Լրահոս
Օրվա լրահոսը

Դասագրքի Ուրարտուի բաժնի միակ քարտեզին նայելով՝ խիստ աղոտ են դառնում ներկայիս Հայաստանի՝ Արարատի թագավորության ժառանգորդ լինելու կռվանները․ Միքայել Բադալյան

Հոկտեմբեր 07,2023 23:51

Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը

Դասագիրք գրելն ու հրատարակելը ոչ թե մեծ, այլ մեծագույն պատասխանատվություն է: Դասագրքում հնարավորինս գիտահանրամատչելի ձևով պետք է տեղ գտնեն ծանրակշիռ փաստեր՝ ամեն-կերպ փորձելով զերծ մնալ անձնական տեսակետներից:

Ուզում եմ անդրադառնալ «Հայոց պատմության» 7-րդ դասարանի Ուրարտուին վերաբերող քարտեզին: Ես խնդրեցի դասագրքի հեղինակ պարոն Սմբատ Հովհաննիսյանին ինձ ուղարկել այդ դասագրքի էլեկտրոնային տարբերակը: Եվ պետք է նշեմ, որ պարոն Հովհաննիսյանը սիրահոժար կերպով ինձ ուղարկեց դասագրքի հղումը: Քանի որ ես Ուրարտուի հնագիտության մասնագետ եմ, ինձ նախ և առաջ հետաքրքրում էր հենց Ուրարտուի բաժինը: Պետք է նշեմ, որ այդ բաժնում տեղ են գտել բազմաթիվ ակնհայտ ոչ ճշգրիտ տեղեկություններ և որոշ վրիպակներ: Քանի որ հրավիրված էի Իննսբրուկի համալսարան Ուրարտուի կրոնի հնագիտության վերաբերյալ դասախոսություն կարդալու և միայն այսօր վաղ առավոտյան եմ վերադարձել Հայաստան, ուստի բավական հոգնած եմ և այդ բոլոր ոչ ճշգրիտ տեղեկություններին կանդրադառնամ մոտակա օրերի ընթացքում:

Կարծում եմ, դա շատ կարևոր կլինի և՛ ուսուցիչների, և՛ աշակերտների համար:
Սակայն չեմ կարող այսօր չանդրադառնալ մի հանգամանքի վրա, որն անմիջապես աչք զարնեց: Դասագրքի 41-րդ էջում ներկայացված է Ուրարտուի քարտեզը, որի տակ բառացիորեն գրված է՝ Վանի թագավորության սահմանները Ք. ա. 743-700 թթ.: Ընդ որում, ինչպես ես հասկացա, սա Ուրարտուի բաժնի միակ քարտեզն է: Ցավոք, բաժնում տեղ չի գտել օրինակ Արարատի թագավորության վերելքը ներկայացնող քարտեզ: Սակայն, ինչն էր տարօրինակ, որ այդ քարտեզում Ուրարտուի մեջ ներառված չէ այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածքը: Սա բավական մտահոգիչ է: Ուրարտուի տարածքը գլխավորապես զբաղեցնում են ներկայիս Թուրքիայի և Նախիջևանի հատվածները: Այս ինչպե՞ս ստացվեց, որ Հայաստանի Հանրապետությունը չկա Ուրարտուի կազմի մեջ:

Ռուսա Սարդուրորդին, որը կառավարել է մոտավորապես Ք. ա. 730-ականների կեսերից մինչև 713 թվականը, նվաճել է ներկայիս Գավառի տարածքը և հիմնել ամրոց, որն անվանել է Խալդիի քաղաք: Այդ է փաստում Գավառի տարածքից գտնված սեպագիր արձանագրությունը: Այստեղ Ռուսան կառավարիչ է նաև կարգել: Նույն Ռուսա Սարդուրորդին Սևանի հարավային ավազանում ներկայիս Ծովինար և Արծվանիստ գյուղերի մոտ կառուցում է նոր քաղաք, որը կոչում է Տարերքի աստծո պատվին: Այժմ կարելի է գնալ և Օձաբերդ հնավայրի քարաժայռերից մեկին տեսնել այդ արձանագրությունը, որտեղ, ի դեպ, պատմվում են Ռուսայի այլ նվաճումների մասին: Այս քարտեզին նայելով՝ կարելի է կարծիք կազմել, որ ներկայիս Հայաստանը նշված ժամանակաշրջանում կապ չի ունեցել Ուրարտուի հետ: Ըստ այդմ, խիստ աղոտ են դառնում ներկայիս Հայաստանի՝ Արարատի թագավորության ժառանգորդ լինելու կռվանները:

Արգիշտի Ռուսայորդին, որը կառավարել է Ք. ա. 8-րդ դարի վերջերին և առնվազն 7-րդ դարի սկզբներին, նույնիսկ հասնում է Սյունիք՝ առնվազն Սիսիանի տարածաշրջան, որտեղ թողնում է երկկողմ արձանագրություն: Ընդ որում, այդ խիստ հետաքրքիր արձանագրության մեջ նաև նշվում է Ծուլուկու երկիրը, որ Սյունիքի Ծղուկ գավառն է: Դե, Ռուսա Արգիշթորդին Ք. ա. 7-րդ դարի կեսերին Արարատյան դաշտի սրտում՝ ուրարտական սեպագիր արձանագրությունների Վազա երկրում կառուցում է հռչակավոր Թեյշեբաինի քաղաքը, որն համարվում է ամենաշատ նյութ տված ուրարտական հուշարձաններից մեկը:

Եթե այս քարտեզը ընկնի մեր ոչ բարեկամների ձեռքը, ասելու են, ահա ձեր դասագիրքը, որտեղ մատնանշված է, որ դուք կապ չունեք Ուրարտուի հետ: Պարոն Հովհաննիսյանի հետ մեր ֆեյսբուքյան հաղորդագրության ընթացքում նա նշեց, որ խնդիր կար Ուրարտուի հստակ քարտեզների առումով: Սակայն, պետք է նշեմ, որքան էլ Ուրարտուի քարտեզների սահմանների տարբեր աշխատություններում կարող են իրար չհամընկնել, միևնույն է, մասնագիտական գրականության մեջ Հայաստանի Հանրապետության տարածքի առնվազն մի հատվածը անպայմանորեն ընգրկված է այնտեղ: Պարոն Հովհաննիսյանը նշեց նաև, որ փորձ է արել ցույց տալ Էթիունիի ինքնիշխանությունը: Շատ լավ, Էթիունին այդ ժամանակ բավական հզոր ուժ էր: Բայց Էթիունիի տարածքների առնվազն մի հատվածը Ք. ա. 743-700 թվականներին մտել է ուրարտական տերության կազմի մեջ: Ավելին, և Ուրարտուի, և Էթիունիի ժառանգներն ենք:

Գրածս չունի որևէ անձնական միտում: Ես ամենայն հարգանքով եմ վերաբերվում պարոն Հովհաննիսյանին և ուզում եմ ամեն կերպ հավատալ, որ այստեղ քննարկվող քարտեզը դասագրքում տեղ է գտել ոչ միտումնավոր կերպով:
Ի դեպ, այս դասագրքի համար Էրեբունի թանգարանից ուզել էին նկարներ: Ես ինքս դիմեցի Միասնական դպրոցի ղեկավար պարոն Վահրամ Սողոմոնյանին՝ նշելով, որ եթե ուղարկում ենք նկարները, ապա մենք կարող ենք նաև մասնագիտական աջակցություն ցուցաբերել: Սակայն մեզ պատասխանեցին, որ ժամանակը չի հերիքում և մեզնից անհրաժեշտ են միայն Ուրարտուի վերաբերյալ նկարներ:

Ուրարտուի ժառանգները, Էթիունիի ժառանգները մենք ենք՝ հայերս: Դա մեծ պատիվ է և պատասխանատվություն: Ուրարտուն պետք է բրենդ դառնա Հայաստանի համար: Տեր լինենք Ուրարտուին…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031