Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ-ՌԴ «վառելիքային հարաբերություններ»․ բենզինի եւ դիզվառելիքի մատակարարման համար ՀՀ-ն վճարել է, չի բացառվում, որ գազի դեպքում որոշակի  բացասական զարգացումներ լինեն

Հոկտեմբեր 08,2023 22:52

Ռուսաստանը հայտարարել է, որ ՀՀ կառավարության խնդրանքին ի պատասխան՝ ՀՀ նավթամթերք է մատակարարել՝ 15 հազար տոննա բենզին եւ 20 հազար տոննա դիզվառելիք։ ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության համաձայն՝ Հայաստանում այս ոլորտում բարդ իրավիճակ է, երկիրը գրեթե սպառել է ընթացիկ տարվա համար հաստատված պաշարը․ «Առջեւում աշուն-ձմեռ շրջանն է։ Ռուսաստանի աջակցությունը շատ ժամանակին եւ օգտակար կլինի»։

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն էլ տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը դիմել է Ռուսաստանին բենզինի եւ դիզվառելիքի մատակարարման քվոտաների ավելացման խնդրանքով․«Երեւանը երբեւէ չի դիմել Մոսկվային դիզվառելիք կամ բենզին անհատույց մատակարարելու խնդրանքով»: Այս ապրանքների նկատմամբ քվոտավորումը կողմերի միջեւ հաստատվել է դեռ 2013 թվականին: Բենզինի եւ դիզվառելիքի դեպքում քվոտաները, ըստ ՏԿԵ նախարարության, 2023-ի հոկտեմբերի սկզբին սպառվել են, ուստի ՀՀ-ն դիմել է քվոտաների ավելացման խնդրանքով․ «Խնդրանքը մասնակի բավարարվել է, ինչի արդյունքում ՀՀ ներմուծողները հնարավորություն են ստացել ՌԴ-ից գնել եւ ՀՀ ներմուծել 15 հազար տոննա բենզին եւ 20 հազար տոննա դիզվառելիք»։

Այսինքն, բենզինի քվոտան ավելացվել է  15 հազար տոննայով, դիզվառելիքինը՝ 20 հազար տոննայով։

ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի վարիչ, տնտեսագետ Արմեն Քթոյանը, մեկնաբանելով այս «վառելիքային հարաբերությունները», հիշեցնում է՝  ԵԱՏՄ-ին անդամակցելու շրջանում փորձ արվեց որոշ ապրանքատեսակների գծով նպաստավոր պայմաններով դրանք առաջադրել երկրներին, որպեսզի անդամակցելու քաղաքական որոշումը որոշ տնտեսական հիմք ունենար, եւ դրանցից մեկը վառելիքի՝ համեմատաբար էժան գներով ձեռք բերելու հնարավորությունն էր՝ որոշակի քվոտայի սահմաններում։

Իսկ քվոտայից դուրս երկիրը կարող է այլ երկրից կամայական ապրանք ձեռք բերել։ «Քվոտայի իմաստն այն էր, որ դա  ձեռք բերվեր շահեկան գներով։ Խնդիրն այն է, որ  նաեւ այդ քվոտայով պայմանավորված ՀՀ-ում վառելիքի հիմնական մատակարարը Ռուսաստանն է, եւ վերջին ամիսներին ՌԴ ներքին շուկայում  լուրջ խնդիրներ կան, վառելիքի դեֆիցիտ էր ի հայտ եկել, եւ որպեսզի այդ  դեֆիցիտը ծածկեր՝ ՌԴ կառավարությունը ժամանակավորապես (ժամկետ չի նշվում) արգելեց վառելիքի արտահանումը՝ որոշ բացառություններով։ Բացառություններից մեկն էլ ԵԱՏՄ շրջանակներում ստանձնած պարտավորություններն են։ Հայաստանը, փաստորեն, սահմանված քվոտայի շրջանակներում արդեն ներմուծել էր ապրանքը։ Օրինակ`  2022 թվականին դիզվառելիքի եւ բենզինի մասով  150-160 հազարական տոննա էր, դրանից ավելի կարող է ներմուծել շուկայական գներով»,-պարզաբանեց Քթոյանը։

ՌԴ-ից բացի այլ շուկա գտնելն այնքան էլ հեշտ չէ, դա, ինչպես տնտեսագետն ասաց, ժամանակատար է, եւ մինչեւ գործընթացը սկսվեր, շուկա գտնեին մեր մատակարարները, պայմանագրեր կնքեին, բերեին, տեղ հասցնեին, մեր շուկայում դեֆիցիտ էր առաջանալու, ինչն էլ լուրջ տնտեսական խնդրի կհանգեցներ․ «Ուստի մեր  կառավարությունը դիմեց քվոտան որոշակի ավելացնելու խնդրանքով։ Դա անհատույց մատակարարում չէ, Հայաստանը ՌԴ-ին վճարում է»։

Այսինքն ՀՀ-ՌԴ «վառելիքային հարաբերություններում» խնդիր չկա՞, եւ ինչո՞ւ ՌԴ-ն ընդառաջեց, մեր այս հարցին ի պատասխան տնտեսագետն ասաց՝ բոլոր հարցերում քաղաքական ասպեկտ կա․ «Հաշվի առնելով, որ վերջին շրջանում հակառուսական տրամադրությունները ՀՀ-ում է՛լ ավելի են սրվել, չի բացառվում, որ ՌԴ կառավարությունը  փորձում է ցույց տալ, որ իրենք ՀՀ-ի, հայ ժողովրդի բարեկամն են։ Մյուս կողմից էլ այստեղ պրագմատիկ քայլ էլ կա․ ԵԱՏՄ ստեղծման տնտեսական հիմքը  հենց այդ վառելիքային հարաբերություններ են։ ՌԴ-ն ունի այդ հաղթաթուղթը, որով կարող է մոտիվացիա ստեղծել մյուս անդամ երկրների համար, որպեսզի իրենք չհամարեն, որ անդամակցությունը ոչինչ չի տալիս։ Եթե քվոտավորման ավելացումը  մերժվեր, գները կբարձրանային, դեֆիցիտ կլիներ, բայց տեղական ներմուծողները կփորձին այլ երկրից բերել նավթամթերք, իսկ  դա նշանակում է, որ ՌԴ-ն կարող էր իր դրսի շուկայի մասնակիցներին կորցներ։ Իսկ  դա Ռուսաստանի հեղինակության հարց է, ինչպես նաեւ շուկայական որոշակի խնդիրներ կարող էր ստեղծել»։

Տնտեսագետն անդրադառնալով վերջին շրջանում բենզինի թանկացմանը (մոտ 50  դրամով), որ ՀՀ-ում վառելիքի գներն ընդհանուր մակարդակի վրա  են վառելիք չունեցող երկրների հետ, կամ այն երկրների, որոնց սուբսիդիաներ չեն տրամադրում։

Քթոյանի խոսքով․ «Կարեւոր է հասկանալ, որ եթե  մենք ցանկանում ենք նվազեցնել վառելիքային կախվածությունը կան տնտեսական բարիքներ, որոնք իրենց իրական գինն ունեն, եւ  եթե պատրաստ ես կախվածությունը թուլացնել, պետք է պատրաստ լինես իրական գինը վճարել բենզինի, դիզվառելիքի եւ գազի։ Չի բացառվում, որ գազի դեպքում որոշակի  բացասական զարգացումներ լինեն։ Ռուսաստանը կարող է ասել՝ ես այսինչ պատճառով ցածր գին էի սահմանել, հիմա եթե այդ պատճառները չեն  գործում, ապա գինը բարձրացնում եմ։ Դա նորմալ է, պետք  չէ համարել, որ դա մեր դեմ քայլ է»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031