Ախորժակի կորուստն ախտանշան է, որի առաջացման պատճառները կարող են շատ տարբեր լինել․ բժշկության մեջ այս վիճակը բնորոշվում է անորեքսիա (հուն․ an (առանց) և orexis (ուտելու ցանկություն, ախորժակ) բառերից) բառով, որը պետք չէ շփոթել նյարդային անորեքսիայի՝ սննդային վարքի խանգարման հետ։
Ընդհանուր առմամբ ախորժակի կորուստը բնութագրվում է սովի զգացողության բացակայությամբ, ուտելիքի համի, հոտի ու տեսքի նկատմամբ անտարբերությամբ, այլոց հետ սնվելու ցանկության բացակայությամբ։
Ախորժակի կորստի հնարավոր պատճառները մի քանիսն են․ այդ վիճակը կարող է առաջանալ հանկարծակի կամ աստիճանաբար՝ բավականին երկար ժամանակահատվածի ընթացքում։
Ախորժակի կորուստը կարող է ուղեկցվել լրացուցիչ ախտանշաններով, որոնք են՝
Կարդացեք նաև
- Հոգնածություն, էներգիայի պակաս,
- սրտխառնոց ու փսխում,
- մկանային թուլություն,
- փորկապություն կամ փորլուծություն,
- մաշկի, մազերի, եղունգների փոփոխություններ։
Ո՞րն է ախորժակի կորստի և անորեքսիայի տարբերությունը
Անորեքսիան, այսինքն ախորժակի կորուստը պետք է տարբերակել նյարդային անորեքսիայից, որի դեպքում մարդն ունենում է քաղցի զգացում, բայց սահմանափակում է իր սնվելու հնարավորությունը։
Ախորժակի կորստի մասին վկայող նախանշաններն են՝ սննդի, նախընտրած ուտելիքների նկատմամբ հետաքրքրության կորուստը, սնվելու ժամերի բացթողումը, քաշի փոփոխությունները։
Հնարավոր պատճառները
Ախորժակի կորստի առավել տարածված հնարավոր պատճառներն են՝
- Օրգանիզմի ֆիզիկական փոփոխությունները,
- հոգեհուզական վիճակի փոփոխությունները,
- առողջական խնդիրները,
- դեղամիջոցների կողմնակի ազդեցությունները
- հղիությունը։
Ախորժակի կորստի ֆիզիկական պատճառները
- Ցավ,
- ջրազրկում,
- ատամների հետ կապված խնդիրներ,
- վնասվածքներ,
- համի ու հոտի կորուստ,
- վիրահատությունից հետո վերականգնման շրջան։
Ախորժակի կորստի հոգեհուզական պատճառները
- Անհանգստություն,
- սննդային վարքի խանգարումներ,
- հուզական արձագանք՝ վիշտ, վախ, տխրություն, շոկ,
- դեպրեսիա,
- սթրես։
Առողջական խնդիրներ, որոնք ախորժակի կորուստ են առաջացնում
- Հարբուխ,
- վարակներ,
- քաղցկեղ,
- դեմենցիա,
- դիաբետ,
- սննդային թունավորում,
- սրտի, թոքերի, երիկամների ու լյարդի հիվանդություններ,
- ՄԻԱՎ/ՁԻԱՀ,
Հիպոթիրեոզ։
Դեղորայք, որն ունի ախորժակի կորուստ առաջացնող կողմնակի ազդեցություն
- Հակաբիոտիկներ,
- ամֆետամիններ,
- քիմիաթերապիա,
- Դիգոքսին,
- Ֆլուոքսետին,
- Հիդրալազին,
- օփիոիդներ։
Հղիների շրջանում հաճախ է նկատվում ախորժակի կորուստ հղիության առաջին եռամսյակում, երբ կնոջ մարմինը սկսում է ադապտացվել մի շարք փոփոխություններին, որոնք նաև անդրադառնում են կնոջ սնվելու ցանկության, սննդային նախապատվությունների վրա։
Ախորժակի կորստի բուժումը
Ախորժակի կորուստն անհանգստանալու առիթ է, եթե տևում է մեկ շաբաթից ավելի, քաշի հանկարծակի նվազեցում է նկատվում, ախորժակի կորուստն ուղեկցվում է հոգնածությամբ, թուլությամբ, սրտխառնոցով, հաճախասրտությամբ ու նյարդային վիճակով։
Ախորժակի կորստի բուժումը նախ ենթադրում է խնդրի առաջացման պատճառի ախտորոշում, որը կարող է իրականացվել արյան անալիզների ու վիզուալիզացնող թեստերի միջոցով։
Կանխարգելման և բուժման հիմնական քայլերն ու եղանակներն են՝
- օրվա ընթացքում փոքրիկ չափաբաժիններով կանոնավոր սնվելը՝ նախապատվությունը տալով ջրալի կերակուրներին, ինչպիսիք են ապուրները, մրգահյութերն ու էլեկտրոլիտներով հարուստ ըմպելիքները, սպիտակուցներով, վիտամիններով ու հանքանյութերով հարուստ մթեքներին, որոնք կօգնեն լրացնել օրգանիզմին անհրաժեշտ սննդանյութերը։
- Ջրազրկումից խուսափելը։
- Ուղեկցող հիվանդությունների ու վիճակների բուժումը։
- Որոշ դեղամիջոցների օգտագործումը, ինչպիսիք են կորտիկոստերոիդների փոքր դեղաչափերը և այլ դեղորայք, որը նշանակվում է բժշկի կողմից։
- Սննդանյութերի (վիտամիններ ու հանքանյութեր) ներարկումները։
- Հոգեբանին այցելությունը, հոգեհուզական վիճակի կարգավորումը, քնի կարգավորումը։
- Ընդունվող դեղորայքի դեղաչափերի շտկման կամ փոփոխությունների վերաբերյալ բժշկի հետ խորհրդակցելը։
- Սննդաբանի հետ հանդիպումն ու ճիշտ սննդակարգի մշակումը։
- Ատամնաբույժին այցելությունը։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ
Աղբյուր՝ Cleveland Clinic