Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղթում է ուժը. մասնավոր կարծիք

Հոկտեմբեր 09,2023 13:00

Ղարաբաղյան ներկա աղետալի իրադարձությունները հիշեցրին Ամենայն Հայոց Կաթողիկոս Ներսես Շնորհալուն նվիրված մի հաղորդում: Պարզվում է, որ գերապատիվ հոգեւոր այրը ժամանակին աննախադեպ պատմաողբերգական կանխատեսում է արել՝ եթե մենք՝ քրիստոնյաներս՝ հույները, բյուզանդացիները, հայերը, վրացիները եւ այլք, չմիավորվենք իսլամի դեմ, ապա դա կհանգեցնի մեր նկատմամբ վերջինիս հաղթանակին (մեջբերումը բառացի չէ):

Եվ այս իմաստուն ու հեռատես հորդորի անտեսման վերջնակետն ամփոփվեց թուրքերի կողմից Կոստանդնուպոլսի գրավումով:

Սփյուռքում ունեցած իր մի պատգամախոսության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Առաջինը նույնպես աներկբա «աշխարհիկ» մի հայտարարություն է արել. եթե հայերս, անկախանալով, չզարգանանք, ապա կընկնենք ժամանակակից հույների օրը: Արդարեւ, երբեմնի, գերիմաստուն ու ամենակարող ժողովուրդն այսօր դարձել է Եվրոպայի ամենաանտեսվող ազգերից մեկը, հատկապես՝ թուրքական իսլամի հետ հարաբերություններում: Էրդողանը վերընտրվելուց հետո առաջին հերթին այցելեց Հյուսիսային Կիպրոս. հերթական ապտակը քրիստոնյաներին: Երեսուն տարվա մեր անպտուղ անկախությունը եւս խորհելու տեղիք է տալիս:

Պետք չէ չափից դուրս առողջ աչքեր ունենալ ու քարտեզին նայելով, չհանգել այն հետեւությանը, այն տխուր իրողությանը, որ մեր աշխարհաշրջանում մնացել է երկու քրիստոնեաբնակ հողակտոր՝ Հայաստանն ու Վրաստանը:

Եվ մենք՝ հայերս, հերթական պարտությունն ենք կրում իսլամից: Թուրքերը խաղաղ ճանապարհով նվաճում են Աջարիան, վրաստանաբնակ ազերիները դառնում են վրացազերծ դինամիտային ազգային հանրություն:

Հիմա նայենք՝ ո՞վ է շահելու Ռուսաստան-Արեւմուտք ներքրիստոնեական հակամարտությունից: Իհարկե, առաջիններից մեկը՝ իսլամը:

Նույնիսկ կարեւոր չէ, թե ինչով կավարտվի այդ հակամարտությունը, քանզի երկուսն էլ, ի ցավ մեզ, կրկին կանգնելու են նույն քրիստոնեա-իսլամական առճակատման առջեւ, պարտադիր չէ՝ պատերազմական:

Ռուսական մի հեռուստահաղորդման ժամանակ, որին մասնակցում էին տարբեր երկրներից հրավիրված հայտնի գուշակներ, ապագայագետներ, արված այլեւայլ կանխատեսումների մեջ հատկապես ուշադրություն գրավեց ապշեցուցիչ միասնական երկու տեսակետ՝ հեռանկար:

Նախ՝ Ռուսաստանը ներկա պատերազմում կհաղթի Ուկրաինային, եւ երկրորդ, Եվրոպան եւ ԱՄՆ-ն դատապարտված են ժողովրդագրական կործանման, քանզի քաղաքական, հատկապես բարոյական այլասերվածությունները նրանց բնակչության աճի շանսեր չեն տա:

Մինչ Արեւմուտքը շշմեցուցիչ հետեւողականությամբ քարոզում է միասեռականություն, վերացնում է «ընտանիք» հասկացությունը, հասարակությունը վարակում է բազմատեսակ գենդերականություններով, բազում այլ գարշակերպություններով, գուշակների հավաստմամբ՝ իսլամը հաղթանակում է գլխավորապես մեկ անվիճելի գոյառարկությամբ՝ հայրիշխան ընտանիքի՝ երեխաների պաշտանմունքով: Անկասելի բազմանդամ սրբություն: Գուշակների կարծիքով, մուսուլմանները քրիսոնյաներին կհաղթեն քանակով: Կարելի՞ էՂուրանի հրապարակային այրման դեպքերը դիտարկել որպես իսլամամերձ ֆաշիզմի առաջացման ծիլեր: Հազիվ թե: Ոգի է պետք դրա համար:…

Հիրավի տպավորություն է ստեղծվում, որ մեր օրերում էլ, գուշակների բնորոշմամբ, ինքնասպանություն գործող քրիստոնեական աշխարհը իրոք չի հասկանում կրոնական (շնորհալիական) համերաշխության նշանակությունը: Դատարկ կոչերից բացի, էական ինչ արեցին քրիստոեական երկրները Ղարաբաղի քրիստոնեաթափումը կանխելու համար: Ի՞նչ է անում Եվրոպան մայր ցամաքի մուսուլմանացման դեմ: Ոչ միայն ոչինչ չի անում, այլ «մարդասիրաբար» նպաստում է միգրանտների բազմացմանը: Ֆրանսիայի մոտ 10 միլիոն մուսուլմանները շուտով կվերաճեն 20-30 միլիոնի: Քրիստոնեական Եվրոպան չքանդե՞ց Հարավսլավիան ու ծնեց մուսուլմանական նոր անկախ պետություն: Ի դեպ, չեչենական զորախումբը, ռուսաստանցի մյուս մուսուլմանները Ուկրաինայում արդյո՞ք մարտնչում են բացառապես ի շահ Ռուսաստանի, թե պարզապես «ձեռի հետ» ոչնչացնում են քրիստոնյաներին:

Լավ, ամեն խաղ խաղացինք, հիմա էլ զբաղվենք գուշակությա՞մբ, կասեն շատերը:

Բայց գուշակվել էր, չէ,՞ Խորհրդային Միության քայքայումը: Հայերս իրո՞ք հասու չենք այն բանին, որ քրիստոնեա-մուսուլմանական հակամարտության հավանական առաջին զոհերից մեկը Ղարաբաղից հետո կարող է դառնալ Հայաստանը: Պարտվեցինք ազերիներին, որովհետեւ ոչ մի քրիստոնյա երկիր չկանգնեց մեր կողքին: Իսկ քանի՞ մուսուլման դաշնակից ունեցավ Ադրբեջանը: Տկլոր մնացել ենք դեմ հանդիման թուրքական հակաքրիստոնեական արշավին, թուրքերը եղել են ու մնում են մեր արնախում թշնամին:

Ում ասես մենք չենք մեղադրում մեր այսօրվա հիրավի ծանրագույն իրավիճակի մեջ՝ ազերիներին, թուրքերին, պակիստանցիներին, հրեաներին, ռուսներին…եւ նվազագույնը՝ մեզ: Հայոց լրատվամիջոցներում ողբ ու լաց է, հուսահատության ճիչեր: Հայաստանը տնքում է հատկապես հակառուսական կրքերից:

Նույնիսկ հոխորտանքներ են հնչում «դավաճան» Ռուսաստանի հասցեին: Եվ այդ այն դեպքում, երբ այսօր էլ այդ երկրից է էապես կախված մեր էկոնոմիկան, բանակը, էներգետիկան, կոմունիկացիաները եւ այլն:

Բա ոնց կլինի, եթե ստորագրենք «Միութենական պետություն» պայմանագիրը, ապա մենք կզրկվենք «անկախությունից», կդառնանք գավառ: Բայց ավելի լավ չէ՞ դառնալ գավառ, քան ենթարկվել աշխարհի երեսից վերանալու իրական վտանգին: Եկեք անաչառ լինենք՝ ո՞վ շահեց Հայաստանի այդքան «բաղձալի» անկախությունից:

Հասարակ ժողովո՞ւրդը, որ ամեն ինչ ուներ սովետի կազմում: Ոչ, շահեցին բացառապես «ինքնիշխան» երկրի ղեկավարները, բարձրագույնից սկսած, որոնք կիսաքաղց պատերազմող-արտագաղթող երկրում դարձան դոլարային միլիարդատերեր ու միլիոնատերեր, շքեղ սեփականությունների տերեր:

Ինչո՞ւ են թակարդված մեր երկրում իշխանությունների գլուխ գալիս հայասիրությունից, բարոյականությունից, երբեմն նույնիսկ ինտելեկտից զուրկ մարդիկ: Միգուցե ողբալու եւ ուրիշներին մեղավոր դարձնելու փոխարեն՝ համազգային քննության առարկա դարձնենք այն մեղսաշատ փաստը, թե ինչու Հայաստանի բախտը չի բերում ղեկավարի հարցում: Սա շատ ավելի օգտակար կլինի մեր ժողովրդի համար, քան նրան անհասկանալի Հռոմի ստատուտի ընդունումը:

Լավ, ռուսները հուսալի չեն, վատն են, իսկ դուք կարո՞ղ եք մատնանշել որեւէ հրեշտակ-մարդասեր գերտերություն:

Չկան այդպիսիք: Եվ Ռուսաստանը պարզապես բացառություն չէ: Նրանք բոլորն էլ իրենց շահերն են հետապնդում՝ ուրիշների, ու հատկապես թույլերի հաշվին: Հարցրեք իրաքցիներին, լիբիացիներին, սիրիացիներին, աֆղաններին, թե ինչ կարծիքի են իրենց երկրներում «ժողովրդավարություն» հաստատող ամերիկացիների մասին:…

Պայմանականորեն, աշխարհագրորեն եւ շատ առումներով, մենք գտնվում ենք Ռուսաստանի ազդեցության գոտում եւ մնալու ենք այդտեղ:

Պետք է լեզու գտնել նրա հետ եւ ոչ թե կրակի հետ խաղալ:

Մենք այլընտրանք չունենք: Արեւմուտքը միֆ է, պատրանք: Ավելին, դուք հավատո՞ւմ եք, որ Ռուսաստանը գառան պես կնստի-կնայի, թե Հայաստանն ինչպես է ճողոպրում իր ազդեցության գոտուց: Նա զորք էլ չի մտցնի Հայաստան, այն ժամանակին մեր պահանջով, մեր անվտանգության նկատառումներով գտնվում է մեր քաղաքներում ու սահմանների վրա: Ուրիշ ինչը պիտի խանգարեր Ադրբեջանին ու Թուրքիային, որ տարբեր իրավիճակներում նրանք երկու կողմից չներխուժեին Հայաստանի տարածք: Մեծ քաղաքականության մեջ հեքիաթներ չեն լինում: Վերջիվերջո, մի՞թե կույր-կարճատես ենք այն աստիճան, որ անտեսում ենք Վրաստանի եւ Ուկրաինայի օրինակները, որոնք փորձեցին արմատապես հակազդել Ռուսաստանին: Եվ ինչ ստացան: Վրաստանը կորցրեց իր տարածքի 20 տոկոսը:

Ասեք՝ ո՞վ կանգնեց նրա թիկունքին, Հայաստանում չի՞ կարող կրկնվել նույնը: Ուկրաինան արդեն կորցրել է հինգ վարչական միավոր, որոնցից յուրաքանչյուրը իր տարածքով բազում հայաստաններ է ընդգրկում: Ու դեռ հայտնի չէ, թե էլ ինչքան է կորցնելու:

Ավելի քան հիսուն միլիոն ուկրաինացիներից երկրում մնացել է 25-30-ը: Եվ մենք «քաջաբար» հակառակվում ենք հսկա գերտերությանը: Պարադոքսն այն է, որ Ռուսաստանը մեր հետ կարող է վարվել, ինչպես ուզենա, իսկ մենք նրան ոչինչ անել չենք կարող:

Օրերս ռուսական քաղաքական մի հեռուստաբանավեճի ընթացքում նրա մասնակիցները համատեղ եզրակացության եկան այն մասին, որ եթե Հայաստանը շարունակի իր «արեւմտասիրական» մաքառումները, ապա նրա կործանումը անխուսափելի կդառնա: Եվ այս «կործանարար» միտքը հեգնական ժպիտով հաստատեց նաեւ բանավեճի միակ հրեա մասնակիցը՝ Իսրայելի հետախուզական ծառայություններից մեկի նախկին ղեկավար Յակով Կեդմին:

Հաղթում է ուժը: Իսկ դիվանագիտությունն արդյունավետ է, երբ հենվում է ուժի վրա:

ԷԼԻԶԱ ՍԱՐԿԱՎԱԳՅԱՆ

Երեւան, Նանսենի 6 շենք

Հ.Գ. Ալեն Սիմոնյանը Եվրոպայում հանդիպեց Ուկրաինայի պառլամենտական պատվիրակության հետ: Ո՞րն է դիվանագիտական այս քայլի իմաստնությունը եւ ինչի վրա է հենվում այն:

«Առավոտ» օրաթերթ
07.10.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031