Իրանի դիրքորոշումը «Զանգեզուրի միջանցքի» մասին
JAMnews. Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողություններից և հայերի զանգվածային տեղահանությունից հետո Ադրբեջանն ու Թուրքիան նորից շրջանառության մեջ են դրել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» խոսույթը։ Այս անգամ, սակայն, նշում են, թե «Ադրբեջանը չի հավակնում այդ տարածքներին և ճանաչում է դրանք որպես Հայաստանի ինքնիշխան տարածք»՝ պահանջելով անխափան երթևեկության «հուսալի երաշխիքներ»։ Եվ դրանք, ըստ ադրբեջանական կողմի, պետք է ապահովի Ռուսաստանը՝ երթուղին վերահսկելով։
Հայ փորձագետները, սակայն, արձանագրում են՝ սա դեռ չի նշանակում, որ Բաքուն և Անկարան հրաժարվել են միջանցք ստանալու մտադրությունից և ուժի չեն դիմի դրան հասնելու համար, քննարկում են նման սցենարի դեպքում գործընկերների, մասնավորապես՝ Իրանի հնարավոր արձագանքը։
Հայ-իրանական շփումները վերջին օրերին առավել ակտիվացել են։ Իրանում հանդիպումներ է ունեցել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը։ Հատկանշական է, որ նույն ընթացքում Թեհրանում էր գտնվում նաև Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովը։
Կարդացեք նաև
«Irna» իրանական գործակալության փոխանցմամբ՝ նախագահ Էբրահիմ Ռայիսին ինչպես Արմեն Գրիգորյանի, այնպես էլ Խալաֆովի հետ հանդիպումների ժամանակ շեշտել է․ «Զանգեզուրի միջանցքը» հանդիսանում է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ներկայության հարթակ և սպառնալիք երկրների ազգային անվտանգությանը, որին Իսլամական Հանրապետությունը կտրականապես դեմ է»:
Լրագրող, քաղաքական վերլուծաբան Թաթուլ Հակոբյանի կարծիքով՝ Արցախում տեղի ունեցածի ֆոնին «Զանգեզուրի միջանցքի» թեման ժամանակավորապես երկրորդական պլան է մղվել։
Սակայն դա չի նշանակում, որ «Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Բաքու–Մոսկվա–Անկարա վտանգն ու տարածքային նկրտումը վերացվել է»։
Ասում է՝ Հայաստանը պետք է նոր բովանդակություն հաղորդի այն պետությունների հետ հարաբերություններին, որոնց շահերից չի բխում Արաքսի երկայնքով միջանցքի գոյությունը: Խոսքը, առաջին հերթին, Իրանի մասին է։
Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահման դիտորդներ ուղարկելու Թեհրանի հայտարարությանը՝ նկատում է՝ հրապարակավ նման պատրաստակամություն Իրանն առաջին անգամ է հայտնում․
«Մինչդեռ բանակցություններում և փակ քննարկումներում Թեհրանը ցանկություն է հայտնում Սյունիքում զինված ուժեր տեղակայել՝ պաշտպանելու հայ–իրանական սահմանը ռուս–թուրք–ադրբեջանական ոտնձգություններից»։
Հակոբյանի փոխանցմամբ՝ մեկ տարի առաջ Իրանի նախագահը Նյու Յորքում նման առաջարկ արել է Հայաստանի ղեկավարությանը: Ըստ նրա՝ Երևանը կողմ չէ իրանական ռազմական ներկայությանը Սյունիքում, հաշվի առնելով այլ մտահոգություններ, սակայն դա բացառել պետք չէ․
«Ոչ պաշտոնական, փակ քննարկումներում Իրանն ուղղակի հայտարարում է, որ եթե Ադրբեջանը Հայաստանի դեմ հարձակում սկսի միջանցք զավթելու նպատակով, ապա իրանական զինուժը առանց որևէ մեկին հարցնելու և թույլտվության անցնելու է Արաքսը և պատերազմ սկսելու ներխուժող զորքերի դեմ՝ պաշտպանելու Իրանի կենսական շահերը»։
Վերլուծաբանի դիտարկմամբ՝ Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման հարցում Իրանից բացի շահագրգռված են նաև ԵՄ-ն և Միացյալ Նահանգները, բայց շեշտում է՝ խնդիրը պետք է կարգավորեն հայկական բանակն ու դիվանագիտությունը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: