«Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր, Պետախ Տիկվա քաղաքի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանի ֆեյսբուքյան գրառումը
Իսրայելյան բանակի հետախուզության ու հետախուզական բոլոր ծառայությունների կատարյալ ձախողում ու բանակի անգործություն, ահա այսպես կարելի է այսօր բնութագրել Իսրայելում կատարվածը: Ունենալով հետախուզական արբանյակներ, գերժամանակակից հակաօդային պաշտպանություն, բաժանարար պատ հագեցած տեղաշարժման, տեսաձայնագրման ժամանակակից սարքավորումներով ու ԱԹՍ-ներով, տեղի ունեցավ լուրջ ներթափանցում Իսրայելի տարածք ոչ թե ստորգետնյա թունելներով, այլև պարապլաններով վայրեջք կատարելով իսրայելյան բնակավայրերում, որտեղ իրենց արդեն մեքենաներ էին սպասում:
Ամենահամեստ տվյալներով առնվազն 22 զոհի մասին են խոսում իսրայելյան հեռուստաալիքները: Համասի գրոհայինները, ներթափանցելով բնակավայրեր, ուղղակի փողոցներում գնդակահարում են հասարակ մարդկանց՝ հիշեցնելով Բուչայի տեսարանները:
Հայերի շրջանում տուժածներ այս պահին չկան: Մեզանում միայն կարևոր են մարդկային կյանքերը, գույքի ու մնացած նյութական արժեքների մասին մեր մոտ չեն խոսում: