Նիկոլ Փաշինյանի սխալների շքերթը շարունակվում է։ Այս մասին այսօր Ֆեյսբուքյան իր էջում ուղիղ հրապարակած տեսանյութի միջոցով հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։
Նրա ներկայացմամբ՝ Փաշինյանը սխալվեց մինչեւ 2020 թվականի պատերազմը, տանուլ տվեց դիվանագիտությունը, մեր գլխին բերեց այդ մեծ արհավիրքը՝ պատերազմը։ Փաշինյանը սխալվեց պատերազմից անմիջապես հետո, ըստ Օսկանյանի, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը մի կողմ դրեց, շեղվեց դրանից, արհամարհեց դրա կոնտեքստը, գնաց տարբեր ուղղություններով եւ դրա ճակատագրական հետեւանքները դեռ շարունակվում են։
Փաշինյանի հաջորդ ճակատագրական սխալը, ինչպես ասաց Օսկանյանը, Պրահայում ընդունած հայտարարությունն էր, որով ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում, ինչի հետեւանքը Լեռնային Ղարաբաղի ամբողջական կորուստն է։
Օսկանյանի գնահատմամբ՝ հոկտեմբերի 5-ին Գրանադայում ընդունված քառակողմ հայտարարությունը եւս Փաշինյանի սխալների շարքից է։
Կարդացեք նաև
«Այդ հայտարարությունում Ղարաբաղի հարցն ընդհանրապես չկա։ Հարցը վերաբերում է ՀՀ տարածքային ամբողջականությանը։ Երբ հարց ես տալիս՝ իսկապե՞ս, մենք Ղարաբաղի հարցից հասանք ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը եւ դա հերոսաբար ներկայացնում ենք, թե գործ ենք արել, հաջողություն ունեցել, որ աշխարհը ճանաչում է մեր տարածքային ամբողջականությունը։ Լո՞ւրջ եք ասում։ Այնտեղ նշված այդ թվերը՝ քառակուսի կիլոմետրերը, դա մեր ժողովրդի համար ոչինչ չի նշանակում։ Փաշինյանը պետք է կանգնի ժողովրդի առաջ ու ասի այդ թվերի մեջ ի՞նչ է մտնում։ Հասկացանք Ղարաբաղը տվեց, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչեց, իսկ անկլավներն այդ թվի մեջ կա՞ն, չկա՞ն։ Քո շրջապատի մարդիկ ասում են՝ չկան, բայց դու քո ասուլիսներից մեկում ասացիր՝ այո, դա էլ ենք տալիս։ Իրո՞ք, դա՞ էլ ես տալիս, դա՞ է քո հասկացած տարածքային ամբողջականությունը, որ ՀՀ քաղաքացին Իրան գնալիս անցնի Ադրբեջանի տարածքով , որ ՀՀ քաղաքացին Վրաստան գնալիս անցնի Ադրբեջանի տարածքով, դա՞ է լինելու մեր տարածքային ամբողջականությունը»,-ասաց Օսկանյանը։
Նրա խոսքով՝ եթե այդ անկլավներն էլ են տրվելու Ադրբեջանին, ապա Փաշինյանը անգամ մի րոպե իր պաշտոնին մնալու իրավունք չունի․ «Դու Ղարաբաղը կորցնելուց հետո իրավունք չունեիր, պատերազմից հետո էլ չուենիր, այդքանից հետո եթե տալիս ես անկլավները, դու արդեն գոյություն չունես, պետք է թողնես գնաս։
Ժողովուրդ, երբ ենք մենք այդպիսի խնդիր ունեցել, երեսուն տարի դուք լս՞ել եք անկլավների մասին։ Ես եղել եմ առաջին ճակատում, մի օր Ադրբեջանի բերանից չեմ լսել անկլավ եւ այլն, կամ տարածքային ամբողջականության հետ կապված խնդիր, չի եղել։ Միայն նման ղեկավարի տգիտության, անմեղսունակությամբ կարող էր այդպիսի իրավիճակ ստեղծվեր, որ այսօր ինչ-որ տեղ ուրախանանք, որ աշխարհը ճանաչում է մեր տարածքային ամբողջականությունը կամ Ադրբեջանն է ճանաչելու, որը հարցական է դեռ»։
Օսկանյանը ընդդիմությանն էլ դիմեց, ասաց․«Երբ դուք հայտարարում եք, թե Փաշինյանին բերել են դրսի ուժերը, դուք դրանով Փաշինյանին արժեւորում եք, մեր ժողովրդին անզոր դարձնում։ Ժողովուրդը մտածում է՝ եթե ձեր ուժերն են բերել, մենք ինչ կարող ենք անել, եթե նրանք են, մենք ոնց հեռացնենք նրան»։
Ըստ Օսկանյանի, Փաշինյանին ժողովուրդն է բերել եւ ժողովուրդն էլ կարող է հեռացնել նրան։
«Հայաստանի ղեկավար լինելը Փաշինյանի հագով չի, նա չունի այդ ունակությունը։ Եթե այսօր Հայաստանի ղեկավարը նորմալ, համարձակ, գործից հասկացող մարդ լիներ, Գրանադայում սեղանի շուրջ նստածների առաջ ձեռքը կխփեր սեղանին , կասեր՝ ես ամեն ինչ կանգնացնում եմ մինչեւ Ադրբեջանը չթողնի գերեվարված մեր բոլոր քաղաքացիներին, մինչեւ ԼՂ ժողովրդին, որը էթնիկ զտման միջոցով, ուժով իրենց տներից հանել են, նրանց վերադարձի հարցը չլուծվի ես ոչ մի բան չեմ անելու։ Նրանց իրավունքները պետք է վերականգնվեն, ներառյալ՝ ինքնորոշման, նրանց ինքնավարության, դա պետք է լինի ՀՀ իշխանության դիրքորոշումը»,-ասաց Օսկանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում