Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը պետք է ակտիվ համագործակցի Ինտերպոլի եւ այլ երկրների հետ, որպեսզի հասնի ադրբեջանցի պատերազմական հանցագործների հանձնմանը»․ Սիրանուշ Սահակյան

Հոկտեմբեր 09,2023 12:38

«Մենք փաստագրել ենք մեծ մասշտաբների հասնող պատերազմական հանցագործություններ, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, որոնք կատարվել են ադրբեջանցիների կողմից»,- այս մասին «Մեդիա» կենտրոնում հարցազրույցի ժամանակ ասաց միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը։

«Այս հանցագործությունները կարելի է հետապնդել եւ մեղավորներին արդարադատության առաջ կանգնեցնել ՀՀ-ում, բայց մենք խնդիր ունենք՝ ինչպե՞ս հասնել նրանց ֆիզիկական ներկայությանը ՀՀ-ում։ Հասկանալի է, որ այս անձինք սեփական կամարտահայտությամբ չեն այցելելու ՀՀ։ Բայց միջազգային իրավունքում կան գործիքներ, երբ կարելի է նույն Ինտերպոլի կամ այլ պետությունների հետ համագործակցելով՝ հասնել հետախուզման եւ հանձնման։ Ի տարբերություն ադրբեջանական շինծու գործերի, որտեղ չկան փաստեր, մենք ունենք լուրջ ապացույցներ։ Եվ ապացույցները չեն ստեղծվել միայն Հայաստանում, միջազգային անկախ հետաքննությունները եւս բացահայտել են արարքներ։ Օրինակ՝ Սեւ լճի պարագայում մենք ունենք միջազգային հետաքննություն, որը հստակ արձանագրել է, որ հայ զինծառայողները գնդակահարվել են։ Իսկ այն, որ այդ գնդակահարությունը պատերազմական հանցագործություն է, դրա վերաբերյալ եւս կան գնահատականներ»,- ասաց Սիրանուշ Սահակյանը։

Ըստ նրա՝ հայկական կողմը պետք է ջանքեր գործադրի, որ հանցագործները փաստացի կանգնեն դատարանի առջեւ։ «Եվ նման հնարավորություններից մեկը համընդհանուր իրավազորության հատկանիշով այլ երկրներում հետապնդելն է։ Այստեղ կան դուրսբերված երկրներ, որոնց օրենսդրությունն ունի բավարար ճկունություն եւ կարող է համընդհանուր իրավազորության հիմքեր ստեղծել։ Երկրորդը, Հայաստանը պետք է ավելի ակտիվ համագործակցի Ինտերպոլի եւ այլ երկրների հետ, որպեսզի հասնի ադրբեջանցի հանցագործների հանձնմանը։ Այն, որ նման տեղեկություն չկա, կարծում եմ, որ արդյունք չունենք։ Եվ սա դրական արդյունք չէ՝ հաշվի առնելով, որ առանց հայկական կողմից պատերազմական հանցագործությունների կատարման, Ադրբեջանը ձերբակալել է Արցախի 8 բարձրաստիճան ռազմական-քաղաքական գործչի, որոնք մեղադրվում են ծանր հանցագործությունների մեջ։ Իսկ հայկական կողմը չունի արձանագրած մեկ դեպք, երբ ադրբեջանցի գոնե միջին ռազմական գործիչ կանգնած կլինի դատարանի առջեւ՝ դա լինի ՀՀ-ում կամ որեւէ այլ երկրում։ Ինքնին արդյունքները ցույց են տալիս, որ մենք այս պայքարում եւս արդյունավետ չենք եղել եւ ունենք պարտություն։ Բայց ես կարծում եմ, որ սա այն ճակատն է, որտեղ կարելի է ինտենսիվացնել ջանքերը եւ մոտ ապագայում ունենալ ռեալ արդյունքներ»,- հավելեց Սահակյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031