Լրահոս
Օրվա լրահոսը

«Քահանա հայրերը կարողացել են դուրս բերել միայն ծավալով փոքր սրբությունները, Սուրբ սեղանի սպասքը». Արցախի թեմի առաջնորդ

Հոկտեմբեր 09,2023 14:18

Aravot.am-ը Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ է հնարավոր եղել հանել Արցախի վանական համալիրներից:

«Ինչ-որ կարողացել են, քահանա հայրերն իրենց հետ ավտոբուսով կամ իրենց փոքրիկ մեքենաներով դուրս են հանել, հատկապես իրենց հետ բերել են Սուրբ սեղանների սպասքը: Ավելին չեն կարողացել, որովհետեւ անհնար է եղել, հատկապես որ սեփական ընտանիքները տեղափոխելու խնդիր կար: Ես իրենց միայն թելադրել եմ, որ Սուրբ սեղանի սպասքը, սկիհները սրբությունները, Խաչը, ավետարանները գոնե բերեն, որոնք ծավալով շատ փոքր են: Մնացած բաները հնարավոր չի եղել տեղափոխել»,-ասաց Սրբազանը:

Հարցրինք՝ իսկ ռուս խաղաղապահներին, ՀՀ կառավարությանը դիմե՞լ են այդ հարցով: «Հնարավորություն է եղել դրանք պատկան մարմինների կողմից դուրս բերելու, տրանսպորտ էլ է եղել, բայց վարորդ չի եղել, որ փոխադրամիջոցը վարի: Բայցի դրանից, հնարավոր չի եղել այդ ամենը կազմակերպել այդ քաոսի մեջ:

Ես միայն դիմել եմ ռուս խաղաղապահներին, տվել եմ իրենց համապատասխան ցանկը, որ այս վանքերն ու եկեղեցիները խնդրում եմ ձեր վերահսկողության տակ վերցնեք մինչեւ ձեր՝ այդտեղ գտնվելու ժամանակահատվածը: Նրանք ինձ պատասխանել են, որ դիմել են Ադրբեջանի ներքին գործերի նախարարին, իրենց այնտեղից ասել են, որ խոստանում են՝ կապահովեն այդ վանքերի ու եկեղեցիների անվտանգությունը»,-ասաց Արցախի թեմի առաջնորդը:

Նշենք, որ Արցախի թեմի կայքում նշված են բոլոր հայկական եկեղեցիները՝ կանգուն, խոնարհված, թե վերականգնվող: Հավելենք նաեւ «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» (Monument watch) ակադեմիական հարթակը, որ մշտապես արձանագրում է Արցախի մշակութային ժառանգության վիճակն ու փոփոխությունները, դրանք ներկայացնում մասնագիտական գիտելիքի ու ակադեմիական բարեվարքության սահմաններում, վերջերս կրկին անդրադարձել էր Ադրբեջանի վտանգավոր հայտարարություններին ու նախաձեռնություններին ՝ ահազանգելով, որ Ադրբեջանի ապահայկականացման քարոզի ներքո հայկական վանքերի իրական ճարտարապետությունը կարող է աղավաղվել:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարներում՝ Մարտունու շրջանի Հեր-հեր գյուղի Սուրբ Գրիգորիս եկեղեցի, 17-րդ դար: Հերհեր գյուղը եղել է Ամարասի վանքի միաբանների ամառանոցը, իսկ եկեղեցին՝ Վարանդայի եւ Քոշեզի վիճակների կենտրոնը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031