«Ինձ դժվար է մտնել կապիտուլյանտի ուղեղի մեջ ու ասել, թե ինչ կորոշի։ Իսկ որոշողը միայն ինքն է»,- «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների դիտարկմանը՝ նկատեցիք, որ Արմեն Աշոտյանը ևս Արցախի հարցով է գտնվում անազատության մեջ և հարցրին՝ հիմա, որ Արցախը հանձնված է, ակնկալիքներ կա՞ն, որ Արմեն Աշոտյանին կազատեն, այսպես պատասխանեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Նա նշեց․ «Թե երբ կորոշի կապիտուլյանտը թողնել, ոնց կզարթնի, ինչ կխմի, ինչ կինո կնայի, չեմ կարող ասել, բայց միանշանակ իր անձնական ցուցումով է կալանավորված Արմեն Աշոտյանը»։
Արմեն Աշոտյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանն էլ ասաց, որ իրավական հարթության մեջ ներկայացնելու են իրենց փաստարկները, որոնք հանրության աչքի առաջ են լինելու․ «Ակնկալելու ենք, որ դատարանը կայացնելու է Արմեն Աշոտյանին ազատ արձակելու որոշում՝ թեկուզ այլընտրանքային խափանման մեկ կամ մի քանի միջոցների համակցությամբ։ Մենք դատարանում իրավական գործիքակազմն օգտագործելու ենք»։
Ռուբեն Մելիքյանը հայտնեց, որ երեկ է տեսակցել Արմեն Աշոտյանին․ «Ուղերձը դատական նիստին կասի Արմեն Աշոտյանը։ Բնական է, որ մեր հոգեվիճակը, մեր ապրումները նաև բազմապատկված նրանով, որ նա անազատության մեջ է, այդ ամենը Արմեն Աշոտյանը զգում է։ Ծանր օրեր ենք ապրում, դա վերաբերում է բոլոր նրանց, որոնք այս ազգային շարժմանը՝ Արցախի հետ կապված լումա են ունեցել»։
Կարդացեք նաև
Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ