Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս են Ադրբեջանում պաշտպանվելու Արցախի գործիչների իրավունքները․ Ըստ Սիրանուշ Սահակյանի՝ Բաքվում արդար դատաքննություն չի լինի

Հոկտեմբեր 09,2023 12:04

«Մեդիա» կենտրոնում հարցազրույցի ժամանակ միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանն անդրադարձավ հարցին, թե Ադրբեջանի կողմից առեւանգված Արցախի քաղաքական եւ ռազմական գործիչների իրավունքներն ինչպե՞ս են պաշտպանվելու Ադրբեջանում։

Օրինակ՝ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի ավելի քան 10 հոդվածներով, որոնց համար առավելագույն պատիժը ցմահ ազատազրկումն է։ Ադրբեջանական կողմը հայտնել է, որ նրա իրավունքները կպաշտպանի ադրբեջանցի փաստաբան։ Սիրանուշ Սահակյանն ասաց, որ ռազմագերիների գործերով Ադրբեջանում ներգրավված են եղել հանրային պաշտպանի գրասենյակից նշանակված փաստաբաններ, որոնք գործել են մասնագիտական էթիկային եւ փաստաբանական գործունեության սկզբունքներին հակառակ եւ չեն ապահովել իրական պաշտպանություն։ «Ադրբեջանի փաստաբանական համայնքը մեծ մարտահրավերներ ունի եւ նրանք դժվարություններ են ունենում քաղաքական օպոնենտների պաշտպանության հարցում։ Այն փաստաբանները, որոնք ընդդիմախոսների համար պատշաճ փաստաբանական գործունեություն են իրականացրել, հետագայում զրկվել են փաստաբանական գործունեության լիցենզիայից։ Այսինքն՝ պետությունը միջամտել եւ դադարեցրել է իրեն ոչ հաճո փաստաբանների գործունեությունը։ Մյուս կողմից, պետության կողմից տրամադրվող այս անվճար փաստաբանները կախման մեջ են գտնվում պետությունից։ Եվ կան միջազգային զեկույցներ, որոնք արձանագրում են, որ ապահովված չէ իրավական օգնության որակը եւ այս ինստիտուտն անկախության հետ կապված խնդիրներ ունի։ Եվ եթե նման արձանագրումները կատարվել են հենց ադրբեջանցի մեղադրյալների վերաբերյալ, մենք հասկանում ենք, որ այդ ռիսկերը բազմապատկվում են հայ մեղադրյալների գործերով։ Հետեւաբար, ես հույս չունեմ, որ այդ փաստաբանական գործունեությունը որեւէ կերպ կարող է ազդել դատական ակտերի վրա, ոչ միայն այն պատճառով, որ փաստաբանները կախյալ են եւ որակյալ ծառայություններ չեն մատուցի, այլ նաեւ այն պատճառով, որ Ադրբեջանում բացակայում է անկախ դատական համակարգը»,- ասաց Սիրանուշ Սահակյանը։

Ադրբեջանական կողմը հայտարարեց նաեւ, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին տրամադրվել է փաստաբան, որին ընտրել են ընտանիքի անդամները։

Անդրադառնալով այս հաղորդագրությանը՝ Սիրանուշ Սահակյանն ասաց, որ այստեղ կա առաջընթաց․ «Եթե նախկինում բոլոր ռազմագերիներին ներկայացնում էին պետության կողմից նշանակված փաստաբանները, այս պարագայում ընտանիքներին հնարավորություն է տրվել ընտրել փաստաբան։ Բայց եւս մեկ անգամ վերահաստատենք, որ այդ ընտրությունը կատարվում է Ադրբեջանում լիցենզավորված եւ գործող փաստաբաններից։ Այստեղ մենք կարող ենք հարաբերական կախյալության մասին խոսել, այսինքն՝ մասնավոր փաստաբանները հարաբերական ավելի անկախ են պետությունից, բայց ընդհանուր առումով մենք կարծում ենք, որ փաստաբանական համայնքը կայացվածության խնդիր ունի։ Եվ դա չի կարող չազդել ամբաստանյալների դատաքննության իրավունքի վրա»։

Ըստ Սիրանուշ Սահակյանի՝ մյուս կողմից, պաշտպանությունը կարող է շատ իդեալական իրականացվել, բայց գործը քննվում է մի դատարանի առջեւ, որն ինքնուրույն որոշում կայացնող չէ, Ադրբեջանում դատական համակարգն անկախ չէ։ Այս որոշումները կայացվում են այլ վարչակազմերում, այդ թվում՝ նախագահի։

«Անկախ նրանից, թե Ադրբեջանում ինչպիսի դատական ակտեր կկայացվեն, դրանք վերջնական չեն եւ ենթակա են վերագնահատման։ Մեր շեշտադրումը պետք է լինի այն, որ Ադրբեջանում ընթացող գործընթացները պետք է ներկայացվեն միջազգային մեխանիզմների ուշադրությանը, եւ նրանք գնահատեն, թե որքանո՞վ է Ադրբեջանը պահպանել միջազգային կոնվենցիաների պաշտպանությունը»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031