Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրոպական դիտորդների կողքին իրանական դիտորդների առկայությունն ավելի կզգաստացնի հակառակորդներին»

Հոկտեմբեր 09,2023 13:30

«Առավոտի» զրուցակիցն է Թեհրանի «Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը։

– Պարոն Քեշիշյան, օրերս Հայաստանի Անվտանգության խորհրդի քաղտուղարն այց էր կատարել Իրան։ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Իրանը պատրաստակամ է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին դիտորդներ տեղակայել։ Ի՞նչ նպատակ ունի իրանական կողմի այս առաջարկը, եւ որքանո՞վ է հավանական, որ այն կիրագործվի։

– Հստակ է, որ Իրանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններն իր համար «կարմիր գիծ» է, եւ այդ առումով Իրանը պատրաստ է իր հստակ խոսքն ասել, եթե պետք է՝ նաեւ միջամտել։ Եվ կարծես թե սա նախաբանն է։ Իրանի արտգործնախարարի խոսնակը Արցախում տեղի ունեցած վերջին դեպքերից հետո հայտարարեց, որ արդեն որեւէ պատրվակ չկա պատերազմը շարունակելու, գործընթացը պետք է գնա խաղաղության, եւ Իրանն ամեն ինչ կանի այդ հարցով աջակցելու համար։ Իրանն իր գործը կատարում է եւ իր հայտարարություններն անում է այդ հիմքի վրա։ Այստեղ ուզում եմ, որ հայկական կողմը որոշակի մոտեցումներ ցուցաբերի՝ նկատի ունենալով, որ եթե ռուսական կողմը չի կատարում իր դերակատարությունը, եւ ՀԱՊԿ մոտեցումը թույլ է, Իրանի ներկայությունը կարող է բավական դրական ազդել։ Եվրոպական դիտորդների կողքին իրանական դիտորդների առկայությունն էլ ավելի կզգաստացնի հակառակորդ կողմերին։

– Արեւմուտքը դեմ չի՞ լինի իրանական դիտորդներին։

– Նախ դա Հայաստանի ինքնիշխան որոշման խնդիրն է։ Երկրորդ, Արեւմուտքը շատ լավ հասկանում է, որ այսօր Իրանի ներկայությանն ավելի շատ Ռուսաստանը կարող է դեմ լինել։ Այն, որ Թուրքիան վերջին շրջանում առաջարկում էր չորս երկրներով քննարկել տարածաշրջանի հարցերը, ցույց է տալիս, որ փաստորեն ամեն ինչ անում են, որ Իրանին դուրս թողնեն տարածաշրջանի հարցերից։ Այդ առումով, ես կարծում եմ՝ Արեւմուտքին այդքան էլ ձեռնտու չի լինի իրանական այս առաջարկին դեմ գնալը։ ԱՄՆ-ը Հայաստանի միջազգային սահմանների մասին նույն դիրքորոշումն է հայտնում, ինչ Իրանը հնչեցրեց։ Երկու երկրներն էլ նույն մոտեցումն ունեն այս հարցի վերաբերյալ։ Ես հիշեցնեմ, որ Երեւանում հավատարմագրված Իրանի ու Ֆրանսիայի դեսպանները վերջերս հանդիպեցին Հայաստանի տարածքում, ինչը կարծես նորություն էր եւ դրական քայլ։ Այսինքն՝ Եվրոպան ու Իրանը եւս Հայաստանի սահմանների հարցով միանման մատեցումներ ունեն։

– Եթե Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից ոտնձգություն լինի Հայաստանի տարածքի նկատմամբ, մասնավորապես, եթե փորձեր անեն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացել ուժով, Իրանը հայտարարություններից զատ այլ քայլերի կդիմի՞։

– Նախ ես կարծում եմ, որ ոչ Թուրքիան, ոչ էլ Ադրբեջանն այսօր ունակ չեն նման քայլի գնալու։ Թեեւ այդ մասին հայտարարություններ հնչել են, բայց հիշեցնեմ, որ վերջին շրջանում եւ Թուրքիայի, եւ Ադրբեջանի ներկայացուցիչները հայտարարում են, որ ճանաչում են Հայաստանի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը։ Բայց եթե որեւէ ռիսկ լինի, Իրանի հայտարարությունն այս առումով կարծում եմ՝ շատ հստակ է, դիտորդների մասին առաջարկը ցույց է տալիս, որ Իրանը լուրջ է վերաբերվում այդ հարցին եւ լուրջ քայլերի կդիմի։ Այստեղ ուղղակիորեն Իրանի շահերի հարցն է, Իրանը թույլ չի տա, որ այդ սահմանը կտրվի եւ ամեն ինչ կանի դրա համար։

– Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է, որ եթե Հայաստանը «Զանգեզուրի միջանցքից» հրաժարվի, այն կարող է անցնել Իրանի տարածքով։ Սա ի՞նչ է նշանակում։

– Դրանք ավելի շուտ ավելորդ հայտարարություններ են, որովհետեւ իրենք շատ լավ հասկանում են, որ նախ Իրանի տարածքով միջանցք չի կարող անցնել, իրենք խոսում են ճանապարհի մասին։ Եվ Թուրքիայի, եւ Ադրբեջանի այդ հայտարարությունն ավելի շատ ներքին լսարանի համար է, իրականության հետ կապ չունի։ Իրենք շատ լավ հասկանում են, որ եթե Իրանով անցնի նման ճանապարհ, բնականաբար, Իրանի ազդեցությունն այդ ճանապարհի վրա շատ մեծ ու հզոր կլինի։ Վստահաբար իրենք կցանկանան թույլ Հայաստանով անցնել, քան հզոր Իրանով։ Կարծես թե փորձում են այդկերպ նաեւ հայկական կողմին շահագրգռել, որ՝ կկորցնեք ձեր շահը, եթե դա չանեք։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.10.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031