Ղրղզստանի մայրաքաղաքում մեկնարկած սամբոյի երիտասարդների եւ պատանիների աշխարհի առաջնությունում, որին մասնակցում է 26 երկիր, Հայաստանի ներկայացուցիչները արդեն մեկ ոսկի եւ մեկ արծաթ են նվաճել։
Գերազանց մրցելույթներ է ունեցել մինչեւ 18 տարեկանների պայքարին մասնակցող 71 կգ քաշային Մհեր Օհանյանը, որը եզրափակիչ գոտեմարտում 3։1 հաշվով վստահորեն պարտության է մատնել ադրբեջանցի Նիյաթ Սուլթանովին եւ Հայաստանի համար նվաճել այս տարիքային խմբի աշխարհի չեմպիոնի կոչումը։ Իսկ մինչ այդ, նա պայքարից դուրս էր թողել ֆրանսիացի, ռուս եւ ղազախ մրցակիցներին։
Պատանիների մրցավեճում արծաթե մեդալ է նվաճել մինչեւ 98 կգ քաշային Արսեն Հայրապետյանը, որը նիդեռլանդցի եւ ղազախ սամբիստների արգելքը հաղթահարելուց հետո վճռական գոտեմարտում տանուլ է տվել։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ