Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՄՍ նախարարությունը չի բավարարել անկախ փորձագետի՝ 7-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագիրքը խոտանման ենթարկելու դիմումը

Հոկտեմբեր 07,2023 14:23

ՀՀ ԿԳՄՍ նախարար տիկին Ժաննա Անդրեասյանին

Դիմում

Հարգելի՛ տիկին Անդրեասյան,

Նոր ՀՊՉ-ով գրված և ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված` հանրակրթական դպրոցի 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի այս պահին միակ դասագիրքը (հեղինակ՝ պ. գ. թ., դոցենտ Սմբատ Խ. Հովհաննիսյան) ենթակա է խոտանման։ Նոր դասագիրքը ունի լրջագույն բովանդակային բացթողումներ.

● Դասագրքի հեղինակը Հայկական լեռնաշխարհից սկիզբ առնող խոշոր գետերի աշխարհագրությունը հստակ չի ներկայացնում` բավարարվում է միայն գետերի անունները թվելով։

● Դասագրքում որևէ հիշատակություն չկա Վանա լճի 4 նշանավոր կղզիների վերաբերյալ։

● Հեղինակն Անանիա Շիրակացու «Աշխաերհացույց» աշխատությունը որպես սկզբնաղբյուր չի հիշատակում, երբ թվարկում է Մեծ Հայքի 15 նահանգները կամ գավառները։ Ավելին, գրքում զետեղված չէ Մեծ Հայքը կամ Հայաստանը ըստ «Աշխաերհացույց»-ի քարտեզը։

● Հեղինակը հայ ժողովրդի ծագումնաբանության հարցին անդրադարձ է կատարել ընդամենը մի քանի տողով` չգիտես ինչո՞ւ կարևորելով հայ ժողովրդի ծագումնաբանության վերաբերյալ առկա տեսություններից Բալկանյանը և որոշակի լղոզված պատկերացում է տալիս բուն հայկական տեսության վերաբերյալ, որը հեղինակը անվանում է «տեղական» և նույնիսկ չի նշում, որ խոսքը «Հայկ և Բել» առասպելի մասին է։ Հայ ժողովրդի ծագումնաբանության վերաբերյալ մնացած բոլոր վարկածները (արաբական, վրացական, հին եբրայական և հունական) հեղինակը չի նկարագրում։
Բանն այն է, որ հայ ժողովրդի ծագումնաբանության վերաբերյալ Բալկանյան տեսաությունը կամ վարկածը ընդհանրապես չի ընդունվում հայագիտության տեսակետից, ավելին այս թեզը պաշտպանում են թուրք պատմաբանները, քանի-որ այդ տեսությունը «հիմնավորում» է հայ ժողովրդի եկվոր ոչ բնիկ ժողովուրդ լինելը իր հայրենիքում։ Ցավոք սրտի, այսօր աշխարհում հայ ժողովրդի ծագումնաբանության վերաբերյալ առավել հայտնի վարկածը դա Բալկանյան տեսությունն է։

● Ուրարտական պետության ամենահզոր գահակալներից երկուսի՝ Մենուայի և Արգիշտի 1-ի քաղաքական, ռազմական և տնտեսական գործունեությանը հեղինակը անդրադառնում է շատ հակիրճ ու ոչ առարկայական։
Օրինակ` հստակ չի նշվում Մենուայի և Արգիշտի 1-ինի արշավանքների ուղղությունները գրաված տարածքները, հեղինակը չի նշում անգամ 72 կմ երկարություն ունեցող Մենուայի ջրանցքի երկարությունը, ինչպես նաև Մենուախինիլի քաղաքի կառուցումը։ Որևէ խոսքը չկա Արգիշտի 1-ինի կողմից Արգիշտիխինիլի (Արմավիր) քաղաքի կառուցման մասին։
Գրքում նշված չէ նաև Ռուսա 1-ինի կողմից Թեյշեբաինի (ներկայիս Կարմիր բլուրը Երևանի տարածքում) քաղաքի հիմնադրման և վերջինիս ջրանցքաշինությամբ զբաղվելու փաստերը։
Ուրարտական պետության սահմանների վերաբերյալ դասագրքի քարտեզը հստակ պատկերացում չի տալիս, անգամ քարտեզի վրա նշված չեն երկրի խոշորագույն քաղաքները և բերդերը։

● Տիգրան 2-րդի և Արտավազդ 2-րդի կառավարման շրջանը ևս չի փայլում մանրամասն նկարագրով։

● Իսկ Արտաշես 2-րդից հետո մյուս արքաների գործունեության վերաբերյալ գրեթե որևէ լուրջ պատերացում չի տալիս դասագիրքը։

● Ծոփքի և Կոմմագենեի, ինչպես նաև Փոքր Հայքի թագավորությունների վերաբերյալ դասագրքում առկա նյութերը անչափ աղքատիկ են։

● Հայկական դրամագիտության պատմություն վերաբերյալ դասագիրքը որևէ լուրջ գիտելիք և պատկերացում չի տալիս։

● 1-66 թվականները ընդգրկող ժամանակաշրջանի պատմական իրադարձությունները հեղինակի կողմից խորքային փաստագրական նկարագրի չեն արժանացել։

● Հայաստանում Քրիստոնեության տարածման և ընդունման վերաբերյալ դասագրքում առկա նյութերը աղքատիկ են։

● Եկեղեցի-պետություն հարաբերությունների վերաբերյալ դասագիրքը խորքային պատկերացում չի տալիս։

● Պապ թագավորից հետո մյուս գահակալների գործողության վերաբերյալ դասագիրքը որևէ էական տեղեկություն չի հաղորդում։

● Արշակունյաց թագավորության վերացման բուն պատճառները խորքային շարադրանքի չեն արժանացել հեղինակի կողմից։

● 450-451 թթ., 481-484 թթ., և 571-572 թթ. հակապարսկական ապստամբությունների համակողմանի ներկայացումը հեղինակի կողմից չի կարևորվել։

● 484 թվականի Նվարսակի հայ-պարսկական և 652 թվականի Դամասկոսի հայ-արաբական պայմանագրերի պատմական նշանակությունը այնքան էլ լավ ներկայացված չէ դասագրքում։

● Հեղինակը կարևոր չի համարել նկարագրել Թեոդորոս Ռշտունու ռազմական և դիվանագիտական գործունեությունը, վերջինիս ջանքերը Մեծ Հայքի վերամիավորման համար։

● Հակաարաբական ապստամբությունները խորքային նկարագիր չեն ստացել դասագրքում։

● Հայաստանում ձևավորված արաբական ամիրայություններին կամ էմիրություններին հեղինակը գրեթե անդրադարձ չի կատարել։

● Ենթակա թագավորությունների ձևավորման պատճառահետևանքային կապերը գրեթե արտացոլված չեն դասագրքում։

● Այս դասագիրքը միջառարկայական կապ չի ստեղծում մյուս հումանիտար բլոկի առարկաների հետ` հատկապես գրականության, հասարակագիտության և համաշխարհային պատմության հետ։

ԱՄՓՈՓՈՒՄ

Հարգելի՛ տիկին նախարար, ԿԳՄՍ նախարարությունը 2020 թվականին մեզ բոլորիս հավաստիացնում էր, որ «Հայոց եկեղեցու պատմության» առարկան անպայման կինտեգրվի «Հայոց պատմության» առարկայի մեջ։ Բայց հստակ ուսումնասիրելով հիշյալ դասագիրքը՝ կարող եմ ասել, որ այդ «ինտեգրված» բաղադրիչը բացակայում է։ Ինչո՞ւ։

Տիկին Անդրեասյան, դասագիրքը ավելի հաջողված կլիներ, եթե այն գրվեր ոչ թե մեկ հեղինակի այլ մի քանի հեղինակների կողմից։ Ավելին, ես և կրթության ոլորտի բազմաթիվ մասնագետներ կարծում ենք, որ այս դասագիրքը չի արտացոլում այն ռազմավարական հիմնախնդիրները, որոնք ծառացած են մեր երկրի կրթական համակարգի առջև։

Տիկին Անդրեասյան, հաշվի առնելով դասագրքում առկա բովանդակային բացթողումները՝ խնդրում եմ խոտանման ենթարկել ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված` հանրակրթական դպրոցի 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» (հեղինակ՝ պ. գ. թ., դոցենտ Սմբատ Խ. Հովհաննիսյան) առարկայի դասագիրքը։

Վանո ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Պատմաբան, կրթության հարցերով անկախ փորձագետ

Դիմումի պատասխանը

N 02/09.2/26630-2023
Քաղաքացի՝ ՎԱՆՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ

Ի պատասխան Ձեր 2023թ. սեպտեմբերի 19-ին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի
և սպորտի նախարարությանը հասցեագրած դիմումի

Հարգելի՛ պարոն Կարապետյան
Տեղեկացնում եմ, որ «Հանրակրթական պետական նոր չափորոշչի» ներդրմամբ պայմանավորված դասագրքերի ստեղծման և փորձաքննության գործընթացը ՀՀ ում կազմակերպվել է առաջին անգամ, որն իրականացվել է համաձայն՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի 2022թ. հունիսի 9-ի N 20-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական առարկաների դասագրքերի և ուսումնաօժանդակ գրականության ստեղծման, հրատարակման և հանրակրթության պետական չափորոշչին դրանց համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգի» պահանջների:

Սահմանված կարգով իրականացված փորձաքննության արդյունքում պարզ է դարձել, որ Ձեր կողմից նշված դասագիրքը գիտականորեն և բովանդակային առումով հաղթահարելով սահմանված շեմը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի օգոստոսի 3-ի N 1342- Ա/2 հրամանով երաշխավորվել է գործածության:

Կարևորելով գործընթացի թափանցիկության, օբյեկտիվության և վստահելիության ապահովումը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կարևորում է բոլոր դիտողությունները և առաջարկությունները հետագայում, ըստ անհրաժեշտության, փոփոխություններ կատարելու նպատակով:

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ ԱՐԱՔՍԻԱ ՍՎԱՋՅԱՆ

Վանո Կարապետյանի ամփոփումը

ԿԳՄՍ նախարարության պաշտոնական պատասխանը ինձ չի բավարարում։

Պետական միջոցները վատնելու և անորակ դասագրքեր դպրոցներ ուղարկելու միակ պատասխանատուն ԿԳՄՍ նախարարությունն է։

Ես շարունակելու եմ իմ պայքարը դասագիրքը ամբողջովին խոտանման ենթարկելու և այն կրթական ծրագրից հանելու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031