Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Արմեն Աշոտյանի կալանքի վերաբերյալ գանգատ կուղարկեմ ՄԻԵԴ մոտակա տասն օրվա ընթացքում»․ Տիգրան Աթանեսյան

Հոկտեմբեր 07,2023 14:33

«Արմեն Աշոտյանի մասով արդեն մեկ գանգատ ներկայացրել եմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։ Խոսքը նոյեմբերի 16-ից ՀՀ-ից նրա ելքն ապօրինի սահմանափակելու մասին է։ Կալանքի վերաբերյալ գանգատ մոտակա տասն օրվա ընթացքում կուղարկեմ»,-«Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Տիգրան Աթանեսյանն ասաց, որ այս քաղաքական հետապնդումներով 4-5 անգամ խնդրել է ՄԻԵԴ-ին կիրառել միջանկյալ միջոց, արգելել կալանքը կամ պարտավորեցնել պետությանը կալանքից ազատ արձակել անձին, բայց ամեն անգամ ստացել է աշխատողի գրություն, թե դա արվում է միայն արտահանձնման կամ մահապատժի դեպքում․ «Մինչդեռ միջանկյալ միջոցի սահմանափակում չկա։ Կա ընդհանուր պրակտիկա, թե որ գործերով է ավելի շատ կիրառվում միջանկյալ միջոց։ Բա Ալեքսեյ Նավալնի՞ն։ Կալանավորումից երկու օր հետո քիչ էր մնում ՄԻԵԴ նախագահն ինքը գնար, Կրեմլի դիմաց ներկայացներ այդ որոշումը։ Ի՞նչ է՝ Նավալնիին արտահանձնո՞ւմ էին, թե՝ մահապատժի ենթարկում։ Թշնամություն ունեն ՌԴ-ի հետ, այդպես են անում, ՀՀ-ի հետ լավ են, տասնյակ տարիներ գործերը կմնան և ընթացք չեն ստանան»։

Արմեն Աշոտյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը նկատեց՝ ճիշտ է, Արմեն Աշոտյանը չորս ամիս է` կալանավորված է, բայց դրանից առաջ լրջորեն սահմանափակվել է նրա ազատ տեղաշարժի իրավունքը․ «Իսկ դա հետապնդում է։ Նպատակը պարզ է․ հնարավորություն չտալ Արմեն Աշոտյանին իր կապերով, փորձով, գիտելիքով օգուտ բերել ոչ այնքան ընդդիմադիր շարժմանը, այլ հենց պետությանը։ Բոլորս էլ վստահ ենք, որ ազատության մեջ հայտնվելով՝ Արմեն Աշոտյանը կարող է այս աղետալի վիճակում օգուտ տալ իր փորձով, գիտելիքներով։ Նա ամբողջությամբ տիրապետում է իրավիճակին»։

Տիգրան Աթանեսյանի կարծիքով՝ առհասարակ միջազգային իրավունքը թույլ պետությունների համար է․ «Ցանկացած իրավունք, եթե չունի հարկադրանքի ուժ, այն իրավունք չէ․ չի գործում։ Հզոր պետությունները երկրորդ աշխարհամարտից հետո պայմանավորվեցին աշխարհակարգի մասին։ Փոխվել է աշխարհը, բայց մնացին հին գրածները, որոնք կապ չունեն այսօրվա աշխարհի հետ։ Միջազգային կառույցները երեսպաշտ են, կոռումպացված և ունեն իրենց քաղաքական նպատակները։ Քաղաքականացված է նաև ՄԻԵԴ-ը․ ոչ թե այն կոպիտ ձևով, ինչ ՀՀ-ում է արվում, այլ գեղեցիկ ձևով։ Պետք չէ հավատալ միջազգային կառույցներին։ Իրենց աչքի առաջ կա քաղաքական բանտարկյալ․ ո՞ւր են նրանք։ Ակնհայտ է, որ հակառուսական քաղաքականության մեջ կապիտուլյանտը գտել է իր դերը և ստացել է քարտ բլանշ՝ ինչ ուզի, ոնց ուզի, անի։ Իշխանություններն ունեն քարտ բլանշ հալածելու իրենց ընդդիմախոսներին և դրանից օգտվում են։ Վերջին երկու տարում ամբողջական հսկողության տակ է դատական համակարգը։ Սերժ Սարգսյանի օրոք ունեցանք մի բան, որն այս տարածաշրջանում 5000 տարվա մեջ չի եղել։ Ունեցանք դատավորներ, որոնք չէին ենթարկվում դատախազությանը։ Անկախ դատական համակարգ ՀՀ-ում անհնար է ստեղծել, բայց ունենալ դատավորներ, որոնք ունեն սեփական կարծիքը, դա եղավ Սերժ Սարգսյանի օրոք։ Դա չի եղել Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, զրոյական էր Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Այս իշխանության օրոք դա սպանվել է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031