Արցախի խորհրդարանի պատգամավորները որոշակի նախաձեռնություններ ունեն, որոնց մասին այս շաբաթվա վերջում հայտարարությամբ հանդես կգան. այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցության անդամ, Արցախի խորհրդարանի պատգամավոր Մարսել Պետրոսյանը:
Օրերս Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր հարթակում պարոն Պետրոսյանը գրառում էր կատարել՝ առաջարկելով Արցախի վտարանդի կառավարություն ստեղծել. «Որպեսզի մեզ՝ Արցախի հայերիս, չցրեն ու չփոշիացնեն, չիրավազրկեն ու չխաթարեն մեր հիշողությունը, անհրաժեշտ է շտապ կարգով, թեկուզև հասարակական հիմունքներով, ձևավորել սահմանափակ կառուցվածքով Արցախի հանրապետության ժամանակավոր կառավարություն: Ո՞վ է պատրաստ իր ուսերին ստանձնել այս լուրջ պատասխանատվությունը»:
Մինչ այս գրառումը, Մարսել Պետրոսյանը մեկ այլ գրառում էլ էր կատարել՝ Արցախի խորհրդարանի վերաբերյալ. «Արցախի Ազգային ժողովը ոչ ոք չի կարող լուծարել: Ազգային ժողովը միայն կարող է ինքնալուծարվել, ինչը տեղի չի ունեցել: Ուստի անհրաժեշտություն է առաջացել՝ ԱՀ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ անհապաղ հրավիրել արտահերթ նիստ և դիմել Սահմանադրական դատարան՝ անվավեր ճանաչելու ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից անմարդկային ճնշումների, սպառնալիքի ու ահաբեկման ազդեցության տակ Արցախի հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի հակասահմանադրական հրամանագիրը՝ Արցախի հանրապետության լուծարման մասին: Մենք պարտավոր ենք լուրջ քայլեր ձեռնարկել վերականգնելու համար մեր պետական կառավարման ինստիտուտները: Մենք բարոյական իրավունք չունենք հաշտվել հազարամյակների տարիք ունեցող մեր հայրենիքի կորստյան հետ: Մենք մեր տեսակի պահպանության խնդիր ունենք և այդ խնդիրն ինքներս պետք լուծենք»:
Արցախի վտարանդի կառավարություն ստեղծելու իր կոչին, ինչպես Մարսել Պետրոսյանը փոխանցեց, արձագանք չի եղել: Բայց նա չհերքեց մեր այն տեղեկությունը, որ Արցախի խորհրդարանի պատգամավորները քննարկումների մեջ են եւ առաջիկայում պատրաստվում են ինչ-ինչ նախաձեռնություններով հանդես գալ: Մեր զրուցակիցը չցանկացավ մանրամասնել, թե ինչի՞ մասին է խոսքը: Միայն ասաց, որ դեռ քննարկումների փուլում են եւ իրենց նախաձեռնությունները կյանքի կոչելու համար կարեւոր է նաեւ ՀՀ իշխանության դիրքորոշումն ու մոտեցումները: Ամեն դեպքում, նա հստակեցրեց, որ մինչեւ այս շաբաթվա վերջ շատ բան պարզ կլինի եւ իրենք հայտարարությամբ հանդես կգան:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ