Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուզինը՝ Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունների, ԼՂ-ում ստեղծված իրավիճակի մասին․ ՌԴ փոխարտգործնախարարի հարցազրույցը RBC-ին

Հոկտեմբեր 09,2023 13:08

ՌԴ ԱԳ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը ծավալուն հարցազրույց է տվել RBC-ին՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին, հայ-ադրբեջանական հարաբերություններին, Մոսկվայի և Երևանի միջև հարաբերություններին, տարածաշրջանում ռուսական խաղաղապահ զորախմբի հետագա ճակատագրին։

Գալուզինը նախևառաջ ընդգծել է, որ սեպտեմբերի 20-ին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցվել են ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդության ջանքերով։ Միևնույն ժամանակ նա ասել է, որ կոնֆլիկտային իրավիճակը դեռ չի ավարտվել։ «Այստեղ հրատապ է մնում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների համալիրը։ Խոսքն այնպիսի կարևոր բաղադրիչների շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման մասին է, ինչպիսիք են Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների և տնտեսական կապերի ապաշրջափակումը, սահմանի սահմանազատումը՝ հետագա սահմանագծմամբ, խաղաղության պայմանագրի ստորագրումը և Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանականների, հասարակական գործիչների, փորձագիտական համայնքների, միջև շփումների հաստատումը։ Այս ամենը, միասին վերցրած, պետք է հանգեցնի փոխադարձ ընդունելի նորմալացման պայմանների, որոնք կամրագրվեն ապագա համաձայնագրում։ Եվ Ռուսաստանը՝ որպես ազնիվ միջնորդ, որը գործընկերային և դաշնակցային հարաբերություններ ունի երկու երկրների հետ, կձգտի օգնել մեր երկու հարևանների միջև կայուն, հավասարակշռված պայմանավորվածությունների ձեռքբերմանը», – հայտարարել է Գալուզինը։

ՌԴ փոխարտգործնախարարը նշել է, որ Ղարաբաղի շատ բնակիչներ ընդունեցին հեռանալու ծանր որոշում և հավելել՝ ռուսական խաղաղապահ զորախմբի առաքելությունը շարունակում է պահանջված մնալ։ Գալուզինի խոսքով՝ պետք չէ բացառել, որ Ղարաբաղից հեռացածներից ոմանք ինչ-որ փուլում որոշեն վերադառնալ, ուստի խաղաղապահների ներկայությունը հանգստության լրացուցիչ գործոն կդառնա նրանց համար։ Նա նաև նշել է, որ զորակազմի հետագա ներկայության եղանակները կքննարկվեն Մոսկվայի և Բաքվի միջև։

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ Գալուզինն ասել է, որ ռուսական կողմը միշտ եղել է և շարունակում է հակված մնալ Հայաստանի հետ դաշնակցային, ռազմավարական հարաբերությունների կողմնակից։ «Մենք ելնում ենք ռուս և հայ ժողովուրդների միջև բազմադարյա սերտ կապերը պահպանելու և ամրապնդելու անհրաժեշտությունից, որոնք շատ բան են տվել երկու ժողովուրդներին և երկրներին զարգացման համար։ Եվ առավել տհաճ է տեսնել պաշտոնական Երևանի կողմից քայլեր, որոնք մեր կարծիքով, հիմնված են ակնհայտ հակառակ տրամաբանության վրա։ Ակնհայտ է հայ պաշտոնյաների հակառուսական հռետորաբանության էսկալացիան, հայաստանյան լրատվական տարածքում անբարյացակամ տեղեկատվական արշավի ակտիվացում։

Այս ամենը հիմնված է բացարձակապես անհիմն նարատիվի վրա, որ Ռուսաստանը չի օգնել Հայաստանին, որ Ռուսաստանը չի պաշտպանել Ղարաբաղի հայ հասարակությանը։ Սա մակերեսային քարոզչական հռետորաբանություն է, բայց պետք է տեսնել սեպտեմբերի 19-20-ին տեղի ունեցած իրադարձությունների հիմքում ընկած պատճառներն ու ակունքները: 2020 թվականի նոյեմբերի 9-ին առաջնորդները ստորագրել են եռակողմ հայտարարություն, որը սահմանում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ կարգավորման, այդ թվում՝ ղարաբաղյան խնդրի լուծմանը ձևերն ու մոտեցումները։ Եվ այդ կարգավորման ուղիներից զատ, որոնք վերը նշեցի, կար նաև ջենթլմենական համաձայնություն, ըստ որի Ղարաբաղի կարգավիճակը որոշվելու էր ապագայում․․․ Բայց մոտ մեկ տարի առաջ պատկերը փոխվեց»,-ասել է Գալուզինը՝ հիշեցնելով, որ 2022թ․ հոկտեմբերին Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս, ինչը 180 աստիճանի շրջադարձ էր պաշտոնական Երևանի դիրքորոշման մեջ, քանի որ ՀՀ գործող ղեկավարությունը իշխանության գալիս հայտարարեց՝ «Արցախը Հայաստան է»։

Գալուզինի խոսքով՝ այն փուլում, երբ Հայաստանի ղեկավարությունը ճանաչեց Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, ոչ մի խոսք չասվեց ղարաբաղցի հայերի իրավունքների և անվտանգության մասին։ Այս մասին ոչինչ չի ասվում Եվրամիության հրապարակած համապատասխան փաստաթղթերում։ «Իրավիճակը կտրուկ փոխվել է, և մեզ ինչ-որ բան չանելու մեջ մեղադրելը շատ տարօրինակ է։ Պետք է հիշել նաև, որ մինչ այս Ռուսաստանը և ՀԱՊԿ մյուս անդամները պատրաստ էին Հայաստան ուղարկել ՀԱՊԿ դիտորդական առաքելություն, սակայն, ցավոք, մերժում ստացանք Հայաստանի բարձրագույն ղեկավարությունից։ Փոխարենը Հայաստան է հրավիրվել ԵՄ դիտորդական առաքելություն, որը կայունացնող դեր չի խաղացել»,-հավելել է նա։

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների հեռանկարներին՝ Գալուզինը հույս է հայտնել, որ Երևանը համարժեք կգնահատի ռուս-հայկական գործընկերության կարևորությունը՝ հիմնվելով առաջին հերթին ամուր, դարավոր կապերի վրա, որոնք միավորում են Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդներին։

Ռուսաստանի փոխարտգործնախարարը, խոսելով Հռոմի ստատուսին միանալու որոշման մասին, այն որակել է որպես ոչ բարեկամական քայլ։

Լրագրողի այն դիտարկմանը, որ 2022թ․ սեպտեմբերին Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցավ սահմանային հերթական ճգնաժամը, կողմերը փոխադարձ հարվածներ հասցրեցին, թռիչքներ եղան Հայաստանի տարածքով, ինչից հետո Երևանը ՀԱՊԿ-ի իր դաշնակիցներից պահանջեց դատապարտել այդ գործողությունները, ինչը տեղի չունեցավ, Գալուզինն ընդգծել է, որ կողմերը պետք է ի սկզբանե կատարեին 2020թ․ նոյեմբերին ձեռք բերված պայմանավորվածությունները, այն է՝ սահմանագծում և սահմանազատում։ «Այդ ժամանակ պարզ կլինեի՝ ով ինչն է հարվածել, ով ինչ է զբաղեցրել։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա հավատարիմ լինելով իրենց դաշնակցային պարտավորություններին, կառույցի անդամները լիովին պատրաստ էին դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան, որը հայ-ադրբեջանական կարգավորման համատեքստում շատ ավելի լուրջ կայունացնող գործոն կծառայեր, քան պաշտոնական Երևանի կողմից իր տարածք հրավիրված այսպես կոչված Եվրամիության դիտորդական առաքելությունը, որը, մեր բավականին հավաստի տվյալներով, զբաղվում է միայն հետախուզությամբ»։

Գալուզինի խոսքով՝ Ռուսաստանը դաշնակցային հատուկ հարաբերություններ ունի, ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ, ինչն էլ մեծապես որոշում է Ռուսաստանի՝ որպես պատասխանատու միջնորդի հատուկ դերը։

ՌԴ ԱԳ փոխնախարար Գալուզինը, պատասխանելով լրագրողի հարցին, թե առաջիկայում Ռուսաստանում նախատեսվո՞ւմ են բանակցություններ Ադրբեջանի և Հայաստանի միջև, ասել է. «Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությունը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի ողջ շրջանակի շուրջ երբեք չի ընդհատվել։ Հուսով ենք՝ նման շփումները կշարունակվեն։ Մենք դիտարկում ենք այս տարվա հոկտեմբերի 12-ին Բիշքեկում՝ ԱՊՀ գագաթնաժողովի միջոցառումների շրջանակում, արտգործնախարարների մակարդակով նման քննարկումներ անցկացնելու հնարավորությունը։ Ադրբեջանական կողմն արդեն տվել է իր սկզբունքային համաձայնությունը։ Ակնկալում ենք, որ հայկական կողմը նույնպես ամենայն պատասխանատվությամբ կմոտենա այս հարցին ու կհամաձայնի մասնակցել բանակցություններին»

Գալուզինը միևնույն ժամանակ ընդգծել է, որ Եվրամիությունը մտահոգված է ոչ այնքան կարգավորմամբ, որքան Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու հարցով։ «Այսօր ԵՄ-ում ասում են, որ պատրաստ են հարթակ տրամադրել, բայց միևնույն ժամանակ լրիվ անտեսում են մյուս մասնակիցների ցանկությունները։ Այսինքն, Եվրամիությունը հնարավոր է համարում թելադրել ուրիշներին՝ ովքեր կարող են մասնակցել, ովքեր՝ ոչ․․․ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կան խաղաղ կարգավորման ձևաչափեր։ Եվ եթե Եվրամիությունն ու ԱՄՆ-ն ցանկանում են օգնել դրանց իրականացմանը, իհարկե, մենք չենք ընդդիմանա սրան։ Բայց եթե խոսքը ռուսական զարգացումներից օգտվելու եւ առանց Ռուսաստանի գործելու մասին է, պարզ է, որ նման մոտեցումը մեզ համար ընդունելի չէ», – հավելել է նա։

Անդրադառնալով այն հայտարարություններին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի մինչև տարեվերջ, Գալուզինն ասել է, որ խաղաղության պայմանագրի նախապատրաստումն ու ստորագրումը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ճանապարհային քարտեզի կարևոր մասերից է, որը մշակել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները։ «Մենք միշտ պատրաստ ենք օգնել Ադրբեջանին և Հայաստանին՝ մշակել այս փաստաթուղթը փոխընդունելի հիմունքներով, որպեսզի այն իսկապես լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն, հավասարակշռված, երկարաժամկետ խաղաղ կարգավորում երաշխավորող փաստաթուղթ։

Մենք ելնում ենք խաղաղության պայմանագրում Ղարաբաղի հայ բնակչության հուսալի իրավունքների և անվտանգության ապահովման թեման հստակ սահմանելու անհրաժեշտությունից և կողմերին ներկայացրել ենք որոշակի պատկերացումներ այս առնչությամբ։ Հուսով ենք դրանք պահանջված կլինեն, ինչպես պահանջված կլինի մեր տեսակետը, որ մեզ անհրաժեշտ են մեխանիզմներ՝ աջակցելու ստորագրված խաղաղության պայմանագրի հետագա իրականացմանը։ Այնպիսի մեխանիզմ, որը չէր վնասի Հայաստանի ու Ադրբեջանի ինքնիշխանությանը ու անկախությանը», հայտարարել է Գալուզինը։

Ինչ վերաբերում է տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը, Գալուզինը կարծում է, որ կողմերը զգալի առաջընթաց են արձանագրել տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղով շարժվելու ուղղությամբ։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, մասնավորապես՝ Մեղրիի երթուղու ստեղծումը, Ադրբեջանի հիմնական տարածքը կկապի Նախիջևանի հետ․․ Ի վերջո, խոսքը Հայաստանի տարածքով անցնող երկաթուղու մասին է, ուստի ես իրավունք եմ վերապահել ինձ՝ օգտագործել Մեղրիի երթուղի անվանումը։ Այո, Ադրբեջանում այն կոչվում է Զանգեզուրի միջանցք։ Ասենք միայն, որ այս ձևակերպումը հարմար է բոլորին. մենք ակտիվորեն օգնում ենք մեր ադրբեջանցի և հայ գործընկերներին՝ համաձայնության գալ։ Կարծում ենք, որ այս պայմանավորվածությունը շատ կարևոր գործոն կլինի Անդրկովկասում ընդհանուր կայունացման համար»։

Հարցին, թե որքանով է հիմնավոր այն մտահոգությունը, որ Լեռնային Ղարաբաղից հետո նոր պատերազմ կլինի միջանցքի պատճառով, Գալուզինն ասել է․ «Եթե տեսականորեն խոսենք, ապա դա կարող է լուծվել միայն բանակցությունները շարունակելով և փոխընդունելի լուծումներ գտնելով։ Գործնականում մենք ելնում ենք նրանից, որ եռակողմ աշխատանքային խումբը պետք է շարունակի հանդիպումները՝ յուրաքանչյուր կողմից կառավարությունների ղեկավարների, տեղակալների գլխավորությամբ, և շարունակի քննարկումը յուրաքանչյուր կողմից իրավասու պետական գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որոնք այսպես թե այնպես կապված են քննարկվող խնդրի հետ։ Եվ իհարկե ամեն ինչ պետք է արվի միջազգային իրավունքի շրջանակներում։ Ինչ վերաբերում է ձեր նշած մտավախությանը՝ հնարավոր է արդյոք ինչ-որ ռազմական գործողություն, Ռուսաստանը, այնուամենայնիվ, ելնում է նրանից, որ բոլոր խնդիրները ցանկալի է լուծել քաղաքական և դիվանագիտական ճանապարհով»։

Խոսելով Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաների, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին, Գալուզինը շեշտել է, որ խոսքը հիմնականում Հայաստանի քաղաքացիների կամ Ռուսաստանի քաղաքացիությունից ինքնակամ հրաժարվածների մասին է, ուստի այս հարցերը պետք է լուծվեն առաջին հերթին Հայաստանի, որի քաղաքացիներն են այդ մարդիկ, և Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների միջև։ «Կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել մի կարևոր հանգամանքի վրա, որին ես չեմ անդրադարձել․․․ ինչ-որ փուլում պաշտոնական Երևանը սկսեց ասել, որ որևէ կապ չունի Լեռնային Ղարաբաղի հայերի ճակատագրի հետ, և դրա հետ կապված բոլոր հարցերը պետք է լուծվեն ղարաբաղցի հայերի ներկայացուցիչների և Ադրբեջանի իշխանությունների միջև երկխոսության շրջանակներում։ Սա նույնպես, ցավոք, եղավ։ Եվ ձեր ուշադրությունն եմ հրավիրում սրա վրա»։

Հարցին՝ արդյոք Ռուսաստանը նախատեսում է աջակցություն ցուցաբերել Հայաստանին ստեղծված իրավիճակում, ինչի մասին արդեն իսկ հայտարարել են եվրոպական մի շարք երկրներ, Միացյալ Նահանգները, Գալուզինն ասել է, որ Մոսկվան արդեն իսկ շատ լուրջ ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղի հայ փախստականներին օգնելու համար, որոնք «վերաբնակվել են էմոցիոնալ ծանր որոշման արդյունքում»: «Նախ, Ռուսաստանն էր, որ Ղարաբաղի հայ բնակչության համար մարդասիրական մատակարարումների ճանապարհ բացեց դեռևս սեպտեմբերի 19-ի դեպքերից առաջ։ Այս պահի դրությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից ղարաբաղահայությանը տրամադրվել է շուրջ 200 տոննա սննդամթերք, վառելանյութ ու քսանյութ.. «Ռոսսոտրուդնիչեստվո»-ն Հայաստանի տարածքում օպերատիվ շտաբ է ստեղծել, որի միջոցով իրականացվում է հումանիտար կարիքների, շտապ մարդասիրական օգնություն ցուցաբերելու մոնիթորինգ»,-հավելել է նա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031