Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ ո՞րն է աշխարհաքաղաքական այս վայրիվերումներում հայ ժողովրդի դերը, բացի ցեղասպանվելուց. «Հայացք Երևանից»

Հոկտեմբեր 08,2023 15:08
Hayastan

Այն, ինչ սեպտեմբերի 19-20-ին տեղի ունեցավ Արցախում, անկասկած, ցեղասպանություն էր կամ էթնիկ զտում, որը եւս ցեղասպանական գործողության տարատեսակ է: Նկատենք, որ մինչ այդ Արցախը ավելի քան ինն ամիս խուլ շրջափակման մեջ էր՝ շատ ժամանակ առանց գազի ու էլեկտրաէներգիայի, առանց դեղորայքի, հացի եւ գոյության այլ միջոցների: Հարյուրութ տարի անց դարավոր թշնամու հետնորդները ԼՂՀ-ի 120 հազար բնակչության՝ այդ թվում 30 հազար երեխայի համար ստեղծեցին ապրուստի ու կենսագործունեության անհնարինության պայմաններ, ինչը նույնպես, ըստ միջազգային համապատասխան կոնվենցիայի, ցեղասպանության դրսեւորում է:

1915 թվականի Հայոց ցեղասպանության հետ զուգահեռներ անցկացնելիս կարելի է տեսնել նույն հատկանիշներն ու հանցանշանները, ինչն Արցախում էր՝ մեկուսացում, ջարդ, զինաթափում, խոշտանգումներ, զանգվածային տեղահանություն, հայրենազրկում եւ հայկական հետքերի վերացում՝ ազգի պատմամշակութային, հոգեւոր արժեքների ոչնչացման միջոցով: Հատկանշական է, որ փոքր ազգի հանդեպ եղեռնագործությունը մեծ տերությունների ու ազդեցիկ երկրների համար ոչ այլ ինչ է, քան ցեղասպան պետության նկատմամբ ճնշումներ բանեցնելու լծակ:

Համընկնումների ցանկից բերենք եւս մեկ ուշագրավ դրվագ. ե՛ւ մեկդարյա վաղեմության ցեղասպանության, ե՛ւ մերօրյա արցախյան էթնիկ զտման ժամանակաշրջանները համընկել են մեծ երկրների միջեւ ընթացող պատերազմների ու աշխարհաքաղաքական նշանակության մրցակցության հետ. մի դեպքում համատեքստը Առաջին աշխարհամարտն էր, մյուս դեպքում՝ ռուս-ուկրաինական պատերազմը կամ, խոշոր հաշվով, Երրորդ աշխարհամարտը, որն իրականում Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ է: Ոմանք դա համարում են նաեւ «պրոքսի» պատերազմ ԱՄՆ եւ Չինաստանի միջեւ:

Լավ, իսկ ո՞րն է աշխարհաքաղաքական այս վայրիվերումներում հայ ժողովրդի դերը, բացի ցեղասպանվելուց: 1915-ին հայերը ռուսական ազդեցության կրողներ էին համարվում, իսկ ռուսների համար՝ մանրադրամ ռուս-թուրքական համաձայնության հասնելու գործարքներում: Նույնը Արցախի պարագայում է՝ վերջինս դիտարկվում է մի տարածք, որի շնորհիվ ապահովվում է Ռուսաստանի ներկայությունը Հարավային Կովկասում: Կարծես թե սխեման միշտ մնում է անփոփոխ:

Նյութն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031