Լրահոս
Օրվա լրահոսը

Կարծում եմ, որ վարչակազմն այսուհետ ավելի կոշտ դիրքորոշում կորդեգրի, քանի որ Բաքուն հավատարիմ չէ խաղաղ կարգավորմանը. կոնգրեսական Մագազիներ

Հոկտեմբեր 09,2023 09:54

«Ամերիկայի ձայն»․ Վերջերս ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մագազիների առաջնորդությամբ ամերիկացի շուրջ 90 օրենսդիրներ նամակ են հղել ԱՄՆ վարչակազմին՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել Բաքվի դեմ ԼՂ-ում ռազմական գործողություններ ձեռնարկելու համար

Ադրբեջանի կողմից ձեռնարկված ռազմական գործողություններն անհիմն էին, իսկ դրանից առաջ շատ ամիսներ տևած շրջափակումը լիովին անընդունելի, «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հետ զրույցում ընդգծում է ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատ կոնգրեսական Սեթ Մագազիները: Վերջինիս առաջնորդությամբ սեպտեմբերի 26-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Սենատի շուրջ 90 օրենսդիրներ երկու կուսակցություններից նամակ են հղել պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ու ֆինանսների նախարար Ջանեթ Յելենին՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր առնչվում են Լեռնային Ղարաբաղի դեմ ձեռնարկված հարձակման և ամիսներ տևած շրջափակման հետ:

«Մենք պետք է խստորեն դատապարտենք Ադրբեջանին և ուղերձ հղենք, որ նրանց գործողություններն անընդունելի են»,- ասում է կոնգրեսական Մագազիները:

Ամերիկացի օրենսդիրների նամակը հորդորում է վարչակազմին ադրբեջանցի պաշտոնյաների դեմ կիրառել «Գլոբալ Մագնիցկու ակտով» նախատեսվող պատժամիջոցները: Կոնգրեսական Մագազիները կոչ է անում նաև Միացյալ Նահանգներին դադարեցնել ամեն տեսակի օգնությունն Ադրբեջանին:

«Մենք պետք է դադարեցնենք Ադրբեջանին տրամադրվող ամեն տեսակի օգնություն, քանի դեռ նրանք չեն վերադարձել բանակցային սեղանի շուրջ՝ իրական խաղաղ կարգավորում գտնելու համար, որը կապահովի տարածաշրջանի հայերի պաշտպանությունը»,- հայտարարել է Մագազիները:

Իր խոսքում, կոնգրեսականը հայտնում է՝ ռազմական գործողություններից ամիսներ առաջ կապի մեջ ենք եղել վարչակազմի հետ, քանի որ մտահոգված էինք մի քանի ամիս շարունակվող Լեռնային Ղարաբաղի շրջափակմամբ և դրա մարդասիրական հետևանքներով։ Ըստ կոնգրեսականի՝ վարչակազմը, որը ևս կիսում էր մտահոգությունը այս առիթով, անակնկալի էր եկել Ադրբեջանի ձեռնարկած հարձակումից:

«Կարծում եմ, որ կտեսնենք, որ վարչակազմն այսուհետ ավելի կոշտ դիրքորոշում է որդեգրելու, քանի որ Ադրբեջանի կառավարությունը ցույց է տվել, որ իրենք հավատարիմ չեն խաղաղ կարգավորմանը, և նրանց պետք է ստիպել գտնել խաղաղ կարգավորում»,- ասում է նա:

Կոնգրեսական Մագազիներն ընդգծել է, որ տեղի ունեցածը նաև ռուս խաղաղապահների ձախողումն է։ Սա այն հազվագյուտ դեպքերից էր, երբ ենթադրաբար ամերիկյան և ռուսական շահերը համընկնում էին, և պետք է միասնական լինեինք տարածաշրջանում խաղաղության մեր ցանկության մեջ, շեշտում է կոնգրեսականը։

«Ռուս խաղաղապահները բավական երկար ժամանակ այնտեղ էին, բայց չկարողացան կանխել Ադրբեջանի հարձակումը արցախահայության դեմ, և դա նույնպես շատ հիասթափեցնող է»,- գտնում է նա:

Նրա կարծիքով՝ Երևանի հասցեին Մոսկվայի հնչեցրած մեղադրանքները միտված են շեղելու ուշադրությունը ռուսական կողմի ձախողումից: Տեղյակ չեմ որևէ գործողությունից, որ Հայաստանը կատարել է ռազմական գործողություններ հրահրելու համար, պնդում է կոնգրեսականը՝ շեշտելով, որ հայկական կողմը մտահոգված էր մարդասիրական խնդիրներով, իսկ ռազմական ուժի կիրառմանն է դիմել Ադրբեջանը:

Կոնգրեսականը հորդորում է ԱՄՆ-ին ու նրա գործընկերներին առաջնային դեր ստանձնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացում: Նա նաև հայտնեց, որ իր գրասենյակը շարունակում է կապ պահպանել ԱՄՆ պետքարտուղարության և Միջազգային զարգացման գործակալության հետ՝ հորդորելով մեծացնել մարդասիրական օգնությունը Լեռնային Ղարաբաղի հայությանը:

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ռազմական գործողություններից հետո օրեր անց Նյու Յորքում, պատասխանելով լրագրողների հարցերին Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է.

«Որպես Միացյալ Նահանգների ընդհանուր մոտեցում՝ մենք ցանկանում ենք ընդգծել, որ ուժի կիրառումն անընդունելի է և այն հակասում է մեր գործադրած ջանքերին»:

Պետքարտուղարը հիշեցրել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ներգրավված են տարածաշրջանում արդար և արժանապատիվ խաղաղություն հաստատելու գործընթացում, որը բխում է երկու երկրների շահերից:

«Դրանում երկուսն էլ ներդրումներ են կատարել, այդ թվում՝ նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը։ Եվ սա մի բան է, որին մենք աջակցել ենք Եվրամիության հետ միասին: Այսպիսով, գործողությունները, որոնք մենք տեսանք այս շաբաթ, ուղղակի հակասում են այդ ջանքերին, ինչպես նաև արդար և երկարաժամկետ խաղաղություն հաստատելու ջանքերին, որի ուղղությամբ մենք աշխատանքներ ենք տանում»,- շեշտել է պետքարտուղարը՝ կոչ անելով «վերադառնալ դեպի երկխոսություն, դիվանագիտություն ու բանակցություններ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031