեին ՔՊ-ական պաշտոնյաները Գրանադայի հանդիպումից հետո հայտարարելու, թե Հայաստանն ինչ ուզել, ստացել է՝ մեծ հաջողության հասնելով, Սյունիքի միջանցքի թեման փակ է, ի պատասխան ասաց. «Եկեք, հասկանանք՝ հարցերը փակ են որտեղ, ում համար: Այո՛, ԵՄ-ը թույլ չի տալիս արտատարածքային միջանցք ՀՀ տարածքում: Այո՛, ԵՄ-ում եւ Ալիեւի մասնակցությամբ դեռեւս 2021-ի հունիսին եւ այժմ հայտարարել են, որ սահմանների փոփոխություն չի կարող լինել եւ Միշելն էլ է հայտարարել, որ Ադրբեջանը չի կարող տարածքային հավակնություններ ունենալ ՀՀ նկատմամբ: Ճանապարհների ապաշրջափակման դեպքում պետք է գործեն տվյալ երկրների իրավասության ներքո: Թղթի վրա ինչ-որ հարցեր փակվել են, որոնք կարեւոր են: Բայց ակնհայտ է, որ Ալիեւի հիմնական հույսը երբեք չեն եղել թղթերը, այլ ռազմական գործողություններով ստանալն է: Ի դեպ, Թուրքիայի պաշտպանության նախարարն էլ վերջերս շատ հստակ նկարագրեց Ալիեւի մեթոդիկան. բանակցում են, ասում են՝ տուր, տուր, տուր, պիտի տաս, երբ բանակցություններով չեն կարողանում, ապա դա օգտագործում են որպես ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու հիմնավորում» :
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ