Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը Կառավարության «Հումանիտար կենտրոնից» ներկայացրել են այն գործընթացները, որ Հայաստանի կառավարությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար կարիքները հոգալու համար:
Նազելի Բաղդասարյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տեղաբաշխումն՝ ըստ մարզերի: Ըստ այդմ՝ Արագածոտնում՝ 4119, Արարատում՝ 19054, Արմավիրում՝ 8149, Գեղարքունիքում՝ 4939, Լոռիում՝ 4695, Կոտայքում՝ 22350, Շիրակում՝ 3529, Սյունիքում՝ 5436, Վայոց Ձորում՝ 2310, Տավուշում՝ 3195: Ընդհանուր թիվը կազմում է 77 776: Շուրջ 58000 անձի կեցության հարցին պետությունն աջակցել է:
Վարչապետի մամուլի քարտուղարը նշել է, որ հաջորդ շաբաթ արդեն Կառավարությունը որոշում կկայացնի բռնի տեղահանված յուրաքանչյուր անձի 40 000 դրամ բնակարանի վարձակալության և 10 000 դրամ կոմունալ ծախսերի համար նախատեսված գումարների փոխանցման գործընթացի վերաբերյալ:
Ըստ Նազելի Բաղդասարյանի ներկայացրած տվյալների՝ այս պահին առողջապահական հաստատություններում գտնվում է 300 բուժառու, 112 վիճակը ծանր է, ծայրահեղ ծանր վիճակում է 11 անձ: Վերակենդանացման բաժանմունքում շարունակում է մնալ 5 երեխա: Առողջապահության նախարարության 8003 թեժ գծով ստացվել է 910 զանգ, տրվել է խորհրդատվություն: Առավել քան 13 900 անձ կցագրվել է առողջապահության առաջնային օղակներին:
Կարդացեք նաև
Վարչապետի մամուլի քարտուղարը հիշեցրել է, որ 100 000 դրամ միանվագ աջակցությունն անչափահաս երեխաներին տրամադրելու համար, անհրաժեշտ է, որպեսզի ծնողը կամ խնամակալը մուտք գործի Միասնական սոցիալական ծառայության առցանց դիմումների համակարգ՝ www.dimum.ssa.am կայք, և լրացնի երեխայի տվյալները:
Զբաղվածության հարցը լուծելու համար անհրաժեշտ է այցելել www.workforall.am կայք, որտեղ տեղադրված են թափուր հաստիքները:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրել է, որ 75 000 սննդի փաթեթ է բաժանվել սահմանը հատելուց հետո՝ առաջին 3-4 օրվա ընթացքում:
Վահան Քերոբյանը նշել է, որ հոկտեմբերի 9-ին, ժամը 16:00-ին Էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունենալու հանդիպում Էկոնոմիկայի նախարարության թիմի և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված գործարարների միջև: 40-ից ավելի գործարար արդեն գրանցված է: Գրանցումը շարունակվում է, բոլոր ցանկացողները կարող են մասնակցել հանդիպմանը:
Նազելի Բաղդասարյանը նշել է, որ այն անձինք, ովքեր ունեն բանկային քարտ, սակայն այն հասանելի չէ, ապա 100 000 դրամ միանվագ աջակցությունն ստանալու համար պետք է մոտենան բանկ և կանխիկացնեն այդ գումարը: Մյուս տարբերակն այն է, որպեսզի բացվի նոր քարտային հաշիվ և այդ հաշվեհամարը ներկայացվի Միասնական սոցիալական ծառայություն: Այն անձինք, ովքեր 75-ից բարձր տարիքային խմբում են կամ ունեն առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն, կարող են այդ գումարը ստանալ Հայփոստից:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ