Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի հետին նպատակը Արցախի Հանրապետությանը որպես ահաբեկչական կազմակերպություն մատուցելն է»․ Սիրանուշ Սահակյան

Հոկտեմբեր 09,2023 11:36

Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքական եւ ռազմական գործիչների առեւանգումները ցույց են տալիս, որ գործ ունենք քաղաքական գործընթացների հետ։ Եվ իրավական մեխանիզմներն օգտագործվել են ուժի ցուցադրության նպատակով։ Այս մասին «Մեդիա» կենտրոնում հարցազրույցի ժամանակ ասաց միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը։

Ադրբեջանն առեւանգել ու շինծու մեղադրանքներ է ներկայացրել Արցախի 8 ներկա ու նախկին պաշտոնյաներին՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանին եւ ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավի Մանուկյանին։

«Ադրբեջանը, քանի որ հասել է կայացած պետականության ոչնչացմանը եւ ինքնալուծարման ակտի ընդունմանը, մի քայլ ավել է դիտարկում եւ փորձում է պատժել այն անձանց, ովքեր նախ խորհրդանշական դերակատարում են ունեցել պետականության համար, օրինակ, Արցախի նախագահներն այդպիսի դեր ունեին եւ նրանք են ապահովել ժողովրդի համախմբումը եւ պայքարը՝ հանուն Արցախի միջազգային իրավական ճանաչման։

Երկրորդ, նրանք անձինք են, ովքեր առհասարակ իրականացրել են հայանպաստ գործունեություն եւ խելացի, ուժեղ հայի տեսակի շնորհիվ կարողացել են նպատակային գործունեություն իրականացնել, որը բնականաբար Ադրբեջանը պետք է դիտարկեր ի վնաս Ադրբեջանի ազգային շահերի։ Ուժեղ հայկական պետականությունը եւ մեր զարգացումը դա սպառնալիք է ընկալվում ադրբեջանական պետականությանը։

Եվ երրորդ, այստեղ կան նաեւ ընտրված ռազմական գործիչներ, որոնց անվան շուրջ կան պատմություններ։ Եվ այստեղ դարձյալ խորհրդանշական հաղթանակն է Ադրբեջանի զինված ուժերի նկատմամբ։ Կայացած զինվորական լինելու ուժով նրանք կարողացել են լուծել իրենց մարտական խնդիրները եւ նաեւ համառել են հետագա պայքարի գործընթացում։ Եվ այս հատկանիշով թիրախավորվել են։

Եթե ընդհանրացնեմ, մենք կարող ենք նշել, որ չճանաչված պետությունում հայանպաստ գործելակերպի համար Ադրբեջանը պատժիչ գործողություններ է իրականացնում այս պաշտոնյաների նկատմամբ։ Գործընթացները ցուցադրական են, նպատակը նաեւ հոգեբանական առավելություններ ձեռք բերելն է, որի երկարաժամկետ էֆեկտներից է փորձելու օգտվել Ադրբեջանը»,- ասաց Սիրանուշ Սահակյանը։

Նրա խոսքով՝ Արցախի գործիչներին մեղադրանք կարող էր առաջադրվել Քրեական օրենսգրքի ցանկացած հոդվածով։ «Եվ այստեղ հետաքրքրական է, որ Ադրբեջանը նաեւ միջազգային հարթակներում ունի «հեղինակություն», որ քաղաքական դրդապատճառներով կարող է հալածել ցանկացած անձի։ Դա կարող են լինել հայեր, բայց նաեւ հաջողությամբ դրա թիրախ են ընտրվել Ադրբեջանի ընդդիմադիր տեսակետներ ունեցող քաղաքական գործիչները։ Ադրբեջանն ունի ձեւավորված պրակտիկա՝ քաղաքական դրդապատճառներով քրեական գործեր կարելու եւ հասարակությանը մատուցելու։ Եվ միջազգային գործընկերներն էլ այս քրեական գործերի հիմքերը գնահատելիս անպայման հաշվի են առնելու ձեւավորված վատ ավանդույթները եւ իրավունքի գերակայության բացակայությունն այդ երկրում»,- հավելեց նա։

Սահակյանը հավելեց, որ խոսում են Արցախի գործիչների ձերբակալությունների ապօրինության մասին, քանի որ ի սկզբանե շինծու են գնահատում նրանց վերագրվող հանցավոր արարքները։ Չճանաչված պետությունում պաշտոն զբաղեցնելը կամ չճանաչված պետության պաշտպանությանը մասնակցելը թույլատրվող գործողություններ են։ «Եվ մենք չունենք նախադեպ, որ չճանաչված պետության ղեկավարները պատասխանատվության կանչվեն այդ պետականությունը ղեկավարելու համար։ Ավելին, մենք գործ չունենք ապօրինի չճանաչված ռեժիմների հետ, իսկ միջազգային իրավունքում այս սահմանագծերը չափազանց հստակ են՝ բոլոր այն պայմաններում, երբ ինքնորոշման իրավունքն իրացվում է միջազգային իրավունքի կոպտագույն խախտումներով, միջազգային կազմակերպությունները, տարբեր մարմիններ դրան հակազդելու իրավական գործիքներ ունեն։ Օրինակ՝ ՄԱԿ-ի ԱԽ-ն հարցը գնահատելով՝ կարող է որոշել, որ ինքնորոշումը խախտել է միջազգային իրավունքը եւ կոլեկտիվ չճանաչման պահանջ-կոչ ներկայացնել միջազգային հանրությանը։ Անգամ այս պարագայում, երբ եղել է միջազգային կոնսենսուս, որ չճանաչված պետությունը ձեւավորվել է միջազգային իրավունքի ակնհայտ խախտումներով, անթույլատրելի է համարվել այդ պետականության մեջ դերակատարում ունեցող անձանց հետապնդելը, այն էլ այնպիսի լրջագույն հանցագործության համար, ինչպիսին ահաբեկչությունն է։ Ահաբեկչական կազմակերպությունների կամ անձանց առումով եւս վարվում են ռեգիստրներ։ Արցախի Հանրապետությունը երբեք չի որակվել որպես ահաբեկչական կազմավորում, իսկ այն ղեկավարած անձինք չեն ներառվել ահաբեկիչների ցանկում։

Մյուս կողմից, մենք գիտենք, որ Արցախի Հանրապետությունը նաեւ օրինական կերպով ներգրավված է եղել տարաբնույթ բանակցություններում։ Եվ բանակցողներն Արցախն ընկալել են որպես լեգիտիմ կողմ եւ այդ թվում՝ Արցախի կարգավիճակի հարցն են քննարկել։ Սրանք շատ վառ փաստարկներ են առ այն, որ պետականության մեջ դեր ունենալը որեւէ հանցագործություն չի ներառում։ Եվ եթե վերագրվող հանցագործությունն անառարկայական եւ փաստազուրկ է, այս պարագայում է, որ մենք խոսում ենք կամայական ազատությունից զրկելու մասին։ Անգամ ընթացող պատերազմի ժամանակ կամ հետպատերազմյան շրջանում, երբ հայկական կողմն ունեցավ գերիներ, Ադրբեջանը դարձյալ գայթակղված էր այս գերիներին վերագրել ահաբեկչություն։ Ես կարծում եմ, որ այստեղ նաեւ խրոնիկ հոգեբանական խնդրի հետ ենք բախվում։ Յուրաքանչյուր արարք փորձ է արվում միջազգային հանրությանը ներկայացնել ահաբեկչական պրիզմայով։ Սրա հետին նպատակն Արցախի Հանրապետությանը որպես ահաբեկչական կազմակերպություն մատուցելն է։ Եվ հերքելն է այն կայացած իրողության, որ մենք ունեցել ենք միջազգային իրավունքով իրացված ինքնորոշման իրավունք, որը որեւէ կերպ կապված չի եղել տարածքային ամբողջականության հետ։ Եվ այն, ինչ ներկայում տեղի ունեցավ այդ իրավունքի բռնաճնշումն էր այնպիսի արգելված մեթոդներով, ինչպիսին էր վարձկանների ներգրավվածությունը»,- նշեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031