Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Պետրոսյանի նախագահությամբ շարունակվում է Մասիս քաղաքի բնակչուհի Մ․Հ.-ի դատաքննությունը, որն իր մեկ տարեկան որդուն վաճառել է Երեւանում բնակվող ամուսիններին։
Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի, Մ․ Հ․-ն 2019 թ. ապրիլի 23-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում կեսարյան հատման եղանակով ծննդաբերել է տղայի, որի ծննդյան վկայականում որպես հայր նշվել է իրական հոր՝ Հ․Հ-ի տվյալները։
Երեւան քաղաքում բնակվող ամուսինները, մեկ տարի անց՝ 2020 թ.ապրիլին Մասիս քաղաքում հանդիպել են Մ․ Հ․-ին եւ նրա որդուն գնելու նպատակով առաջարկել 500.000 դրամ։
Համաձայնելով առաջարկի հետ՝ Մ․Հ․-ն ամուսինների հետ 2020 թ․ մայիսի 5-ին Մասիսի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնում (ԶԱԳՍ)՝ գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկությունները կեղծ են եւ նախազգուշացված լինելով սուտ տեղեկություններ հայտնելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 1691-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին, Ն․Հ․-ի հետ ունեցած նախնական պայմանավորվածության համաձայն, նախ գրավոր հայտարարությամբ, ապա նաեւ՝ երեխայի հայրության որոշման մասին՝ վերջինիս հետ համատեղ ներկայացրած դիմումում հայտնել է, որ երեխայի հայրը Ն․Հ․-ն է, ոչ թե Հ․Հ․-ն։ Գործող ընթացակարգով՝ Ն․Հ․-ն ճանաչել է երեխայի հայրությունը՝ երեխայի ծննդյան փաստաթղթերում արձանագրվելով որպես երեխայի հայր: Գրանցումից մեկ օր անց ամուսինները Մ․Հ․-ին տալիս են 200.000 դրամ, վերցնում փոքրիկին եւ գնում։
Կարդացեք նաև
2020 թ. հունիսին եւ հուլիսին ամուսինները Մ․Հ․-ին տալիս են 50.000-ական դրամ, այսինքն երեխային իրենց տալու համար, նրա մորը, ընդհանուր առմամբ տվել են 300.000 դրամ։
Երեք մեղադրյալների նկատմամբ՝ երեխայի մոր եւ ամուսինների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
2021թ․ հունվարից մեկնարկած դատաքննության հերթական նիստը նշանակված է նոյեմբերին։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ